Կենտրոնի թաղապետի «ֆանտաստիկ» հարցազրույցը

Կենտրոնի թաղապետի «ֆանտաստիկ» հարցազրույցը

Երեւանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Ավետ Պողոսյանին դեռ օգոստոսի 25-ին մի քանի հարց էինք ուղղել՝ կապված նրա աշխատանքային գործունեության, նաեւ քաղաքապետ Հայկ Մարությանի հետ ունեցած հարաբերությունների եւ առաջիկայում իր՝ թաղապետի պաշտոնից ազատվելու լուրերի հետ։ Պողոսյանը, որ բանավոր կերպով կտրականապես հրաժարվում է պատասխանել լրագրողների հարցերին, մեր գրավոր հարցերին պատասխանեց օրենքով սահմանված հնգօրյա ժամկետից 10 օր ուշացումով, այսինքն՝ խախտումով։ Ներկայացնում ենք նրան ուղղված մեր հարցերն ու Պողոսյանի անունից ստացված գրավոր պատասխանները, որոնց մեզ հայտնի չէ, թե ով է պատասխանել։ Նկատենք, որ մեր բոլոր հարցերին թաղապետ Պողոսյանը գրեթե նույն պատասխաններն է տվել, որ դրանք իրենց լիազորություններից դուրս են։ Մյուս հարցերին էլ տվել է շատ հակիրճ ու ոչինչ չասող, անգամ զավեշտալի պատասխաններ։ Հիրավի «ֆանտաստիկ» հարցազրույց է ստացվել։

- Պարոն Պողոսյան, ինչպե՞ս եք պատրաստվում լուծել մայրաքաղաքի կենտրոնում ավտոկայանատեղիների խնդիրը։

- Տվյալ հարցի լուծումը գտնվում է Կենտրոն վարչական շրջանի լիազորություններից դուրս։

- Շատ սրճարանատերեր դժգոհում են, որ թաղապետարանը թույլտվություն չի տրամադրում մայթերին սեղաններ տեղադրելու համար, ու ամեն անգամ իրենց դիմումներն առկախվում են ու մնում անպատասխան կամ ուղղորդվում են քաղաքապետարան։ Ի՞նչ խնդիր կա այս հարցում։

- Կենտրոն վարչական շրջանը չունի լիազորություն՝ մայթերին տեղադրվող սեղանների թույլտվություն տրամադրելու կամ չտրամադրելու համար:

- Ի՞նչ փուլում է գտնվում Օպերային հարակից տարածքի սրճարանների հետ դատական վեճը, ե՞րբ եք պատրաստվում վերջնական լուծել այդ տարածքում գտնվող սրճարանների խնդիրը։

- Դատական վեճը գտնվում է բողոքարկման փուլում:

- Ի՞նչ եք կարծում, ճի՞շտ էին նախորդ թաղապետի ու քաղաքապետի կողմից Օպերայի եւ Օղակաձեւ զբոսայգու սրճարանների ապամոնտաժման գաղափարն ու դրանցից միայն երկուսի ապամոնտաժումը՝ ստեղծելով անհավասար իրավիճակ։

- Քաղաքապետի գաղափարը ճիշտ էր, անհավասար իրավիճակ չի ստեղծվել:

- Ինչպիսի՞ն են Ձեր հարաբերությունները Երեւանի քաղաքապետի հետ, տեղեկություն կա, որ լարված են, փոխադարձ դժգոհություն կա։

- Անհեթեթ հարցերի չեմ պատասխանում:

- Հնարավո՞ր է՝ առաջիկայում ազատվեք պաշտոնից, ասում են՝ Հայկ Մարությանը որոշել է ազատվել Ձեզնից եւ քաղաքում գրանցված ձախողումները կոտրել Ձեր գլխին։

- Անհեթեթ հարցերի չեմ պատասխանում:

- Պարոն Պողոսյան, կարո՞ղ եք հիմնավոր բացատրություն տալ, թե ինչու եք լրագրողների հարցերին միայն գրավոր պատասխանում՝ բարդացնելով մեր աշխատանքը։ Գուցե դա Ձեր վերադասի՞ պահանջն է։

- Լրագրողների հետ գտնվում ենք լավ, գործընկերային հարաբերությունների մեջ: