Դրանք ընդհանրապես գլուխ չունեն…

Դրանք ընդհանրապես գլուխ չունեն…

Թե՛ այն մարդիկ, ովքեր միջազգային իրադարձություններին հետեւելու սովորություն ունեն, եւ թե՛ նրանք, ում համար հայաստանյան հեռուստաալիքների ու կայքերի կիսատ-պռատ լուրերն են տեղեկատվության աղբյուր, վերջին օրերին լսել են լեհ-բելառուսական սահմանին ծագած ճգնաժամի մասին, որի համար ԵՄ-ն եւ ԱՄՆ-ն պատրաստվում են հաջորդ շաբաթ Ալեքսանդր Լուկաշենկոյի վարչակազմի դեմ նոր պատժամիջոցներ սահմանել, Լուկաշենկոն էլ սպառնում է Բելառուսի տարածքով անցնող գազատարն անջատելով՝ Արեւելյան Եվրոպան սառնամանիքի մատնել:

Նույնիսկ ավելին` եթե Լիտվայի եւ Լեհաստանի «սրիկա» ղեկավարները, որ «ընդհանրապես գլուխ չունեն» (որակումները Լուկաշենկոյի հրապարակային ելույթից են), շարունակեն իրավիճակը սրել եւ զորքերով սահման փակել, ապա Բելառուսն էլ իր հերթին մերձբալթյան երկրների հետ Բելառուսի սահմանը կփակի` վերջիններիս զրկելով Լեհաստանի եւ Գերմանիայի հետ հաղորդակցությունից, առհասարակ: 

Տեսնենք՝ մյուս շաբաթ ով ինչ կանի, իրադրությունը կլիցքաթափվի՞, թե՞ ավելի կսրվի: Ներկա պահին լեհ-բելառուսական սահմանի երկու կողմում էլ արդեն զորքեր են կուտակել, ըստ վերջին լուրերի` անգամ միջուկային մարտագլխիկներ կրելու ունակ հրթիռային համակարգեր են սահմանին մոտեցրել: Իհարկե, առանձնապես հավանականություն չկա, թե գործը հրթիռակոծումների ու մարտագլխիկների կիրառման կհասնի, բայց որ այս սահմանային դիմակայությամբ Արեւմուտք-Ռուսաստան հարաբերությունները լարվածության ու սառցակալման նոր բարձրակետի կհասնեն` երաշխավորված է:

Այդուհանդերձ, նախ փորձենք հասկանալ, թե ինչպես է լեհ-բելառուսական սահմանին ներկա հումանիտար ճգնաժամը ստեղծվել, որքանով որ առկա հակասական տեղեկություններն են թույլ տալիս դա հասկանալ: Այս ողջ պատմության ամենահետաքրքիր կետն այն է, որ Բելառուսի անտառներում սառչող եւ Լեհաստան անցնել փորձող անձանցից համարյա ոչ մեկն էլ բելառուս չէ, ոչ էլ Բելառուսի հետ առնչություն ունի: Նրանք, ինչպես միջազգային լրատվամիջոցներն են հաղորդում, մեծ մասամբ Մերձավոր Արեւելքից` Իրաքից, Սիրիայից, Լիբանանից, նաեւ Միջին Արեւելքից ինքնաթիռներով Մինսկ ժամանած, այդտեղից էլ լեհ-բելառուսական սահմանի մոտ հասած եւ անտերունչ թողնված անձինք են, ովքեր ջանում են Լեհաստանի սահմանը հատելով` այնուհետ «ավետյաց երկիր»` Գերմանիա հասնել: 

Ինչ-խոսք, ինքնաթիռով ճանապարհորդող «փախստականներ» մարդկությունն այնքան էլ հաճախ չի տեսել, դա փոքր-ինչ էկզոտիկ ու անհամոզիչ պատկեր է: Համոզչականությունն էլ ավելի է կորչում, երբ փախստականներից մեկը հայտնում է, որ 2 հազար դոլար է վճարել, որպեսզի իրեն փշալարի բելառուսական կողմից մաքսանենգ կերպով Լեհաստան անցկացնեն։ Մի ուրիշ փախստական ասում է, թե 8 հազար դոլար է ծախսել, մինչեւ հասնի Մինսկ, Բելառուսի սահման ու անցնի Լեհաստան եւ այլն:

Երեկ էլ Մոսկվայում Իրաքի դեսպանատունը հայտարարեց, թե պատրաստ է կազմակերպել լեհ-բելառուսական սահմանին հայտնված իրաքցիների վերադարձը հայրենիք` Իրաք:  Երեկ նաեւ հայտնի դարձավ, որ ԵՄ-ն ճնշում գործադրելով՝ հասել է Ստամբուլ-ՄԻնսկ թռիչքների դադարեցման։ Միով բանիվ, Արեւմուտքի այն գնահատականը, որ ոչ թե փախստականների, այլ կազմակերպված մարդկային թրաֆիքինգի արդյունք է լեհ-բելառուսական սահմանի ճգնաժամը, հաստատվում է ամեն քայլափոխի: 

Այժմ այս մարդկային թրաֆիքինգի համար ԵՄ-ն, ՆԱՏՕ-ն եւ ԱՄՆ-ն մեղադրում են Բելառուսի նախագահ Լուկաշենկոյին, բայց նրանից էլ ավելի՝ ՌԴ նախագահ Պուտինին, քանի որ կարծում են՝ թրաֆիքինգի ողջ շղթան Մոսկվայի դիրիժորությամբ է ղեկավարվում: Բրյուսելում՝ որքանով ճիշտ, որքանով սխալ, կարծում են, որ Պուտին-Լուկաշենկո զույգի նպատակը մերձբալթյան երկրներում եւ Լեհաստանում իրադրությունն ապակայունացնելը եւ ճգնաժամի մեջ գլորելն է, ինչը վերջնահաշվում ամբողջ Եվրոպական Միության համար բարդություններ կստեղծի: Կարճ` Պուտինի քայլերում տեսնում են այն, ինչ միշտ են տեսել` վնասարարություն: 

Լուկաշենկոն էլ իր հերթին աշխարհին մատնացույց է անում լեհերի վայրագ ու անմարդկային պահվածքը սահմանին եւ որպես իր դեմ գործադրված պատժամիջոցների վրեժ՝ աշխարհով մեկ վարկաբեկում է Լեհաստանին եւ Լիտվային Բելառուսի հետ սահմանին անզեն մարդկանց հանդեպ` լինեն նրանք փախստական, թե թրաֆիքինգի զոհ, գործադրվող վայրագ վարքի համար: Ոչ կառավարական կառույցներն Արեւմտյան Եվրոպայում արդեն բարձրաձայնում են, թե լեհ-բելառուսական սահմանին անզեն մարդկանց թողնելը, որ ցրտից մահանան, կամ բռնությամբ ետ մղելը` դա իրականացնողները լինեն բելառուսներ, թե լեհեր, մարդու իրավունքների աղաղակող ոտնահարում է: Նորվեգացիները նույնիսկ զուգահեռ էին անցկացրել՝ հարցնելով, թե ինչպես է պատահում, որ պատժամիջոցների ներքո գտնվող Իրանն օրական մի քանի հազար աֆղան փախստական է ընդունում, իսկ ԵՄ բարիքներից օգտվող ու անվտանգություն վայելող Լեհաստանը մի քանի հարյուր, թե հազար մարդու ներս չթողնելու համար սահմանին բարբարոսության տեսարաններ է սարքում: 

Այն, որ այս սահմանային ճգնաժամի պատճառով առանց այն էլ մեծ հեղինակություն չվայելող Արեւելյան Եվրոպայի երկրները` Լեհաստան, Մերձբալթիկա եւ այլն,  ավելի են դեմոնիզացվում եւ հեղինակազրկվում աշխարհի աչքում, տեսանելի է: Մյուս կողմից էլ տեսանելի է, որ փախստականներին իբրեւ զենք օգտագործելով՝ սահմանակից ԵՄ երկրներում ապակայունացում եւ ճգնաժամ առաջացնելու Լուկաշենկոյի ջանքերին ի պատասխան, Արեւմուտքն էլ փոխադարձաբար նոր պատժամիջոցներ եւ ճնշումներ է կիրառելու: Եվ երկու կողմերն էլ վճռականություն ցուցադրելու համար զինուժ ու տեխնիկա են մոտեցնում առճակատման սահմանին: Տեսնենք, թե այս ամենը հաջորդ շաբաթ ուր կհասցնի: