Ըստ լավատեղյակների՝ Աթոյանի գործը 400 միլիոնանոց չէ, այլ` 800

Ըստ լավատեղյակների՝ Աթոյանի գործը 400 միլիոնանոց չէ, այլ` 800

Այսօր առավոտյան հաղորդվեց, որ ԱԱԾ Քննչական դեպարտամենտում ՀՀ քրօր. 179 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի նախկին ռեկտոր Կորյուն Աթոյանի նկատմամբ։ Գործը փոխանցվել է ՀՀ գլխավոր դատախազությանը։ ԱԱԾ մամուլի քարտուղար Սամսոն Գալստյանին Hraparak.am-ը հարցրեց Աթոյանի խափանման միջոցի վերաբերյալ, սակայն ԱԱԾ մամուլի քարտուղարն ասաց, որ լրացուցիչ հայտնելու բան չունի։

Ըստ քրգործի՝ Կորյուն Աթոյանը, 2011-2018 թվականներին ռեկտորի պաշտոնեական դիրքն օգտագործելով, վատնել է իրեն վստահված առանձնապես խոշոր չափի գումար:

«Հրապարակն» անդրադարձել էր այդ թեմային՝ նշելով, որ հարցը բարձրացված է եղել 2019թ. հունվարի 18-ին՝ ՀՊՏՀ կառավարման խորհրդի անդրանիկ նիստում, երբ բարձրաձայնվել է բուհում կատարված ֆինանսական չարաշահումների վերաբերյալ աղաղակող փաստերից մեկը:
Հարցը վերաբերել է 2013 թվականից մասնավոր հյուրանոցի կարգավիճակ ունեցող մի հանրակացարանատիպ շինության վարձակալության հետ կապված արտառոց մեծ ծախսերին ու դրանց համեմատ չնչին եկամուտներին:

Ըստ ՀՊՏՀ կայքում տեղադրված ֆինանսական հաշվետվությունների, ինչպես նաեւ ՀՊՏՀ 2018թ. տարեկան բյուջեի, 2013-2018թթ. ՀՊՏՀ ղեկավարությունը մասնավոր հանրակացարանի վարձակալության նպատակով ՀՊՏՀ բյուջեից վճարել է 464 մլն 363 հազար դրամ, իսկ այդ նույն «հանրակացարանային գործունեություն» հոդվածից ստացել է ընդամենը 59 մլն 587 հազար դրամ:

Պարզ ասած, վնասը՝ նշված թվերի տարբերությունը, կազմել է 404 մլն 776 հազար դրամ: Բուհի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարն էլ 2019-ին կրկին թարմացրել էր հանրակացարանի հետ պայմանագիրը։ Ռուբեն Հայրապետյանն այն ժամանակ մեզ հետ զրույցում զերծ էր մնացել «չարաշահում» բառն օգտագործելուց։ Հայրապետյանը նաև ասել էր, թե փաստ չկա, որ հանրակացարանի տերը Կորյուն Աթոյանի տղան է։ Ինչպես հայտնեց բուհի լավատեղյակ դասախոսներից մեկը, հանրակացարանը շահագործող ընկերության առաջին սեփականատերը հենց Կորյուն Աթոյանն է եղել, հետո, պայմանագիրը կնքելուց առաջ, Աթոյանը 50 տոկոս իր մասնաբաժինը դարձրել էր ընկերոջ կնոջ անունով։ 

Տեղեկացանք, որ Աթոյանի չարաշահումների կծիկը բացել է բուհի կառավարման խորհրդի անդամ Վահագն Խաչատրյանը։ Բուհի մասին մեկ այլ հոդվածում էլ տեղեկացրել էինք, որ դասախոսների անունից ժամանակին մի անանուն նամակ էր գնացել ԱԱԾ, և այն, որ գործը հենց ԱԱԾ վարույթում էր, թերևս դրանով էինք բացատրում։ Սակայն աղբյուրն ասաց, որ՝ չէ, պարզապես 400-ը այսբերգի երևացող մասն է, մի այդքանի էլ այլ չարաշահումներ կան։

Նշենք, որ Կորյուն Աթոյանը Հայաստանում է և մեկ շաբաթ առաջ Տավուշում է եղել։

Hraparak.am-ի հետ զրույցում ռեկտորի պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանը հայտնեց, որ հիմա էլ զերծ է մնում, քանի դեռ Աթոյանի մեղքը դատարանով ապացուցված չէ։ Նա հավելեց, որ շատ կցանկանար, որ մեղադրանքը  չհիմնավորվեր, քանի որ այս մասին հրապարակումները վնասում են այն աշխատանքին, որն անում է բուհում բարեփոխումներ իրականացնելու ընթացքում։