Նիկոլ Փաշինյանի ելույթը` Վանաձորի տնտեսական համաժողովում

Նիկոլ Փաշինյանի ելույթը` Վանաձորի տնտեսական համաժողովում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վանաձորում մասնակցել է «Իմ քայլը հանուն Լոռու մարզի» ներդրումային բիզնես համաժողով-ցուցահանդեսին, որին մասնակցում են նաև Հայաստանի ու արտերկրի մեծաթիվ գործարարներ ու ներդրողներ:

Ողջունելով համաժողովի մասնակիցներին` Նիկոլ Փաշինյանը նշել է. «Հիմնական հարցը, որ այսօր կախված է օդում` հետևյալն է, կարող է արդյոք Հայաստանի Հանրապետությունում տեղի ունենալ տնտեսական հեղափոխություն և կարող են արդյոք կառավարությունն ու ժողովուրդը հասնել մի արդյունքի, որը միջազգայնորեն ընդունված է համարել տնտեսական հրաշք: Այս հարցի պատասխանը ակնհատ է. այն ժողովուրդը, որն ի վիճակի է հասնել մի արդյունքի, որը կարող ենք անվանել քաղաքական հրաշք, ուրեմն տնտեսական հրաշքը նույնպես մեր հասանելիության տիրույյթում է: Տնտեսական հեղափոխությունը մեր կարևորագույն առաջնահերթությունն է, բայց պետք է հասկանանք, թե որոնք են դրա պարամետրերը. դրանք նոր աշխատատեղերն են, եկամուտների նոր մակարդակը, բարեկեցության նոր մակարդակը»: Վարչապետն ավելացրել է, որ տնտեսական հեղափոխության արգասիքն առաջին հերթին բարեկեցության նոր մակարդակն է:

«Բայց ո՞վքեր են ստեղծում դա, տնտեսության մեջ, ո՞վ է որևէ արդյունքի հեղինակը: Այդ արդյունքի հեղինակը մարդն է, բացառապես մարդը, և մենք ուզում ենք մարդուն քաջալերել, խրախուսել, աջակցել, որ նա ստեղծի այն, ինչը ստեղծելն իր հնարավորությունների տիրույթում է: Ինչպե՞ս ենք քաջալերելու, այո՛, նաև խոսքով: Ցավոք, մեր իրականության մեջ ընդունված է թերագնահատել խոսքը և դրա արժեքը: Որպես Քրիոստոնեությունն առաջինն ընդունած ժողովուրդ, մենք պետք է արձանագրենք, որ ի սկզբանե բանն էր, այսինքն բանը` խոսքն է, ամեն ինչ սկսվում է խոսքից, մտքերից: Բայց արդյոք միայն խոսքով, իհարկե` ոչ: Հաջորդ ամենակարևոր ուղղությունը մեզ համար իրական տնտեսական գործունեության հնարավորություններ ստեղծելն է` կարգավորումների, մենաշնորհների, կոռուպցիայի բացառման, օրենսդրության բարեփոխումների ու կատարելագործման ճանապարհով»,- ասաց վարչապետը:

Կառավարության ղեկավարի խոսքով` քաղաքական հեղափոխությունը տեղի ունեցավ, երբ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի որոշեց, որ ինքն իրենով պետք է փակի այն փողոցները, որոնցով հոսում է կոռուպցիան և ամենաթողությունը: