Այդքան թիվ ու երազանք ո՞վ է լցրել զեկույցիդ մեջ` տգետ նախարարնե՞րդ

Ես քո կառավարության նիստե՞րը նայեմ, թե՞ ԱԺ-ում կարդացածդ ճառը: Եկել ես ԱԺ` ո՛չ բարեւ, ո՛չ բարլուս, սրինգդ միացրել՝ կառավարությունդ ես գովում, թե՝ էս ենք արել, էն ենք արել… Ինչ-որ արագ եք փոխադրվում հաջորդ դասարան: Թե բա՝ կառավարության 2024 թվի կատարողական: Այդքան թիվ ու երազանք ո՞վ է լցրել զեկույցիդ մեջ. էն տգետ նախարարնե՞րդ: Հետո ասելու ես՝ ինձ այդպես են զեկուցել, ես մեղավոր չեմ: Միրզոյան Արոն գնում, Անթալիայում խայտառակվում, գալիս զեկուցում է, որ պատերազմ չի լինելու, դու էլ վեր ես կենում, նույն բանը ԱԺ ամբիոնից հայտարարում… Այդքան վստա՞հ ես ուժերիդ վրա: Ընդդիմությանը որ հաթաթա ես տալիս, թե՝ էսկալացիաների մասին ձեր խոսույթները թարգեք, վստա՞հ ես, որ պատրաստ ես որեւէ էսկալացիայի դիմագրավել: Հրեն՝ կրակում են, դե լռեցրու: Եվ ինչո՞ւ ես քեզ ու քո կառավարությանը ապահովագրում անսպասելի էսկալացիաների համար մեղադրանքից: Թե բա` եթե հանկարծ աշխարհաքաղաքական զարգացումների արդյունքում էսկալացիաներ լինեն, մեղավորը ընդդիմությունն է լինելու՝ իր «ապախաղաղասիրական» խոսույթներով: Այսինքն՝ ավանսով սկսել ես մեղավորներ նշանակել, այո՞:
Թող այնպես չստացվի, պարոն Փաշինյան, որ չարախնդում եմ, բայց ես քո վստահությունից չունեմ: Կարելի է հիմար խալխի ականջն ինչով ասես լցնել, բայց դու այդ ո՞ւմ ես ուզում խաբել քո հնացած խոսույթով, թե Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը, եւ դրանով հարցը լուծվել է: Ուշադիր հետեւիր Ուկրաինայի զարգացումներին ու կտեսնես, որ քո խոսույթը առաջին դասարանում մնացածի խոսույթ է: Ռուսաստանն ու Ուկրաինան էլ էին ճանաչել միմյանց տարածքային ամբողջականությունը: Հունգարիա-Ուկրաինա, Լեհաստան-Ուկրաինա, ԱՄՆ-Ուկրաինա… Բոլորը միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչել էին: Եվ ի՞նչ, Ուկրաինայում հիմա պատերազմ չկա՞, Շագրենի կաշվի պես ամեն մեկն իրեն է ձգում այդ երկիրը, պատառ-պատառ են անում, տակն ինչ է մնալու՝ Աստված գիտի: Ու մի բան էլ՝ անվտանգության եւ խաղաղության մասին այդպիսի հիստերիկ տոնով չեն խոսում: Խոսում են հանդարտ, մի փոքր մտահոգ դեմքով, անվտանգություն ու խաղաղություն վաստակած մարդու ծանրախոհությամբ: Մի ամիս կա՞ արդեն, որ թեթեւսոլիկի պես հայտարարեցիք, թե Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագիրը պատրաստ է ստորագրման: Բա ո՞ւր է… Նույն այդ ընդդիմությունը, որին արդեն ավանսով ես մեղավոր նշանակում ապագա էսկալացիաների համար, քեզ քանի՞ անգամ է ասել, որ առանց խաղաղության պայմանագրի ստորագրման չի կարելի սահմանագծում ու սահմանազատում անել: Մհեր Գրիգորյանն ո՞ւր է, ինչո՞ւ է քո ասած ավտոյի պես «բուքսավատ» անում Տավուշում ու չի կարողանում իջնել Սյունիք, որ սահմանազատում ու սահմանագծում անի: Մարդ ես, էլի, կարող է հանկարծ այնպես գծվի սահմանը, որ մեր օկուպացված տարածքները՝ Ջերմուկ, Գորիս-Կապան ճանապարհ, Սեւ լիճ, մնան մեզ: Հա՜ա՜, արդեն հասկացել ե՞ս, որ առանց խաղաղության պայմանագրի ստորագրման GPS-ով սահման գծելն էշություն էր: Դու, այո, ճանաչել ես Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, բայց Ալիեւը Հայաստանի տարածքային ամբողջականությունը չի ճանաչել եւ չի էլ պատրաստվում ճանաչել: Ապացո՞ւյց… Խնդրեմ, կարդա Ադրբեջանի նախապայմանների օրեցօր ավելացող ցանկը: Թե բա՝ Սահմանադրությունը չենք կարող փոխել` արդեն փոխել ես: Թե բա՝ միջանցք չենք տալու` արդեն հաստատել ես, որ տալու ենք: Թե բա՝ Ադրբեջանից Նախիջեւան եւ հակառակ ուղղությամբ անցնող բեռների վերահսկողությունը մենք ենք իրականացնելու, պարզվեց՝ դա էլ է սուտ: Հետո ասացիք՝ այդ բեռների տարանցման անվտանգությունն ենք ապահովելու… Ծիծաղից մեռա, պարոն Փաշինյան, այսինքն, այդ ի՞նչ եք անելու, որ Նախիջեւանից Բաքու գնացող բեռնատարների ու գնացքների անվտանգությունն ապահովեք: Երեւի հետեւելու եք, որ երեխաները քարով-բանով չխփեն, հա՞, որ ընդդիմությունը դիվերսիաներ չկազմակերպի, հա՞… Իսկ ի՞նչ եք անելու, պարոն Փաշինյան, եթե մի թուրք վարորդ որեւէ խուլ լեռնանցքում անձամբ վնասի իր մեքենան, ապրանքը թափի եւ հայտարարի, որ հայերն են արել՝ թալանի նպատակով: Դուք կարո՞ղ եք սրա տակից դուրս գալ:
Ընթերցողը հիմա կասի՝ ինչ ես կորցրել, ինչ ես ման գալիս: Փաշինյանն ԱԺ-ում նախընտրական քարոզչությամբ է զբաղված, դու ընկել ես խաղաղության ու անվտանգության հետեւից: Խնդրեմ, հայտարարում է, թե մինչեւ 18 տարեկան եւ 63-ից բարձր տարիք ունեցողների աջակցության ծրագրերը շարունակվում են, որ գույքահարկի գումարներն ամբողջությամբ գնում են համայնքային բյուջե, որ երկիրը ծաղկում է իր օրոք, ոչ մի պրոբլեմ չկա… Այո, բայց դա ինձ համար «նորություն» չէ: Փաշինյանը միշտ է խոսել այդ ամենի մասին, նույնիսկ իր կառավարության ծրագրերում է գրել դրանք: Ես ուղղակի վստահ եմ, որ այդ ամենը նախընտրական շաղակրատանք է՝ ուղղված հանրության անհասկացող հատվածին:
Կարծիքներ