Արսեն Թորոսյանի մանր վրեժխնդրության ծանր հետեւանքները 

Արսեն Թորոսյանի մանր վրեժխնդրության ծանր հետեւանքները 

Կորոնավիրուսի համավարակի առաջին օրերից «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցը դարձավ Covid-ի դեմ պայքարի առաջամարտիկը, հընթացս միացան այլ ԲԿ-ներ։ Բայց նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով համավարակի դեմ պայքարում ներդրած ավանդի համար պարգեւատրված բժիշկների ցանկում «Նորք»-ից որեւէ մեկը չկար։ Այս անարդարությանն արձագանքեցին շատերը։
«Ասել եմ, ասում եմ եւ կասեմ՝ խոնարհվում եմ բոլոր բժիշկների առաջ: Բայց պարգեւատրված բժիշկների մեջ չի եղել «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի անձնակազմից գեթ մեկ անձ: Հիմա ես չեմ` դուք եք, Արսեն Թորոսյանին, որը ներկայացրել է պարգեւատրվող բժիշկների ցուցակը, ինչպե՞ս կբնութագրեք»,- գրել էր քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը։ Հայտարարություն արեց նաեւ «Արժանապատիվ բուժաշխատողների միություն» ՀԿ-ն՝ կատարվածը որակելով որպես մեծ անարդարություն։ 

«Շնորհավորում ենք մեր այն գործընկերներին, որոնք արժանացել են պետության բարձր գնահատանքին՝ համավարակի դեմ իրականացված աշխատանքների համար։ Միեւնույն ժամանակ, կիսում ենք նաեւ այն բուժաշխատողների հիասթափությունը եւ արդարության հասնելու ձգտումը, որոնք, լինելով համավարակի դեմ պայքարի առաջնագծում, անտեսվել են։ Ցավոք, առողջապահական համակարգի պատասխանատուների քայլերն այդպես էլ ուղղված չեղան բժշկական աշխարհի միավորմանը, այլ ընդհակառակը՝ հետեւողական պառակտմանը եւ մասնատմանը։ Մի կողմից՝ մենք ունենք բուժաշխատողների հերոսական ու անձնվեր աշխատանք, մյուս կողմից՝ ԱՆ ապաշնորհ կառավարում եւ բժշկական կազմակերպությունների կամայական վերաձեւում ու կազմաքանդում։ Նման նախաձեռնության կյանքի կոչվելու համար խթան են հանդիսացել վերջին ժամանակներում բուժաշխատողների հանդեպ իրականացվող աննախադեպ ճնշումները, իրավունքների ոտնահարումները, մասնագիտական դիրքորոշման եւ տեսակետի արտահայտման համար հետապնդումներն ու հալածանքները»,-ասված է բուժաշխատողների հայտարարության մեջ։

Նախկին կոլեկտիվի նկատմամբ այս մեծ անարդարությանն արձագանքել է նաեւ ԲԿ-ի նախկին ղեկավար Մհեր Դավիդյանցը, որն Արսեն Թորոսյանի հերթական կամայական որոշման դեմ ընդվզելու վճռականություն ունեցավ։ Բժշկական շրջանակներում խոսում են, թե գուցե նրա այդ քա՞յլն էր պատճառը, որ նախարարը «վրեժ լուծեց» «Նորք»-ի անձնակազմից, քանի որ համավարակի ամենասկզբում նույն իշխանությունը չէր զլանում «Նորք»-ի հասցեին դրվատանքի խոսքեր շռայլել։ Ավելին՝ Մհեր Դավիդյանցը պարետատան նիստերից հետո Նիկոլ Փաշինյանի ամենօրյա ճեպազրույցների մասնակիցներից էր, քանի դեռ հունիսին ուղիղ եթերում անզգույշ հայտարարություն չէր արել, որ «Նորք»-ում Covid-ի դեմ պայքարել են 5․5 ամիս առաջ՝ հունվարի վերջից, այսինքն՝ այն ժամանակ, երբ Նիկոլ Փաշինյանը մարզերում սահմանադրական «այո»-ի ակտիվ քարոզարշավ էր տանում ու հայտարարում, թե կորոնավիրուսն ում շունն է։ Փաշինյանը հենց բրիֆինգի ժամանակ Դավիդյանցին առաջարկեց ուղղել ասածը, իսկ 1-1,5 ամիս անց նա հեռացավ պաշտոնից, երբ Արսեն Թորոսյանը միավորված «Նորք»-ի ու ՁԻԱՀ կենտրոնի ընդհանուր ղեկավար նշանակեց այլ անձի՝ սորոսական գործընկեր կազմակերպությունից։
«Խնդրում եմ գրառումս չդիտարկել անձնական տիրույթում։

Կարծում եմ՝ պահանջն արդար է, եւ «Նորք» ԻԿՀ անձնակազմի կատարած հսկայական աշխատանքի արդյունքում պետք է պարգեւատրվեր գործող անձնակազմից առնվազն մեկը։ Կրկնվեմ` գործող անձանցից»,- գրել է Դավիդյանցը։ Ցավոք, նրա հետ չկարողացանք զրուցել, փոխարենը զրուցեցինք նրա գրառմանը «լայք» դրած առողջապահության նախկին փոխնախարար, առողջապահության կազմակերպիչ Գագիկ Միրիջանյանի հետ։ Նախ նա հայտարարեց, որ «լայքելը երեւի ավտոմատ է ստացվել»։ Այսինքն՝ կողմ չե՞ք Դավիդյանցի ասածներին։ «Իմ ընկերն է, ո՞նց կարամ կողմ չլինեմ»։ Բայց ավելացրեց, որ Արսեն Թորոսյանն էլ իր ուսանողական ընկերն է՝ «ուրիշ մարդ» չէ։ «Նորքի» անձնակազմի հետ կապված էլ նախկին փոխնախարարն ասաց․ «Չեմ կարծում, որ բժիշկներն աշխատել են, աշխատում են պարգեւների համար։ Եվ վստահեցնում եմ, որ ասում եք՝ չեն գնահատում, ես էդ կարծիքին չեմ։ Վստահ եմ՝ իրենք կգնահատվեն, եւ ամեն ինչն էլ ավելի կարգավորված կլինի։ Ավելի քան վստահ եմ»։

Զրույցը Գագիկ Միրիջանյանն ավարտեց փիլիսոփայական նոտայով․ «Մեր կյանքում էնքան կեղծ ու իրական ճշմարտություննե՜ր կան․․․ մի մոռացեք, հոգեբուժարանի նախկին տնօրեն եմ»։ Սա պատասխանն էր այն դիտարկմանը, թե ինչպես է ստացվում, որ իր երկու ընկերները՝ Թորոսյանը եւ Դավիդյանցը, իրենց ճշմարտությունն ունեն եւ երկուսն էլ ճիշտ են։