«Արմենիա» տաղավարը՝ նաև մշակութային հարթակ

«Արմենիա» տաղավարը՝ նաև մշակութային հարթակ

Երեկ Մոսկվայի Ժողովրդական տնտեսության նվաճումների ցուցահանդեսի «Արմենիա» տաղավարում տեղի ունեցավ ժամանակակից հայ գեղարվեստի նմուշների ցուցադրություն, որը նվիրված էր Անկախության հռչակման 30-ամյակին: Կտավները տեղադրված են նորաբաց ցուցասրահում, որտեղ կարելի է տեսնել նաև հայկական հնագույն վանքերի մակետներ՝ Տաթևի վանքի, Դադիվանքի, Ղարսի Սուրբ Առաքելոց վանքի, Գառնու տաճարի:

Ընթացքում այցելուներին հանդիսությամբ ներկայացվեց նաև նորացված և հիմնովին վերակառուցված հայկական տաղավարը: 1954 թվին կառուցված 1833 ք.մ. ունեցող «Արմենիան» ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև կնքված միջպետական համաձայնագրով ճանաչվել էր հայկական առևտրա-տնտեսական նվաճումները ներկայացնող հարթակ: Այն վերանորոգվում է 2019 թվականից, և այժմ ոչ միայն առևտրային կամ տնտեսական, այլև մշակութային հարթակ է:

ՌԴ-ում ՀՀ դեսպանատունը հայտնում է, որ հայ նկարիչների ցուցահանդեսի բացմանը դեսպան Վարդան Տողանյանը ողջունել է այցելուներին և համոզմունք է հայտնել, որ «Արմենիա» տաղավարն այսուհետ կդառնա ամենապահանջված հարթակներից, որտեղ պարբերաբար կկազմակերպվեն տարբեր մշակութային, տուրիստական և այլ միջոցառումներ Ռուսաստանի լայն հասարակայնությանը ժամանակակից Հայաստանի նվաճումները ներկայացնելու նպատակով: 

«ՌԴ-ում ՀՀ դեսպանը Լազարևյան հուշամեդալ է հանձնել «Արմենիա» տաղավարի ղեկավար Արտյոմ Մուսայելյանին ռեստավրացիոն աշխատանքները կազմակերպելու համար», - հաղորդում է դեսպանատունը: