Ես ՀՔԾ պետ չեմ, որ առանց ծանոթանալու որոշմանը՝ գնահատականներ տամ․ Ալեքսանդր Ազարյան

Ես ՀՔԾ պետ չեմ, որ առանց ծանոթանալու որոշմանը՝ գնահատականներ տամ․ Ալեքսանդր Ազարյան

«Ինձ համար ցանկացած որոշում ԲԴԽ-ից սպասելի էր»։ Այս մասին քիչ առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանն՝ անդրադառնալով իր կարգահական վարույթի վերաբերյալ հրապարակած ԲԴԽ-ի որոշմանը։

Հիշեցնենք՝քիչ առաջ Բարձրագույն դատական խորհուրդը որոշում կայացրեց մերժել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի միջնորդությունը:

«Հրապարակ»-ի հարցին՝ արդյո՞ք ԲԴԽ-ի այս որոշումից հետո դատավորներն ավելի անկաշկանդ են լինելու, դատավորն ասաց, որ չի կարող ասել։

Մյուս հարցին, թե՝ ինչի՞ մասին է խոսում ԲԴԽ-ի այս որոշումը, դատավորն ասաց, թե ինքը ՀՔԾ պետ չէ, որ առանց որոշմանը ծանոթ լինելու որեւէ գնահատական տա․ «Ես մշտապես անկաշկանդ եմ։ Ես որոշմանը ծանոթ չեմ, ես միայն եզրափակիչ մասն եմ ունկնդրել, իսկ որոշումն այս պահին ինձ հասու չէ։ Ես ՀՔԾ պետ չեմ, որ առանց ծանոթանալու որոշմանը՝ գնահատականներ տամ։ Ինչ վերաբերում է ԲԴԽ-ին՝ կարծում եմ՝ Խորհուրդը կաշկանդված չէ իշխանության ներկայացրած տրամադրություններով»։

Արդյոք ԲԴԽ-ի այս որոշումով պայմանավորված ինքը կարո՞ղ է ասել, որ ԲԴԽ-ն կախված չէ քաղաքական իշխանությունից, դատավորն ասաց. «ԲԴԽ-ն կաշկանդված չէ իշխանության ներկայացուցիչների կողմից արտահայտված տրամադրություններով»։

Այն դիտարկմանը, թե պնդումներ կային, որ եթե ԲԴԽ-ն իրեն կարգապահական պատասխանատվության ենթարկեր, դա կարող էր դատական համակարգում որոշակի խմորումների առիթ տար՝ դատավորը պատասխանեց, որ եթե իր համար ոչ բարենպաստ որոշում կայացվեր, միգուցե՝ կհամաձայներ այդ պնդումների հետ։

Հիշեցնենք, որ Ալեքսանդր Ազարյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու առիթ էր հանդիսացել ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի կողմից ՀՀ արդարադատության նախարարությանը ներկայացված դիմումը։

Վարույթ հարուցելու հիմքում նախարարությունը դրել էր «5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանի խափանման միջոցի գործով դատական նիստի ընթացքում Ազարյանի կողմից քննիչին ուղղված հետեւյալ արտահայտությունը. «Հույս ունեի, որ չէիք իջնի ՀՔԾ պետի մակարդակին եւ չէիք քննադատի օրինական ուժի մեջ մտած դատական ակտը»։  

Ըստ նախարարության՝  այս խոսքերով դատավորն անհարգալից վերաբերմունք է դրսեւորել ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի նկատմամբ։ Ազարյանը հայտարարել էր, որ  Հատուկ քննչական ծառայության պետին չի վիրավորել, պարզապես իրերը կոչել է իրենց անուններով։