Արցախը դատի կտա՞ Նիկոլ Փաշինյանին

Արցախը դատի կտա՞ Նիկոլ Փաշինյանին

Ինչո՞ւ է ինձ թվում, որ Նիկոլ Փաշինյանի Մոսկվայում գտնվելու ընթացքում Արցախի Հանրապետության դատախազությունը քրեական հետապնդում կհայտարարի նրա նկատմամբ, որպես խափանման միջոց կընտրի կալանքը և կդիմի աշխարհի բոլոր երկրներին ու չճանաչված պետությունների իշխանություններին` անհապաղ ձերբակալել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որտեղ էլ նրան բռնեն: Դիմումի մի օրինակն էլ, բնականաբար, պետք է փոխանցել Հայաստանի Հանրապետության կառավարությանն այն հույսով, որ ՀՀ-ն դեռ իրեն դուրս չի դրել իրավական պետությունների շարքից:

Փաշինյանը պետք է հայտարարվի քրեական հանցագործ Հայաստանի և Արցախի հանրապետությունների սահմանադրությունները կոպտագույնս խախտելու, տասնյակ հազարավոր մարդկանց կյանքից զրկելու, Հայաստանում իշխանությունը յուրացնելու, թշնամու հետ կասկածելի գործարքների գնալու, ադրբեջանական նավթադոլարների դիմաց Արցախի Հանրապետությունը վաճառելու և նրա 120 հազար բնակչությանը արտագաղթի և ցեղասպանության առաջ կանգնեցնելու համար:

Որպես հիմք պետք է ընդունել Արցախի և Հայաստանի հանրապետությունների բոլոր քաղաքական ուժերի համատեղ հայտարարությունը, Արցախի Հանրապետության Ազգային ժողովի հայտարարությունը, Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի ուղերձը, Հայ առաքելական եկեղեցու զույգ կաթողիկոսությունների հայտարարությունը, ծանրակշիռ դերակատարություն ունեցող ՀՀ քաղաքական ուժերի և ՀԿ-ների հայտարարությունները` 2023թ. մայիսի 22-ի ասուլիսում Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների և այդ հայտարարությունների ուղղությամբ նրա հնարավոր քայլերի վերաբերյալ:

Փորձեք, սիրելի արցախցիներ, միևնույն է, դրանից ձեզ համար ավելի վատ չի լինելու, եթե չասեմ, որ հնարավոր է, ի վերջո, ձեզ վրա բևեռվի միջազգային ողջ հանրության ուշադրությունը: Դուք 35 տարի ապրել ու երկիր եք կառուցել հենց միջազգային հանրության օրենքներով ու նրա ամենաազդեցիկ ներկայացուցիչների` Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի մասնակցությամբ բանակցային գործընթացի տրամաբանության մեջ, ինչը որոշակի պարտավորություններ է առաջացնում նաև նրանց համար, երբ դրվել է Արցախի Հանրապետության լինել-չլինելու հարցը:

Հ.Գ. Իրավաբան գործընկերներիս կխնդրեի իրավական առումով անխոցելի դարձնել ասվածը և օգնել Արցախի իշխանություններին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին դատի տալու հարցում: