Ինչի՞ համար են աշխատավարձ ստանում անհասանելի խոսնակները

Ինչի՞ համար են աշխատավարձ ստանում անհասանելի խոսնակները

Նիկոլ Փաշինյանի կառավարման տարիներին հասարակությունը սովորեց չհավատալ պաշտոնական լրահոսին։ Եղան դեպքեր, երբ պաշտոնական լրատվությամբ ակնհայտ սուտը պնդեցին, ապա ճշմարտությունը հասու դարձավ հանրությանը։ Ամենախոսունը, իհարկե, 44-օրյա պատերազմն էր եւ դրանից հետո ծավալված որոշ իրադարձություններ, որոնք պաշտոնական լրատվությամբ խեղաթյուրված էին ներկայացվում, մինչեւ որ տեսանյութերով եւ կենդանի մարդկանց խոսքով հերքվում էին դրանք։ 

Մարդիկ ոչ միայն սովորեցին պաշտոնական կեղծիքին, այլեւ հաշտվեցին այն իրողության հետ, որ մամուլի եւ տեղեկատվության հսկայական բաժիններ, տարբեր խոսնակներ ոչինչ չպետք է անեն, սակայն պետք է շատ բարձր աշխատավարձ ստանան բյուջեից` մեր հարկերից: Լրագրողներն էլ հաշտվեցին դրա հետ, որ խոսնակները կարող են հավերժ անհասանելի լինել։ Օրինակ, ո՞վ է վերջին անգամ շփվել կամ լսել վարչապետի խոսնակ Մանե Գեւորգյանի որեւէ պարզաբանում: Նա իր պաշտոնավարման առաջին շրջանում բավականին ակտիվ աշխատում էր, եւ լրագրողներն անմիջապես տարբերությունը տեսան նրա եւ Վլադիմիր Կարապետյանի միջեւ, ով սովորություն ուներ հարց տվող լրագրողի հետ վիճաբանելու, թե այդ ի՜նչ հարցեր ես տալիս։ Սկզբնական շրջանում Մանե Գեւորգյանն անգամ հետզանգ էր կատարում եւ աշխատում էր բավարարել մեր հետաքրքրությունը, բայց անցած տարեվերջից նա իջավ խոր ընդհատակ` համալրելով մշտապես անհասանելի խոսնակների շարքը: Եվ մենք սկսեցինք շփվել մեսենջերով՝ մնալով անպատասխան: Ահա, այդ միակողմանի գրագրությունից մի հատված. 11․24․20 - «Մանե, բարեւ, ծնողների շրջանում լուրեր են շրջանառվում, որ կառավարությունը գերիների հարցով ՌԴ-ից պաշտոնյայի հետ է խոսել, կա՞ նման բան։ Զանգում եմ, չեք պատասխանում»։ 01․05․2021 - «Մանե, ողջույն, մեկ-երկու հարց ունեմ, զանգում եմ», 01․05․2021- «Զանգում եմ, չեք պատասխանում, չե՞ք պատասխանելու։ Հարցնում էի՝ մենք ՀԱՊԿ-ին որեւէ բան պատասխանելո՞ւ ենք։ Խոսքը «սահմանային միջադեպեր» արտահայտության մասին է»։ Երեկ եւս «ստուգողական» զանգ արեցի՝ մի վերջին անգամ համոզվելու, որ վարչապետի խոսնակը մշտապես անհասանելի է։

Մենք փնտրեցինք համացանցում, թե Մանե Գեւորգյանը երբ է վերջին անգամ շփվել լրագրողներից որեւէ մեկի հետ, գուցե խնդիրը «Հրապարակին» է առնչվում, եւ իր ղեկավարն ասել է` «Հրապարակին» չպատասխանես: Պարզվեց` նա անհիշելի ժամանակներից որեւէ լրատվամիջոցի պարզաբանումներ չի տալիս, հազվադեպ եւ հին մեկնաբանություն գտանք միայն «Արմենպրեսի» էջերում։ Ամենատարբեր լրատվականներում Մանե Գեւորգյանի նկարով հայտնված նյութերը բացառապես նրա ֆեյսբուքյան գրառումների վերահրապարակումներն են։ Սեպտեմբերի 8․ «Պաշտոնական այցով Վրաստանում գտնվող Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր վրաց գործընկերոջ՝ Իրակլի Ղարիբաշվիլու հետ քննարկել է երկկողմ հարաբերությունների զարգացման օրակարգային՝ քաղաքական, տնտեսական, առողջապահական, մշակութային եւ հումանիտար ոլորտներին առնչվող մի շարք հարցեր․․․» եւ այլն։ Սեպտեմբերի 10․ «Այսօր կայացավ կառավարության անդամների երդմնակալության արարողությունը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ»։ Նույն նյութերը կառավարության տեղեկատվության վարչությունը` հաղորդագրությունների տեսքով, զետեղում է կառավարության կայքում եւ ուղարկում ԶԼՄ-ների էլեկտրոնային հասցեներին։

Ինչ վերաբերում է «Արմենպրեսին», ապա վարչապետի խոսնակն ամառվա ընթացքում ընդամենը 3 մեկնաբանություն է տվել․ օգոստոսի 10-ին Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպում պահանջող՝ Խծաբերդում գերեվարված շիրակցիների հարազատների հետ կապված, հունիսի 12-ին՝ ռազմագերիների, եւ մայիսի 31-ին շշպռել է նախկին արտգործնախարար Արա Այվազյանին` նրանից հրապարակային պարզաբանում պահանջել` ԱԳՆ-ում հրաժեշտի ժամանակ ասված խոսքի համար. հրաժարական է տալիս, «որպեսզի երբեւիցե որեւէ կասկած չլինի, որ այս նախարարությունը կարող է ինչ-որ քայլ անել կամ համաձայնություն տալ ինչ-որ գաղափարների, նախաձեռնությունների, որոնք մեր պետականության, մեր ազգային եւ պետական շահի դեմ են եղել»։

Առհասարակ, ինչպես իր ղեկավարը, խոսնակը եւս տարբեր անձանց շշպռելու գործն ամենալավն է անում․ մարտի 13-ին էլ Գեւորգյանը պատասխանել էր Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հնչեցրած մտահոգությանը, թե կառավարությունը փորձում է վերացնել ՀՀ ՄԻՊ-ի անկախությունը։ Իսկ փետրվարի 17-ին նա կայքերից մեկին ասել էր, թե Նիկոլ Փաշինյանը Սերժ Սարգսյանի` իր մասին արած հայտարարություններին արձագանքելու կարիք չի զգում։ Նրա ագրեսիան նաեւ լրագրողների նկատմամբ է նկատվել․ մայիսի 9-ին նա խոչընդոտել էր լրագրող Անի Գեւորգյանի աշխատանքը, եւ վերջինս իր ֆեյսբուքյան էջում լուսանկարներ էր հրապարակել՝ գրելով․ «Մանե Գեւորգյանին հորդորում եմ՝ լրագրողի հետ կես ժամ նույն տարածքում կանգնելիս նախ բարեւել ու երբեք ձեռքերը չերկարացնել: Անհամաչափ ուժ կիրառողներն էլ պետք է հիշեն պատասխանատվության մասին»։

Ինչեւէ, տեղեկատվական անհասանելիությամբ երկրորդ տեղում է պաշտպանության նախարարությունը, որտեղ հասարակայնության հետ կապերի վարչության պետը նախկինների Հ1-ից ՊՆ տեղափոխված Գեւորգ Ալթունյանն է, որը պարզապես չի պատասխանում լրատվամիջոցների զանգերին ու վերջ։

ՀԳ․ Այլ գերատեսչությունների խոսնակների մասին էլ կարող էինք շատ բան պատմել, բայց դա հաջորդ անգամ` նյութը ծավալուն է, ասելիքը` շատ: Նրանց մեջ կան քիչ թե շատ աշխատողներ, կան լկտիության սահմանները գերազանցածներ, բացառապես գրավոր հարցումներով աշխատողներ եւ կան խոսնակներ, որոնք արգելում են իրենց ենթակայության տակ գտնվող հսկա ինստիտուտների տնօրեններին, համակարգի առաջին դեմքերին` առանց իրենց հետ համաձայնեցնելու առնչվել որեւէ լրագրողի հետ: