ԶԼՄ-ներին ուզում են զրկե՞լ անհատույց տարածքից

ԶԼՄ-ներին ուզում են զրկե՞լ անհատույց տարածքից

Պետական գույքի կոմիտեում որոշել են փոփոխություններ կատարել կառավարության 2011թ․ որոշման մեջ։ Ըստ այդմ էլ՝ ծանուցագրեր են ուղարկել Երեւանի  Իսահակյան 28 հասցեի շենքում եւ Մամուլի շենքում տեղակայված այն ԶԼՄ-ներին, որոնց հետ կնքված պայմանագրի ժամկետն ավարտվել է կամ ավարտվելու է։ 
Մամուլում արդեն եղել է հրապարակում այն մասին, որ «Արմինֆո» լրատվական գործակալությունը երկու օր առաջ է նամակ ստացել ՊԳԿ-ից, որ մեկ ամսից պետք է լքի Իսահակյան 28 հասցեում զբաղեցրած իր տարածքը։ 

Պետական գույքի կոմիտեից մեզ պարզաբանեցին, որ Իսահակյան 28 հասցեում եւ Մամուլի շենքում գտնվող լրատվամիջոցների տարածքներն իրենց ենթակայության ներքո են, եւ անհատույց տարածքներ հատկացնելու մասին որոշումը պետք է ենթարկվի փոփոխության։
«Քանի դեռ այս պահին չկա այդ փոփոխությունը, ում ժամկետը որ լրանում է՝ պայմանագիրն ավտոմատ չի երկարացվում։ ԶԼՄ-ները դեռ շարունակելու են գտնվել այնտեղ, այս պահին ոչ ոք նրանց դուրս չի հանում։ Հենց ԶԼՄ-ների հետ է քննարկվելու կարգի փոփոխությունը, կքննարկվեն այդ փոփոխությունները, նոր կգործի»,- հայտնեցին մեզ ՊԳԿ-ից՝ կարգի փոփոխություն մասին չնշելով կոնկրետ ժամկետ։ 
Փորձեցինք Իսահակյան 28 հասցեում եւ Մամուլի շենքում տեղակայված ԶԼՄ-ների ղեկավարներից իմանալ՝ ստացե՞լ են ծանուցում, թե՞ ոչ, ի՞նչ են պատրաստվում անել ծանուցումից հետո։ 

«Առավոտ» օրաթերթը, որն իր գործունեության սկզբից առ այսօր տեղակայված է Մամուլի շենքի 15-րդ հարկում, պարզվեց, որ ստացել է ծանուցում։
«Ստացել ենք։ Թե ինչ է դա նշանակում՝ բյուրոկրատական խրթին լեզուն ես լավ չեմ հասկանում։ Այդ գործով զբաղվում է «Առավոտ»-ի տնօրենը»,- մեր հարցին այսպես արձագանքեց «Առավոտ»-ի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը։ 
Մամուլի շենքում տեղակայված «Կանչ» մանկապատանեկան թերթի գլխավոր խմբագիր Վարուժան Մնացականյանը եւս նշեց, որ ստացել են ծանուցում։ 
«Սովորական ընթացք է, ամեն տարի նորացվում է պայմանագիրը, որեւէ արտառոց բան չկա։ Չգիտեմ, թե ում ինչ են ասել, բայց «Կանչը» մանկապատանեկան թերթ է, անհատույց է տրամադրվում տարածքը»,-նշեց նա։

Իսահակյան 28 հասցեում տեղակայված «Նոյյան տապան» գործակալության տնօրեն Տիգրան Հարությունյանը տեղյակ էր, որ նույն շենքում գտնվող «Արմինֆո» գործակալությունը ՊԳԿ-ից ծանուցում է ստացել։ Փոխարենն իրենք չեն ստացել որեւէ ծանուցում։ 
««Արմինֆո»-ից ինձ զանգահարեցին, ենթադրեցի, որ դա կապված է իրենց պայմանագրի  ժամկետի ավարտի հետ։ Ես խնդրեցի իրենց ճշտել այդ ամենը, որպեսզի կարողանանք միասնական ձեւով այդ հարցը լուծել։ Նախ պետք է հասկանալ, թե ինչ խնդիր է, հետո՝ գտնել լուծումը։ Համենայնդեպս՝  15 տարի առաջ են պետական շենքերն անհատույց տրամադրել մամուլի միջոցներին, դա եղավ այն բանից հետո, երբ մամուլի ներկայացուցիչները գործադուլ արեցին, միասնական դիմեցին կառավարություն։ Բայց ես կարծում եմ, որ  եթե մոտեցումն է փոխվել, պետք է կազմակերպենք մամուլի միջոցների համախմբում»,- ասաց Տիգրան Հարությունյանը։
Մամուլի շենքում գտնվող Մամուլի ազգային ակումբի նախագահ Նարինե Մկրտչյանն էլ տեղեկացրեց, որ ծանուցում չի ստացել, թեեւ լսել է այդ որոշման մասին։ Նա հիշեցրեց, որ իրենց տարածքը տրամադրվել է անհատույց։