Էյֆորիայից անդին

Էյֆորիայից անդին

Տավուշյան սրացումը Բաքվի սպոնտան արձագա՞նքն էր փոփոխվող աշխարհաքաղաքականությանը, թե՞ ավելի լայն համատեքստ ունի: Մեր փորձագիտական հանրությունը, խոստովանենք, բավական հեռու է գոնե մոտավոր ճշգրտությամբ կանխատեսումներ անելուց: Մամուլն օգնության է կանչում հիմնականում ռուս վերլուծաբանների, որոնց ծանոթ ենք արդեն ավելի քան քառորդ դար: Նրանք նոր ոչինչ չեն ասում, բացի՝ որ լայնածավալ պատերազմն Ռուսաստանին ձեռնտու չէ, եւ Մոսկվան փորձում է կողմերին վերադարձնել բանակցությունների: Խնդիրը հենց դա է՝ ի՞նչ հիմքով բանակցությունների: Մոսկվան հասկացնում է՝ նախկինում եղել են մշակումներ: Խոսքը «մադրիդյան սկզբունքների» կամ դրանց մոդիֆիկացված տարբերակներից մեկի մասին է: Հայրենական մամուլին հետեւելով՝ ընդհանուր տպավորություն է, որ հայկական կողմի համար դա այլեւս անցած-փակված փուլ է:

Տավուշյան ռազմական հաջողությունից էյֆորիան ակնհայտ է: Եւ նույնիսկ շատ զգուշավոր փորձագետներն են դնում նոր իրավիճակն արտաքին քաղաքական ուղղությամբ կապիտալիզացնելու խնդիր: Այստեղ, գուցե, բացառելի չէ ներքաղաքական ենթատեքստը: Իրավիճակի նման գնահատական կար նաեւ ապրիլյան պատերազմից հետո՝ «բանակը լուծեց իր առջեւ դրված խնդիրները, մնում է, որ դիվանագետներն անեն իրենց գործը»:

Գումարվել է իշխանության լեգիտիմության կռվանը: Սա, մեղմ ասած, վիճելի է: 2016թ. Սերժ Սարգսյանի լեգիտիմությունը ոչ ոք կասկածի տակ չէր դնում, եւ նա բավական լուրջ քայլեր ձեռնարկեց: Այլ բան է, որ Վիեննայի պայմանավորվածությունները չաշխատեցին, բայց դա իր պատճառներն ունի, որ Հայաստանից դուրս են: Այսօր նկատելի են զարգացումներ, որ չեն նպաստում Ադրբեջանի զսպանը: ԱՄՆ Կոնգրեսում քվեարկության է դրվում բանաձեւ, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ տարածքները ճանաչում է օկուպացված: Վաշինգտոնը եկող տարի ավելի քան 100 միլիոն դոլար կտրամադրի Ադրբեջանին՝ «պաշտպանական ծախսերի» համար: Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, ակնհայտորեն սրում է իրավիճակը, բայց Բրյուսելից որեւէ զսպող հայտարարություն չի հնչում:

Ավելին, նախապատրաստվում են թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններ՝ ներառյալ Նախիջեւանում: Ավանդաբար հավասարակշռող դերակատարություն ցուցաբերած Իրանը չի արձագանքում, թեեւ ինքն էլ Նախիջեւանի հետ կապված մտահոգություններ ունի: Անվտանգային միջավայրի կայունացման հայտարարություններ անում է միայն Ռուսաստանը: Բայց ռուս փորձագիտական հանրության երկփեղկվածությունից դատելով՝ Մոսկվայում իրավիճակի միասնական գնահատական, կարծես, չկա: Սա է մոտավոր պատկերը, որից դժվար թե ոգեւերովելու առիթ ունենք: Միջավայրը շատ նկատելիորեն ռազմականացել է: Ռուս վերլուծաբան Կորկոդինովը տավուշյան բախումներն անվանում է «մեծ պատերազմի նախերգանք»:

Դեմ առ դեմ պատերազմելու մասին Իլհամ Ալիեւի մարտահրավերն ընդամենը տղայականություն է: Այլապես մի քանի զինվորական պատվիրակություն Բաքվից չէր մեկնի Անկարա: Թուրք-ադրբեջանական առաջիկա զորավարժությունները կարող են թեսթային լինել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների համար: Ավելի ճիշտ, դրանք ցույց կտան՝ Մոսկվան եւ Վաշինգտոնը շարունակելու՞ են համատեղ կառավարել ԼՂ հակամարտությունը, թե տեղի է ունեցել խզու՞մ: Հետեւություններ կանեն արդեն ռազմական եւ անվտանգության հարցերով մասնագիտացած կառույցները: