Աշխատանքային թերություններ կարող են լինել, բայց չարաշահում՝ ոչ

Աշխատանքային թերություններ կարող են լինել, բայց չարաշահում՝ ոչ

ՀՀ գլխավոր դատախազությունը, ուսումնասիրելով ՀՀ հաշվեքննիչ պալատից ստացված` ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեում իրականացրած հաշվեքննության արդյունքները, հայտնաբերել է չարաշահումներ եւ քրեական գործ հարուցել։ Չարաշահումները, ինչպես հասկացանք դատախազության տարածած հաղորդագրությունից, առնչվում են 2007-2018 թթ․ ընկած հատվածում «Ավիաուսումնական կենտրոն» ՓԲ ընկերության հետ կնքած պայմանագրին, որտեղ ֆինանսական մանիպուլյացիաներ կամ մեքենայություններ են տեղի ունեցել։ Նաեւ ուսումնական նպատակով «Diamond DA 40» տեսակի օդանավ են վարձակալել, որի համար հայտարարված մրցույթում եւս խախտումներ են տեղի ունեցել։ Արդյունքում, ըստ դատախազության, 592 մլն դրամի օդանավի վարձակալության անհիմն ծախսեր են կատարվել՝ պետության համար առաջացնելով ծանր հետեւանք:

Նշված ժամանակահատվածից պարզ է դառնում, որ խոսքն այն ժամանակվա ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսեսյանի պաշտոնավարման շրջանին է վերաբերում, եւ թեպետ հաղորդագրության մեջ նրա անունը նշված չէ, բայց ենթադրելի է, որ քրգործով կարող է հենց նա անցնել կամ նրա հետ առնչություն ունեցող որեւէ մեկը։ Բացի այդ, սույն թվականի հունիսի 19-ին «Հետքը», հիմնվելով դարձյալ Հաշվեքննիչ պալատի հաշվետվության վրա, հոդված էր հրապարակել «Ուսումնական ինքնաթիռը կլորիկ եկամուտ է ապահովել քաղավիացիայի նախկին պետի եղբոր համար» վերտառությամբ, որտեղ հիշատակվում է հենց Արտյոմ Մովսեսյանի եւ նրա եղբոր անունը։

Մենք կապվեցինք Արտյոմ Մովսեսյանի հետ՝ լսելու նրա կարծիքը հարուցված քրգործի վերաբերյալ։ 

Մովսեսյանը, սակայն, պնդեց, թե իր պաշտոնավարման ժամանակ որեւէ չարաշահում չէր կարող լինել։

«Ես դետալներին ծանոթ չեմ, չեմ կարող որեւէ բան ասել, բայց չի կարող նմանատիպ բան լինել, որն իմ պաշտոնավարման ժամանակ առաջացնի որեւէ մի չարաշահոմ։ Երբ մանրամասներին կծանոթանամ, նոր կկարողանամ որեւիցե բան ասել,- ասաց պարոն Մովսեսյանը՝ ավելացնելով։- Չի կարող լինել որեւիցե մի բան, որ իմ կառավարման ժամանակահատվածում բացի դրականից ուրիշ թեմա լինի»։

Դատախազության հաղորդագրությունից մեջբերում արեցինք, թե ինչի մասին է խոսքը, Մովսեսյանը նորից կրկնեց, որ ծանոթ չէ, երբ ծանոթանա, կպատասխանի։

Հարցին՝ իրեն իրավապահ մարմիններից կանչե՞լ են հարցաքննության, Քաղավիացիայի կոմիտեի նախկին պետը բացասական պատասխան տվեց։

Այսինքն՝ պնդում է, որ իր մասնակցությամբ որեւէ չարաշահում չէ՞ր կարող լինել, Մովսեսյանն ասաց․ «Չի կարող լինել, ավիացիայի վարչությունում՝ բացարձակ։ Աշխատանքային թերություններ՝ ամեն տեսակի կարող են լինել, բայց չարաշահում չի կարող լինել»։

Նկատեցինք, որ դատախազությունը մանրամասն թվերով ներկայացրել է, թե ինչ չարաշահումներ են տեղի ունեցել, ինչին ի պատասխան՝ Արտյոմ Մովսեսյանն ասաց․ «Դե, դրանք կարող են լինել շատ տարբեր հիմնավորումներ, որոնց պատասխանները հետագայում կարող են լինել։ Ես չգիտեմ՝ ինչի մասին է խոսքը՝ էդ թվեր-մվերը, որ Դուք ասում եք»։