Հերոսներին ձերբակալում են, հերոսի արձան կոտրողին` ոչ

Հերոսներին ձերբակալում են, հերոսի արձան կոտրողին` ոչ

2022 թվականի ապրիլի 13-ին հայ հասարակությունը խոսում եւ վրդովվում էր, որ անհայտ անձը պղծել է հերոս Լեոնիդ Ազգալդյանի արձանը։ Նույն օրը ժամը 18։18-ին ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից Կենտրոնական բաժին հաղորդում էր ստացվել, որ ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել է, թե ապրիլի 13-ի ժամը 18։00-ն ընկած ժամանակահատվածում մուրճանման առարկայով վնասել են Մաշտոցի պողոտայի եւ Խորենացու փողոցի խաչմերուկում տեղադրված Արցախի հերոս Լեոնիդ Ազգալդյանի հուշարձանի դեմքի հատվածը:

Ոստիկանության Կենտրոնական բաժնի աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել էին արարքը կատարողի ինքնությունը: Երեւանի Մաշտոցի պողոտայի բնակիչ, 58-ամյա տղամարդը բերման էր ենթարկվել ոստիկանության Կենտրոնական բաժին եւ տվել խոստովանական ցուցմունք: Նա ձերբակալվել էր։ Երեք օր մեկուսարանում մնալուց հետո ազատ էր արձակվել։ Անմիջապես մեկուսարանից դուրս գալուց հետո 58-ամյա տղամարդը եկել էր «Հրապարակի» խմբագրություն եւ ասում էր, որ իրեն Կենտրոնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազորները ծեծի են ենթարկել, եւ հիմա բողոքում է՝ ոստիկանությունից իրեն չեն տրամադրում դատաբժշկի ուղեգիր ու քրեական գործ չեն հարուցում։ Սկզբում նա հրաժարվում էր ասել, թե ինչն է եղել իրեն բերման ենթարկելու պատճառը։ Իսկ երբ ասացինք, որ մինչեւ չիմանանք բերման ենթարկելու պատճառը, չենք կարող հրապարակում անել, խոստովանեց, որ ինքն է վնասել Ազգալդյանի արձանը, եւ սկսեց հիմնավորել, թե ինչու է նման բան արել: Ասում  էր, թե Ազգալդյանն է մեղավոր մեր բոլոր խնդիրների մեջ, եւ 2020 թվականի պարտության ու զոհերի մեղավորն էլ է նա։ Երկար հարցուփորձից պարզեցինք, որ նա Ազգալդյանի քրոջ հետ ինչ-որ խնդիրներ է ունեցել եւ ատում է Ազգալդյանների ողջ ընտանիքին: Դեպքից մեկ տարի անց պարզվում է՝ ոչինչ չի արվել այս մասով: Վանդալիզմի հեղինակը շարունակում է ապրել սովորականի պես: Քրեական վարույթ է հարուցվել տղամարդու դեմ, սակայն տղամարդն ազատության մեջ մինչ օրս հպարտանում է իր «հերոսությամբ», այն դեպքում, երբ չունի հոգեկան առողջության հետ կապված որևէ խնդիր:

Քննչական կոմիտեից Գոռ Աբրահամյանը «Հրապարակի» հետ զրույցում ասաց, որ հանցանք կատարող տղամարդը չունի որևէ առողջական խնդիր, գործին տրվել է ընթացք, այն այժմ դատարանում է: Դատախազությունից էլ մեզ հետ զրույցում ասացին, որ 2022 նոյեմբերին է գործը դատարան ուղարկվել, մի քանի դատական նիստ է եղել, սակայն գործը դեռ ընթացքի մեջ է: Մեզ ասացին, որ վարույթը հարուցվել է նոր քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի առաջին մասով: 

Հ.Գ Ստացվում է, որ մի իրականության մեջ ենք ապրում, երբ հերոսներին ձերբակալում են, հալածում, խոշտանգում, սակայն հերոսի արձան կոտրող վանդալիզմի հեղինակն ազատության մեջ վայելում է կյանքը` որևէ լումա իր կատարած հանցանքի համար չփոխհատուցելով:

Նշենք, որ Ազգալդյանի արձանը նորոգվել է այլ անձանց ջանքերով և միջոցներով, մինչդեռ վանդալիզմի հեղինակին անգամ պատշաճ մակարդակով չեն հարցաքննել, գործն ուղարկելով դատարան:

Տարակուսելի է, որ հանցանքը տեղի է ունեցել մեկ տարի առաջ, հանցագործը հայտնաբերվել է դեպքից անմիջապես հետո, սակայն գործը դատարանում ձգձգվում է, տպավորություն է, թե վանդալիզմի հեղինակին արդարացնելու ցանկությունն իրավապահների օրակարգում է: