Եթե չլինի շաբաթ օրերը դասերը լրացնելու տարբերակը, կքննարկվի հեռավար ուսուցման մոդելը

Եթե չլինի շաբաթ օրերը դասերը լրացնելու տարբերակը, կքննարկվի հեռավար ուսուցման մոդելը

Առնվազն մինչև մարտի 23-ը կրթական հաստատությունների աշխատանքը կդադարեցվի։ Այս մասին այսօր՝ մարտի 13–ին, ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով կորոնավիրուսի թեմայով կառավարությունում կայացած արտահերթ նիստին։ 

«Այդ ընթացքում՝ մարտի 18-ին, 19-ին մենք ևս մեկ անգամ կանդրադառնանք այդ թեմային և եթե անհրաժեշտություն լինի, կրկին կերկարաձգենք»,- նշեց Փաշինյանը։

Անտոն Չեխովի անվան հ. 55 հիմնական դպրոցի տնօրեն Գայանե Սարուխանյանից փորձեցինք ճշտել՝ կարո՞ղ է սա ազդել ուսումնական ծրագրի վրա, հնարավո՞ր է անցնեն հեռահար ուսուցման։  

Տնօրենի խոսքով՝ ամեն ինչ կախված է նրանից, թե կբավարարվեն այս արձակուրդով, թե նորից արձակուրդը կերկարացվի։

«Տեսնենք՝ ինչքան կերկարացվեն։ Եթե բավարարվենք առաջիկա մեկ շաբաթվա արձակուրդով, շաբաթ օրերի հաշվին, կարծում եմ, կկարողանանք լրացնել բացը։ Եթե այդպես լինի, ուսումնական ծրագիրը, բնականաբար, դրանից չի տուժի։ Եթե, իրավիճակից ելնելով, անհրաժեշտություն առաջանա ավելի հետաձգել դասապրոցեսը, յուրաքանչյուր դպրոց, կարծում եմ, իր ներքին մեխանիզմներով կկազմակերպի հեռահար ուսուցման որոշակի մոդել, որպեսզի մտավախություն չլինի, թե մենք ծրագիրը չենք կատարել»,-ասաց Գայանե Սարուխանյանը։

Դասերը լրացնելու մասով տնօրենը կարծում է, որ իրենք նախարարությունից, այնուհանդերձ, ցուցումներ կստանան։

«Դա պետք է լինի նախարարության կողմից մշակված մոտեցում, հանձնարարական կստանանք իրենցից, ուղղակի նորից կրկնեմ, որ կախված է նրանից, թե կսահմանափակվենք այս դադարով, թե ոչ։ Եթե չլինի շաբաթ օրերը դասերը լրացնելու տարբերակը, կարծում եմ՝ կքննարկվի մեխանիզմը՝ ինչպես անել հեռահար ուսուցման անցնելու համար։ Հեռահար ուսուցումը, գիտե՞ք, տարբեր կերպ կարելի է ընկալել։ Եթե կա դասընթացների արդեն մշակված որոշակի բազա, կարծում եմ, գերարագ ինտերնետ ունենալու պարագայում հնարավոր կլինի անցնել դրան, իսկ եթե չկա ու դեռ նոր պետք է այդ ամենը մշակվի, մտածում եմ՝ յուրաքանչյուր դպրոց իր մեխանիզմը պիտի գործի դնի։Մենք արդեն աշակերտների հետ դպրոցի ներսում ունենք հեռահար ուսուցման որոշակի փորձ, ինչը իրեն արդարացնում է, հանգիստ կարող ենք կապը պահել աշակերտների հետ։ Թեպետ դա բնականաբար չի կարող ամբողջությամբ փոխարինել կենդանի դասապրոցեսին, որովհետև մենք դեռ այդ ամբողջական ռեսուրսը չունենք։ Տեքստային միջոցով կարող են տրվել հանձնարարություններ, տեքստային աշխատանք, բառային աշխատանք, անգամ թելադրություններ»,- նշեց տնօրենը։

Տնօրենը կարծում է՝ յուրաքանչյուրը կարող է իր դիտարկումները ներկայացնել այս հարցի շուրջ, քանի որ բաց դաշտում աշխատելը հետաքրքիր է։

Անդրադառնալով նախորդ արձակուրդին, Սարուխանյանը նշեց, որ իր մոտ նույնպես տպավորություն կա, որ արձակուրդից հետո աշակերտները սկսեցին ավելի լավ հաճախել․ «Կարծես թե երեխաները հոգնել էին տանը մնալուց և հաճույքով հավաքվեցին։ Որոշ ծնողներ խոստովանում էին, որ երեխաները առողջ են, բայց վերապահումներ ունեն, դրա համար գերադասում են մնալ տանը, բայց դա մեծ տոկոս չէր կազմում։ Դասղեկները անպայման կապ էին պահում ծնողների հետ, ճշտում էին, թե կա հիմնավոր պատճառ տանը մնալու համար։ Բայց այդ արձակուրդից հետո մենք հաճախման շատ մեծ տոկոս ունեինք, դպրոցում սովորում է 1600-ին մոտ աշակերտ»։