Խեղճ Նիկոլ, որի՞ն կարգի հրավիրի

Խեղճ Նիկոլ, որի՞ն կարգի հրավիրի

Ես զգում էի, որ շրջակա միջավայրի նորանշանակ նախարար, Կոտայքի նախկին մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը շատ շուտով կինքնադրսևորվի նոր պաշտոնում: Չեմ կարող բացատրել, թե դա ինչ զգացողություն էր, բայց, ըստ երևույթին, կապված է քայլարածների անճարակ թիմի մասին իմ ունեցած պատկերացումների հետ: Այդ մարդիկ ոչինչ անել չեն կարողանում, և ուրեմն, ինչո՞ւ պետք է առանձին վերցված մի Ռոմանոս Պետրոսյան կարողանա: Այս առանձնյակն իր ՖԲ էջում գրել է. «Իմ կարգադրությամբ (՞՞՞՞, Էդ.Ա.) կկասեցվի Սևանի «Սպիտակ Շորժա» (White Shorja) հանգստի գոտու գործունեությունը, և ամենասեղմ ժամկետում կապամոնտաժվեն ապօրինի տաղավարներն ու ժամանցի ենթակառուցվածքները։ Հանգստի այս գոտու անունը վերջերս մամուլում լայնորեն լուսաբանվում է, նաև շահարկվում ու կապվում քաղաքական որոշակի շրջանակների հետ»: Զգացի՞ք իմքայլականի «ռազմախը»:

Դեռ նախարարի կաբինետ չմտած, դեռ Կոտայքի մարզպետի կոստյումը չհանած՝ Գեղարքունիքի մարզում լողափ է փակում: Հասցրե՞լ է ծանոթանալ Սևանի «Սպիտակ Շորժա» (White Shorja) հանգստի գոտու գործունեությանը, տեղյա՞կ է, որ համապատասխան կառույցները միանգամայն օրինակելի բնութագիր են տվել շայագործող կազմակերպությանը, փաստաթղթերով հիմնավորել, որ այդ կազմակերպության սեփականատերը իմքայլական հայտնի պատգամավորը չէ, որ այնտեղ կան ձևակերպված աշխատողներ, որ տեղադրված է նոր սերնդի ՀԴՄ, որ կազմակերպությունը օրենքով նախատեսված հարկային պարտավորությունների կատարումը սկսելու է սահմանված ժամկետներում: Եթե Ռոմանոս Պետրոսյանն այսքանն իմանար՝ միանգամից ՊԵԿ նախագահ կնշանակեին… թե չէ՝ շրջակա միջավայրի նախարար:

Ի դեպ՝ բիրդան նախարարների հետ պետք է զգույշ վարվել, զի այդպիսիք, որպես կանոն, անկանխատեսելի են լինում: Ռոմանոս Պետրոսյանը, որ Կոտայքի մարզպետի պաշտոնում աչքի է ընկել Աբովյանի քաղաքապետի ընտրություններում Նիկոլ Փաշինյանի թեկնածուի փառահեղ տապալումով, ամենայն հավանականությամբ այս նոր պաշտոնում փորձելու է վերականգնել իր բարի համբավը: White Shorja-ի փակումը (մինչև անգամ ապամոնտաժումը) Ռոմանոսի երախայրիքն էր այդ ճանապարհին: Պետք է հուսալ հիմա, որ նույն բախտին չեն արժանանա նաև այլ հանգստի գոտիներ, որտեղ սիրում են զվարճանալ ոչ միայն իմքայլականները, այլև ոտքերը Սևանի մեջ թրջելու եկած միջին վիճակագրական պողոսները:

Հա, ևս մի կարևոր հանգամանք, որ չի կարելի աչքաթող անել Նիկոլի, շիշ բռնողի, «Սպիտակ Շորժա» հանգստյան գոտու և, իհարկե, Ռոմանոսի մասնակցությամբ այս պատմության մեջ: Իշխանական դուխով թիմը որոշել է այս ամենն օգտագործել Նիկոլի PR-ի համար, բայց առայժմ չի ստացվում: Չօգնեցին ոչ շիշ բռնողին 10 հազար դրամով տուգանելու մասին բարձրագոչ հայտարարությունները, ոչ լողափը աննախադեպ 14 օրով փակելու որոշումը, ոչ էլ այն ասեկոսեները, թե Նիկոլը սաստիկ զայրացած է այնտեղ կազմակերպված Փարթիի կապակցությամբ, որին, ասում են, մասնակցել է նաև Մարիամիկ Փաշինյանը: Բայց ահա, Ռոմանոսն եկավ ու, «քըռթ», հարցը դրեց շեշտակի՝ փակել և ապամոնտաժել: Կօգնի՞ սա Նիկոլի PR-ին, հազիվ թե, բայց որ վնասելու է՝ հաստատ:

Ինչո՞ւ փակել, ինչո՞ւ ապամոնտաժել մարդու կահավորած հանգստյան գոտին, եթե իմքայլական պատգամավորն ու նրա հյուրերը սանձարձակ են և չեն ենթարկվում իմքայլական պարետի որոշումներին: Ավելի ճիշտ չէ՞ր լինի ապամանդատավորել իմքայլական պատգամավորին ու դրանով հարցը փակել: Չէ, եղբայր, սրանք ձախ ականջը գլխի հետևից աջ ձեռքով պիտի քորեն: Շրջակա միջավայրի նախարարը չգիտե՞ր, որ օգոստոսի 1-ից Փոքր Սևանում բացվել է լողալու սեզոնը:

Այդ սեզոնը լավագույն դեպքում կարող է ձգվել 25-30 օր, հետևաբար, Փոքր Սևանի առափնյա հանգստի գոտիներն ընդամենն այդքան օր ունեն զբոսաշրջիկներ ընդունելու և նրանց հանգիստը կազմակերպելու համար: Դու «Սպիտակ Շորժա» լողափը փակում ես, աշխատողներին թողնում ես անգործ, հովեկների հանգիստը փչացնում ես, որ ի՞նչ անես, այ Ռոմանոս: Էդ հանգստյան գոտին շահագործող ձեռնարկատիրոջ բիզնեսը «չուժոյ պախմել» փակում ես, որ ի՞նչ անես, պարոն մինիստր, դու գոնե մի անհատ ձեռներեցի չափ պետությանը հարկ վճարած կա՞ս, որ հարկատուին ստիպում ես պարապ նստել: Ասացեք խնդրեմ՝ իրենց քաղաքական շվաքից են հուշտ լինում: Ահավասիկ Ռոմանոսի քաղաքական հասունության ատեստատը. «Հանգստի այս գոտու անունը վերջերս մամուլում լայնորեն լուսաբանվում է, նաև շահարկվում ու կապվում քաղաքական որոշակի շրջանակների հետ»: Ենթադրենք մամուլը լայնորեն քննարկում է «հայտնի քաղաքական շրջանակներից» մի դուրսպրծուկի պահվածք, ի՞նչ է, դա պետք է հիմք դառնա միանգամայն կողմնակի անձի բիզնեսը փակելո՞ւ: Օրենք չկա՞ այս երկրում, չեմ հասկանում: Ձեր դուրսպրծուկին տուգանեք, դատեք, զրկեք մանդատից, ինչո՞ւ եք տասնյակներով մարդկանց թողնում անգործ: Նորից եմ կրկնում՝ ո՞ր օրենքով եք դա անում:

Կարող եք, իհարկե, ասել, որ զարմացել եք՝ Բաղրամյան փողոցի սպիտակ վրաններն այդ հանգստյան գոտում տեսնելով: Շատ լավ, ինչո՞ւ տիրոջը չեք հարցնում, թե ինչպես են այդ վրանները հայտնվել Սևանի ափին, ումի՞ց է գնել կամ ո՞վ է նվեր արել հարկատուների փողերով ձեռք բերված վրանները: Քրեական գործ բացեք պետական գույքը փողով կամ անհատույց մասնավոր սեփականատիրոջը հատկացնելու փաստով: Գուցե հենց ձեր դուրսպրծո՞ւկն է կազմակերպել, որից այդքան վախենում եք: Ու էս հասարակ բանից մի մեծ էշի հարսանիք եք սարքել ձեր գլխին: Ամոթ է, շուտով միջազգային մամուլը կսկսի գրել, որ ՀՀ վարչապետի թիմակիցները, ընդհուպ շրջակա միջավայրի նախարարի մակարդակով, մութ գործերով են զբաղված: 

Բայց այս պատմությունը, ավելի ստույգ՝ այս պատմության քաղաքական բաղադրիչն այսքանով չի ամբողջանում: Այլ խոսքով՝ դեռ հետևանքներ կլինեն, որոնց բեռը Փաշինյանն է կրելու: Լրատվամիջոցները գրում են. «Բանը կհասնի՞ նրան, որ աղմկոտ պատմության առիթ տված պատգամավորը ցած դնի մանդատը: Նա համարվում է վարչապետ Փաշինյանի հեղափոխական ուղեկցող: Մյուս կողմից, Ռոմանոս Պետրոսյանն էլ, ըստ մամուլի հրապարակումների, համարվում է քաղաքական թիմում Նիկոլ Փաշինյանի վստահելիներից մեկը: Անշուշտ, նախարարի պաշտոնում նշանակումը դրա վկայությունն է, առավել եւս մի նախարարության, որն առնչվելու է չափազաց նուրբ եւ բարդ թեմաների: Իհարկե, դա նաեւ ավելի արագ սայթաքելու ռիսկ է, բայց Փաշինյանը ներկայում հազիվ թե ունի սայթաքող նախարարների կարիք»: Սա ի՞նչ է նշանակում: Սա նշանակում է, որ հազար ու մի գեղեցիկ խոստումներով իշխանության եկած Փաշինյանը, բացի այն, որ ոչինչ չի արել այդ խոստումների կատարման ուղղությամբ, այսօր կանգնել է սեփական թիմում կարգուկանոն հաստատելու անշնորհակալ գործի առաջ: Ճտերը մեծացել են, փողի համն առել, բոչկա են գլորում միմյանց վրա՝ նախարարը՝ պատգամավորի, պատգամավորը փոխվարչապետի, վարչության պետի կինը բաժնի վարիչի կնոջ… Խեղճ Նիկոլ, որի՞ն կարգի հրավիրի: