Ամբողջ ազգը քո հետ է. քաղաքացիները ծափահարություններով ողջունեցին գլխավոր դատախազին (տեսանյութ)

Ամբողջ ազգը քո հետ է. քաղաքացիները ծափահարություններով ողջունեցին գլխավոր դատախազին (տեսանյութ)

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր Վերաքննիչ քրեական դատարանում հանդես եկավ ելույթով Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով մեղադրող կողմի բերած բողոքների քննության նիստին։

Ելույթից հետո գլխավոր դատախազը դատարանին միջնորդեց բեկանել առաջին ատյանի կայացրած որոշումները, որոնք իրենք որակում են ապօրինի և անօրինական․ «Ստեղծված իրավիճակում միակ համաչափ խափանման միջոցը կալանավորումն է, որպես խափանման միջոց»։

Նա նաեւ կոչ արեց դատարանին չտրվել սառնալիքներին և կայացնել արդարացի որոշում․ «Ձեզ հնչում են սպառնալիքներ, որոնց ես չեմ կարող չանդրադառնալ։ Անմեղ ձևակերպումներով, որ ամեն մեկը իր արարքի համար ենթարկվելու է պատասխանատվության, բանականաբար այլ նպատակներ է, մեր ենթադրությամբ հետապնդում։ Ակնհայտ է, դա բացարձակ ճշմարտություն է, որ յուրաքանչյուրն իր արարքի համար է պատասխան տալու հենց այս դատավարությունը դրա վառ արտացոլումն է։ Շատ խորհրդանշական է, որ այդ արտահայտությունը կատարվում է հենց մեղադրյալի կողմից»։

Արթուր Դավթյանի ելույթից հետո քաղաքացիները ծափահարություններով ողջունեցին նրան։ Քոչարյանի պաշտպաններն եւս ծափահարեցին, ամենայն հավանականությամբ ոչ թե ողջունելով գլխավոր դատախազի ելույթն, այլ հեգնելով ծափահարողներին։

Ելույթից հետո հայտարարվեց 5 րոպե ընդմիջում, այդ ընթացքում Քոչարյանին դեմ քաղաքացիները դիմելով դատախազին՝ ասացին, որ ազգն իր հետ է։