Պատերազմի շները կամ «ՄԶԿ Վագներ»

Պատերազմի շները կամ «ՄԶԿ Վագներ»

Ինչո՞վ կհիշվի 21-րդ դարը: Տեխնոլոգիական հզոր առաջընթացով, կլիմայական աղետներով, համաշխարհային քաղաքականության խառնիխուռն մանեւրներով եւ, անկասկած, դաժան եւ արյունալի պատերազմներով: Պատերազմներ, որոնք ծայրաստիճան լարված են պահում տարածաշրջաններ, սպառնալիք են համայն մարդկության մշակութային անցյալին եւ քաղաքակիրթ կենսակերպով ապագային:

Երկրագնդի տարբեր մասերում սկիզբ առած հակամարտություններից շատերը վերածվեցին իսկական պատերազմների՝ դասական կանոններով: Ռազմի դաշտի վերածվեցին բոլոր հարթակները՝ տեղեկատվական, տնտեսական, մշակութային եւ, իհարկե, հողը, երկինքը, ծովերն ու օվկիանոսները: Բնականաբար, բոլոր հարթակներում էլ կան յուրայիններ եւ թշնամիներ: Մեծ եւ հզոր պետությունները հովանավորում, զինում եւ ուսուցանում են միմյանց միս կրծող առավել նվազ «եղբայրներին», որպեսզի վերջիններս ավելի կատաղի միմյանց մասնատեն, ինչի արդյունքում նրանց բնական ռեսուրսների պաշարներն անցնեն հովանավորների վերահսկողության տակ: Բայց եթե հզորների ներկայությունը կամ ներգրավվածությունը մեծ կոնֆլիկտներին անցյալում, որպես կանոն, պայմանավորված էր նրանց ռազմական կոնտինգենտի առկայությամբ, այժմ իրավիճակն այլ է: Հովանավորներին պետք չէ, որ մարտնչող երկրների համար զոհվեն սեփական զինվորները, աճեն իրենց երկրների ազգաբնակչության դժգոհությունները եւ այլն: Շատ ավելի հեշտ ճանապարհներ կան՝ դարերի փորձություններով անցած, դա «պատերազմի շների» կամ այլ կերպ ասած՝ վարձկանների ձառայություններից օգտվելն է: Հիշո՞ւմ եք դասականի խոսքը․ «Հնչեցրեք ռազմի շեփորները, բաց թողեք պատերազմի շներին…»:

19-րդ դարից սկսած՝ աշխարհը պառակտող Ռուսաստանը, հասկանալով այս ամենը, վերջերս սկսել է կիրառել այդ մեթոդները: Գիտակցելով, որ սեփական զինվորներին թնդանոթի միս սարքելով դժգոհություններ են հասունանում հասարակության մեջ, եւ  զինվորական լավ պատրաստություն անցած մասնագետները զորացրվելուց հետո, գործազրկության պայմաններում, շեղվում են դեպի քրեական ճանապարհ, կառավարությունը որոշեց վարձկաններ վերցնել, մանավանդ որ ռազմական գործողությունների թատերաբեմերի պակաս չկա՝ Ուկրաինա, Սիրիա, Լիբիա, աֆրիկյան մայրցամաք: Նման կազմակերպությունները, քիչ թե շատ միջազգային օրինականության դաշտ բերելու նպատակով, կազմավորվեցին եւ սկսեցին անվանվել «Մասնավոր զինվորական կազմակերպություններ»՝ ՄԶԿ, կամ՝ ՉՎԿ-ներ (ռուս.):

Ռուսական առաջին եւ ամենահզոր ՄԶԿ-ն «Վագներն» է կամ «Վագների խումբը»: Ինչ են հայտնում բաց աղբյուրները․ կազմավորվել է, ենթադրաբար, 2013 թվականին ստեղծված, ապա 2014-ին լուծարված «Սլավոնական կորպուս» կիսալեգալ ռազմականացված կազմակերպության հենքի վրա, 2014-ին, Դմիտրի Ուտկինի կողմից, որը ռուսական զինուժի պահեստազորի փոխգնդապետ է: Ռուսաստանյան մամուլը նշում է, որ «Վագների» իրական կազմակերպիչը եւ հիմնական ֆինանսավորողը սանկտպետերբուրգցի հայտնի գործարար-միլիոնատեր, Պուտինի մտերիմ Եվգենի Պրիգոժինն է: Իսկ ինչո՞ւ հիմնական ֆինանսավորողը․ որովհետեւ բացի Պրիգոժինից ՄԶԿ-ն օգտվում է նաեւ պետական ռեսուրսներից, քանի որ, ըստ Կրեմլի պաշտոնական աղբյուրների, ՄԶԿ-ն պետական եւ մասնավոր ներգրավվածությամբ նավթագազային վերամշակման կազմակերպությունների հետ ունի մեծածավալ պայմանագրեր, համաձայն որոնց՝ նրա մարտիկներն իրականացնում են այդ կազմակերպությունների գործարանների անվտանգության աշխատանքները, բնականաբար՝ աշխարհի ամենաթեժ կետերում:

Ասել է թե՝ որտեղ չպետք է լինեն Ռուսաստանի զինված ուժերը, այնտեղ կարող են լինել ռուսաստանյան ուժեր, որոնք պաշտոնապես «ոչ մի կապ չունեն Կրեմլի հետ», քանի որ գրանցված են օֆշորում: Զորօրինակ, նրա նախորդ՝ «Սլավյանսկի կորպուսը» գրանցված է եղել Հոնկոնգում: Նշեմ, որ ՄԶԿ-ն հաստիքային կառուցվածքով շատ նման է ԳՇ ենթակայության տակ գործող հատուկ նշանակության ուժերի ստորաբաժանումներին: Մարտիկների ընտրությունը կատարվում է բացառապես ՌԴ ԶՈւ հատուկ նշանակության ստորաբաժանումներում ծառայած նախկին զինծառայողներից, որոնք, անցնելով նախնական ընտրության փուլը, վերապատրաստվում են ՌԴ ԶՈւ հարավային ռազմական օկրուգի մարզական բազաներում: Հատկանշական է այն, որ ՄԶԿ-ն առաջնահերթություն է տալիս հատուկ պատրաստություն անցած արագ արձագանքման ուժերի նեղ մասնագետներին՝ գնդացրորդ, նռնակաձիգ, կապավոր, սակրավոր եւ նմանատիպ այլ նեղ մասնագիտական հմտություններ ունեցող կամավորների պահանջարկն ավելի մեծ է, հետեւաբար՝ մեծ վարձատրությամբ, քան, ասենք, հրետանավորին կամ տանկիստինը (որպես կանոն, նրանց վերապատրաստում են որպես ականանետային հաշվարկի մարտիկներ):

Հետ դառնանք ՄԶԿ-ի կազմավորման պատմությանը: 2013 թվականին, արդեն որպես ռազմական կառույց, իր կանոնակարգով եւ ստորաբաժանումներով «Սլավյանսկի կորպուսն» ակտիվ մասնակցություն էր ցուցաբերում Ուկրաինայում ընթացող ռազմական գործողություններին՝ անջատողական Լուգանսկի եւ Դոնեցկի մարզերի կողմից, Սիրիայի Արաբական Հանրապետության տարածքում, համաշխարհային օվկիանոսներում նավթային տանկերները պահպանելով ծովահեններից: Գերազանց մարտական մկրտություն ստանալով ուկրաինական մարտերում՝ նրա հեղինակությունը համեմատաբար ավելին էր, քան նույն շրջաններում կռվող կոզակական միավորումներինը, որոնք նրանց զիջում էին թե՛ պատրաստվածությամբ, թե՛ կարգապահությամբ: «ՍԿ»-ի մարտիկները բացառապես նախկին զինվորականներ էին՝ մեծամասամբ արդեն մարտական գործողությունների հարուստ փորձով: Կարճ ժամանակում վստահություն եւ հարգանք ձեռք բերելով՝ նրանք կարողացան իրենց շարքերը ներգրավել տարբեր կամավորական ջոկատներից փորձառու մարտիկների՝ հիմնականում «Ենոտ»» խմբավորումից, որոնք նույնպես պրոֆեսիոնալ անձնակազմ ունեին, բայց զգալի զիջում էին «ՍԿ»-ին եւ գործում էին միայն Լուգանսկի շրջանի տարածքում: Բնականաբար, «ՍԿ»-ի թափ հավաքելը չէր կարող աննկատ մնալ ռուսական իշխանությունների կողմից, որոնք մեկ տարվա ընթացքում 150 հոգանոց ջոկատից վերածվել էին լուրջ կառույցի՝ մոտ 500 հոգանոց անձնակազմով (այլ աղբյուրների պնդմամբ՝ 700-800): 

Մեկ շատ կարեւոր հանգամանք եւս: Ուկրաինայում մասնակցելով մարտական գործողություններին՝ «ՍԿ»-ն ինքնաֆինանսավորվել է, այսինքն՝ անջատողական շրջանների ադմինիստրացիան նրանց գումարներ չի հատկացրել, հավանաբար, թույլ է տվել օգուտ ստանալ ռազմավարից կամ կոզակական միավորումների օրինակով հարկեր է սահմանել հարուստ գործարարների նկատմամբ: «Սլավյանսկի կորպուսի» պաշտոնական համահիմնադիրներ Վադիմ Գուսեւը եւ Եվգենի Սիդորովը 2014 թվականի հոկտեմբերին Մոսկովյան դատարանի կողմից դատապարտվում են 3-ական տարվա ազատազրկման, ՌԴ ՔՕ 359 հոդվածով (վարձկանություն): Բնականաբար, ինչպեսեւ սպասելի էր, պատժի կրումից խուսափելու դիմաց նրանք հրաժարվում են իրենց կազմակերպությունից հօգուտ արդեն վերեւում հիշատակված Դմիտրի Ուտկինի, որն այդ ժամանակահատվածում հանդիսացել է ՌԴ ԶՈւ գործող սպա, 700-րդ առանձին հատուկ նշանակության ջոկատի հրամանատար, որը ենթարկվել է 2-րդ հատուկ նշանակության բրիգադին (ՌԴ ԳՇ ԳՎ): Համաձայն նրա անձնական տվյալների՝ ՌԴ ԶՈւ կազմում Ուտկինը ծառայել է մինչեւ 2013 թվականը, որը կեղծիք է, քանի որ Ուտկինը, լինելով գործող սպա, «Սլավյանսկի կորպուսի» սիրիական կոմպանիաներին մասնակցել է որպես հրահանգիչ, իսկ հետագայում արդեն ղեկավարության հեռահար պլաններ աչքի առաջ ունենալով՝ «զորացրվել» է եւ մասնակցել Ուկրաինայում ընթացող մարտերին: Ինչեւիցե, Գուսեւի եւ Սիդորովի հեռացումից հետո «Սլավյանսկի կորպուսը» վերանվանվում է «Վագներ» եւ անցնում Ուտկինի ենթակայության տակ: Հարկ է ձեր ուշադրությունը հրավիրել այն հանգամանքին, որ «Վագներ» անվանումը պատահական չէ, դա Ուտկինի ծածկանունն է, որով նա մասնակցել է ուկրաինական պատերազմին:


Կարեն ՄԵԼՅԱՆ
շարունակելի