Արթուր Մանուկյանն առաջին աշխատավարձի օրը զարմանքից սկսել է կակազել

Արթուր Մանուկյանն առաջին աշխատավարձի օրը զարմանքից սկսել է կակազել

Ինչպես գիտենք, օրեր առաջ իշխող խմբակցությունը միանձնյա ընտրեց Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամներ: Իշխող Քաղպայմանագրի թեկնածուները երկուսն էին՝ Տեր-Պետրոսյանի շրջանի մշակույթի նախարար Հակոբ Մովսեսը եւ դերասան, ԱԺ նախկին պատգամավոր Արթուր Մանուկյանը։ Վերջինիս հետ կապված, պարզվեց, որ նա ոչ ավել, ոչ պակաս՝ միլիոնատեր է։ Եւ այդ փաստը, կարծես, սառը ցնցուղ էր շատերի համար: Նրա եկամուտների հայտարարգրում նշված է բավականին պատկառելի ունեցվածք, որի մի մասը հենց անցած տարի է ձեռք բերվել եւ մոտ 4 մլն ԱՄՆ դոլար գումար։ Թե որտեղից, ինչպես կարող էր շարքային դերասանը եւ անգամ շարքային պատգամավորն այդքան ունեցվածք ունենալ՝ հայտնի չէ: Այս եւ այլ թեմաների մասին «Հրապարակը» զրուցել է ռեժիսոր, դրամատուրգ Լիանա Անթառանյանի հետ, ով հայտնի դերասան Կարեն Ջանիբեկյանի կինն է: 

- Լիանա, հավանաբար տեղյակ եք, որ ՀՌՀ անդամ է ընտրվել դերասան Արթուր Մանուկյանը, որն այս ընթացքում հասցրել է 4 մլն դոլար գումար աշխատել: Հայաստանում մշակութային գործիչներն առհասարակ մի՞շտ են այսքան հարուստ եղել: 

- Անկեղծ ասած ապշած եմ: Արթուր Մանուկյանը, երբ պատգամավոր դարձավ ինքն էլ էր շատ զարմացած: Ասեմ ավելին՝ առաջին աշխատավարձը ստանալու օրը նա զարմանքից սկսել է կակազել: Ինքն իրենից զարմացած էր: 

-Իսկ Ձեզ որտեղի՞ց այդ ինֆորմացիան: 

- Ես սա գիտեմ ներքին խոհանոցից: 

- Արթուր Մանուկյանը խոսում է բարձր արվեստից, հեռուստատեսության բացերից, հանրության գեղագիտական ճաշակի վրա ազդող հեռուստասերիալներից, սակայն հենց ինքը տարիներ առաջ դերասան Սերգեյ Դանիելյանի հետ մի նախագիծ ներկայացրեց, որը, կարծես, բարձր արվեստին այնքան էլ մոտ չէր: Հիմա կարո՞ղ ենք սպասելիքներ ունենալ նրանից՝ այս առումով: 

- Այստեղ հարցն այլ է: Գուցե եկել է այն գիտակցության, որ իր արածը նախկինում հիմարություն էր: Ես նախկին իշխանություններին մի բանի համար չեմ ներում. երբ Սունդուկյանի բեմահարթակում Հովհաննես Ազոյանը, Հայկոն եւ էլի որոշները ծաղրում էին իրենց, նրանք այդ անհասկանալի աղբյուրները չփակեցին: Պետք է արգելեին այդ ամենը: Սա նախկին իշխանությունների բացթողումն է: Այսօր, գուցե, Արթուր Մանուկյանը հասել է այն գիտակցությանը, որ մեզ բարձր արվեստ է հարկավոր: Այսօր գուցե Արթուր Մանուկյանի համար լավ շրջան է, իսկ ահա արվեստի մնացյալ բնագավառներում մարդիկ սովից մատն են ծծում: Էստեղ հարց է առաջանում, թե էն գլխից արվեստագետն ինչո՞ւ է այսքան վատ վարձատրվել: Ինչ վերաբերում է սերիալներին, ասեմ, որ մարդիկ դրանով հացի գումար են աշխատում: Ո՞նց կարող է արվեստագետը հասնել այդ դիրքին ու մոռանալ իր անցած ճանապարհը, մոռանալ ուրիշներին: Եթե սերիալները ցանկանում են վերացնել մեր իրականությունից, ապա թող իրենց ուղեղներն աշխատեցնեն ու նոր բան մտածեն, որպեսզի դերասանը քաղցած չմնա:

Նկատենք, որ վերոնշյալ հարցազրույցից ժամեր անց պարզ դարձավ, որ Մանուկյանի՝ միլիոնատեր լինելու մասին լուրը վերջինիս անփութության հետեւանքով առաջացած անճշտություն է։

Հայկ Գեւորգյան