Ինչո՞ւ երաշխավորված չենք անգրագետ համայնքապետերից

Ինչո՞ւ երաշխավորված չենք անգրագետ համայնքապետերից

Դիլիջանի համայնքապետի «արու» ԺՊ Դավիթ Սարգսյանի թերի կրթությունն ու արտառոց լեզվիմացությունը մոտ մեկ շաբաթ շարունակ դարձել էին Ֆեյսբուքի ու լրատվադաշտի սարկազմի առարկան: Մարդիկ զվարճանում էին քաղաքապետի ինքնակենսագրականում տեղ գտած «սեռասահմանման» առիթով՝ «արու», համեմատում էին նրա կենսագրականում ներկայացված տվյալները՝ գալով եզրակացության, որ քաղաքապետն ընդամենը 3 տարի է սովորել դպրոցից հետո, զարմանում էին, որ անգրագետ քաղաքապետի ԺՊ է նշանակվել մեր չքնաղ Դիլիջանում, պարզ ասած՝ «ղժժում» էին այնպես, որ խեղճ ԺՊ-ն ստիպված էր պաշտպանվել ԶԼՄ-ների «ցնդաբանությունից»՝ ասելով, որ տարածված ինքնակենսագրականն ինքը չի գրել:

Իրականում, խնդրի երգիծական մասը մի կողմ դնելով, հասկանում ենք, որ ծիծաղելի ոչինչ չկա: Այսպիսի մարդիկ հայտնվում են պաշտոնի ոչ թե այն պատճառով, որ ունեն հզոր պաշտպաններ, տվյալ դեպքում ի դեմս Փաշինյանի եղբորորդի Սիփանի, այլ որովհետեւ օրենքով քաղաքապետի կամ ավագանու անդամի հետ կապված գրագիտության, կրթական ցենզի պահանջ չի դրվում:

«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում համայնքի ղեկավարի վերաբերյալ ընդամենը նշվում է, որ պետք է նրա 25 տարին լրացած լինի, տվյալ համայնքում առնվազն վերջին երկու տարվա հաշվառում ունենա եւ լինի ՀՀ ընտրական իրավունք ունեցող քաղաքացի: Այս դրույթը 2002 թվականից չի փոխվել, թեեւ ՏԻՄ օրենքը երկու անգամ վերամշակվել է: Ե՛վ նախկին, ե՛ւ ներկա վարչակազմերին, անգրագետ համայնքապետեր ունենալու առումով, այն ձեռնտու է եղել, քանզի գրագետ մարդկանց կառավարելը դժվար է: Դա է պատճառը, որ ՏԻՄ ղեկավարների մի մասը փորձանք է դառնում հանրության եւ համայնքի տառաճանաչ բնակիչների գլխին:  

ՀԳ․ Ի դեպ, նախկին քաղաքապետը՝ 2005-ից Դիլիջան համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած Արմեն Սանթրոսյանը, եւս 7 համայնքապետերի հետ դիմել է Սահմանադրական դատարան՝ վիճարկելով իրենց լիազորությունները դադարեցնելու կառավարության որոշումը։