Եղեռնի 100-ամյակը նշվեց, նկարիչներին պատվեր չտվեցին․ Սամվել Սեւադան մշակույթի նախարարության անհրաժեշտության մասին

Եղեռնի 100-ամյակը նշվեց, նկարիչներին պատվեր չտվեցին․ Սամվել Սեւադան մշակույթի նախարարության անհրաժեշտության մասին

«Կատեգորիկ դեմ եմ»,- այսպես արձագանքեց գեղանկարիչ Սամվել Սեւադան մեր հարցին, թե պե՞տք է միավորվեն մշակույթի եւ կրթության եւ գիտության նախարարությունները։

«Մշակույթի ոլորտում էնքան գործ կա անելու։ Եթե միացնեն մշակույթի եւ կրթության ու գիտության նախարարությունները, դա լրիվ ուրիշ բան է դառնում, մի քայլ հետ ենք գնում՝ մեր բոլոր խնդիրներով։ Հիմա նկարիչների միության համագումարում եմ, եւ լիքը դարդ ու ցավ կա, լիքը պրոբլեմներ, որոնք համարյա անլուծելի են։ Ես դեմ եմ, որ այդ երկու նախարարությունները միավորվեն»,- ասաց գեղանկարիչը։

Նրա կարծիքով՝ մշակույթի նախարարությունը պետք է կազմակերպի միջոցառումներ։ Սամվել Սեւադան հիշում է, որ նախկինում, սովետի ժամանակ, մշակույթի նախարարությունը նկարիչների միությունից նկարներ է գնել, պատվերներ են տվել։ «Տեսեք, օրինակ, եղեռնի 100-ամյակը նշվեց, ոչ մի պատվեր չտվեցին նկարիչներին, ոչ մի նկար չվաճառեցին, դա ո՞վ պետք է աներ՝ մշակույթի նախարարությունը։ Ես այսքան ժամանակ չեմ լսել, որ նկարիչների միությունը պատվերներ տա նկարիչներին, գնումներ կատարի, ինչը շատ կարեւոր է»,- ասաց մեր զրուցակիցը։

Մեր դիտարկմանը, որ այժմ սովետական ժամանակներ չեն, արվեստագետը պետք է ազատ լինի գերատեսչական հրահանգներից, Սամվել Սեւադան արձագանքեց․ «Էլի թող ազատ ստեղծագործի, ո՞վ է բան ասում։ Բայց թեմատիկ ցուցահանդես է բացվում, եւ պետք է տեսնել, թե նկարիչներն ինչ են մտածում եղեռնի մասին, մարդիկ մեծադիր կտավներ չեն ստեղծում, որովհետեւ պատվիրատու չկա, գնորդ չկա։ Իսկ պատվիրատուն պետք է լինի հայոց պետությունը՝ ի դեմս մշակույթի նախարարության»։