Վալուևը մեկնաբանել է իր մուտքն Ադրբեջան արգելելու որոշումը

Գրել ենք, որ Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել և հայտնել ՌԴ պատգամավոր, իշխող «Եդիննայա Ռոսսիա» կուսակցության ներկայացուցիչ Նիկոլայ Վալուևի մուտքն Ադրբեջանի արգելելու մասին:
Պատճառն, ըստ պաշտոնական հաղորդագրության, Բաքվում «Ռուսական տան» փակվելու հետ կապված նախկին հռչակավոր մարզիկի կողմից, իբր, «ադրբեջանցի ժողովրդի և երկրի մասին վիրավորական արտահայտություններն են»:
Ռուս պատգամավորն արձագանքել է Ադրբեջանի ԱԳՆ-ի որոշմանը և նշել, որ «զարմացած է» Ադրբեջան մուտքի արգելքից:
«Զարմացած եմ: Բացարձակ նեղված չեմ այդ առիթով: Ես չեմ կարող հասկանալ, թե ինչպես կարող են զգացմունքները գերակայել դիվանագիտությանը: Իրական պատճառներն ինձ համար պարզ չեն։ Վիճարկե՞լ: Իսկ ի՞նչ իմաստ ունի: Ես նրանց ոչ մի կերպ չեմ սպառնացել։
«Ռուսական տան» փակման վերաբերյալ ես հայտնել եմ իմ կարծիքը և հավատարիմ եմ մնում դրան։ Անգամ այս ցուցակում ընդգրկվելուց հետո ես Ադրբեջանը համարում եմ բարեկամ երկիր և հուսով եմ, որ այս ամենը կհարթվի»,- ասել է նա ռուսական լրատվամիջոցների հետ զրույցում։
Կարծիքներ