Ձեռառնոցիից մինչև ողբերգություն

Ձեռառնոցիից մինչև ողբերգություն

Տարածված տեսություններից մեկի համաձայն, արևմտահռոմեական կայսրությունը կործանվեց Հռոմի հասարակությանը պատած բարոյական անկման հետևանքով: Զարմանալի է, որ այդ անկումը տեղի ունեցավ այն ժամանակաշրջանում, երբ արտաքին սպառնալիքները ոչ թե չեզոքացված էին, այլ հասել էին լուրջ մակարդակի: Ինչը պետք է միավորեր հասարակությանը հանուն պետականության պահպանման: Սակայն տեղի ունեցավ ճիշտ հակառակը՝ ստացվեց մոտավորապես «խրախճանք ժանտախտի ժամանակ» երևույթին համապատասխան: Կարծում եմ, որ քրիստոնեական Արևմուտքն այսօր բռնել է հենց այդ ճանապարհը: Ինչը մեր երկրի համար, որի ղեկավարությունը ձգտում է դեպի աշխարհի այդ կողմը, խիստ վտանգավոր է օբյեկտիվորեն: Այն տհաճ է նաև զուտ անհատական մակարդակում, քանի որ մինչև 44-օրյա պատերազմը շուրջ երկու տասնամյակ կյանքս նվիրել եմ արևմտյան արժեքների հաստատմանը մեր երկրում:

Ինչևէ, քանի գնում այնքան շատանում են ողջ քաղաքակրթության՝ դեպի կործանում տանող դրսևորումները: Դրա «լավագույն» օրինակները տվել են Փարիզում անցկացվող 33-րդ Օլիմպիական խաղերը՝ սկսած բացումից: Մինչ դրան անդրադառնալը մեկ թարմ օրինակ Մեծ Բրիտանիայից կամ այն երկրից, որը ժամանակին իրավամբ կրում էր այդ անվանումը: Եթե կարճ ներկայացնեմ «Հրապարակ»-ի հաղորդումը բրիտանական վերջին նորարարության մասին, ապա այն կրում է հետևյալ տեսքը: ՄԹ-ում պացիենտի՝ անկախ սեռից, ռենտգենյան ստուգում անցկացնելուց առաջ բժիշկները պարտավոր են տեղեկանալ, թե հղի չէ արդյոք վերջինս: Պարզվում է, որ մինչ այդ դեպք է եղել՝ կապված տրանսգենդեր տղամարդուն համակարգչային տոմոգրաֆիկ հետազոտություն իրականացնելու առումով: Կոնկրետ այդ անձի առումով հետևանքների մասին չի հաղորդվում, բայց կարևորը «դաս առնելն» էր:  Եվ չնայած բժիշկներից ոմանք կոչ են արել իշխանություններին այս հարցում ողջամտություն ցուցաբերել, կարծում եմ, որ այդ կոչը կմնա անարձագանք:

Մեկ այլ օրինակ արդեն ՕԽ-ից՝ պարզվում է, որ ալժիրցի բռնցքամարտիկ(ուհի) Իման Խելիֆը, ով դարձել է օլիմպիական չեմպիոն կանանց՝ մինչև 66 կգ քաշային կարգում, համացանցում բուլիինգի (ծաղր, վիրավորանք և այլն) առնչությամբ բողոք է ներկայացրել Փարիզի դատախազություն։ Ասեմ, որ բողոքն «արդարացի» է, քանի որ Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախը մինչ այդ դժգոհել է, որ ՄՕԿ-ը չունի տղամարդկանց կանանցից տարբերելու՝ «գիտականորեն ապացուցված համակարգ»: Բայց նման միջոց վաղուց է հայտնի. Դա տղամարդուն բնորոշ XY-քրոմոսոմների և տեստոստերոնի (արական սեռական հորմոնի) բարձր մակարդակի առկայության ստուգումն է: Ինչն օգտագործվում է, օրինակ, Բռնցքամարտի միջազգային ասոցիացիայի (IBA) կողմից: Բայց քանի որ IBA-ի ներկայիս նախագահ Ումար Կրեմլևը ռուսաստանցի նախկին գործարար է, ՄՕԿ-ին ձեռք է տալիս գնալ ընդդեմ ողջախոհության՝ ինչպես անգլիացիների դեպքում էր:

Ի դեպ, կա մեկ այլ՝ ոչ այնքան գիտական, սակայն խիստ ցուցադրական տարբերակ, ինչն արդեն դարձել է և կամ հենց սկզբից եղել է առասպել: Ըստ դրա, մինչև 16-րդ դարը՝ մի քանի հարյուրամյակ, Հռոմի պապ ընտրված թեկնածուի տղամարդ լինելը ստուգվել է հատուկ ընթացակարգով: Այսինքն, գոյություն է ունեցել պապի թեկնածուի սեռի որոշման ընթացակարգ՝ օգտագործելով ճեղքավոր աթոռը, որը հայտնի է որպես «Sella (տարբերակ՝ Sedes) Stercoria» (լատիներեն նշանակում է «գոմաղբի աթոռ»): Աթոռը դրվել է բարձր մի տեղ, իսկ ներքևից ստուգվել է պապի տղամարդ կամ կին լինելը: Այդ երևույթի համար հիմք է ծառայել, ըստ որոշ հեղինակների, պապ Ջոանի լեգենդար կերպարը, ով կին լինելով՝ իբր թե երկուսուկես տարի զբաղեցրել է պապական գահը Հովհաննես VIII անունով: Պապական մի շքերթի ժամանակ, ըստ լեգենդի, նա ծննդաբերել է և դրանից հետո մահացել կամ սպանվել է երթի մասնակիցների կողմից:

Ինչևէ, եթե ՄՕԿ-ին ձեռք չի տալիս Բռնցքամարտի միջազգային ասոցիացիայի՝ գիտականորեն ապացուցված համակարգը, ապա կարող է կրկօրինակել վերը նկարագրված տարբերակը, ինչը հաստատ տարաձայնության տեղիք տալ չի կարող: Իսկ եթե ավելի լուրջ, ապա մարդկային փոքրամասնությունների նկատմամբ հանդուժողականության ծայրահեղականացումը կարող է բերել սկզբում նման անհեթեթ իրադարձությունների: Իսկ դրանք արդարացնելն՝ անհեթեթ մտքերի: Բայց հետո դրանք կարող են վերածվել շատ ավելի լուրջ ու ծանր հետևանքների: