Խաղաղության դարաշրջանի մունետիկները

Խաղաղության դարաշրջանի մունետիկները

Իշխող «Քաղպայմանագիր» խմբակցությունում, այսպես կոչված, հայ-թուրքական բարեկամության լոբբիստների խումբ է ձեւավորվել, որոնց ուսերին է դրված համառ ու հետեւողական քարոզչություն իրականացնել հանուն «խաղաղության դարաշրջանի», հայ-թուրքական բարեկամության եւ երկու՝ խիստ անհավասար պայմաններում հայտնված ժողովուրդների միջեւ խաղաղ գոյակցության։ Անհավասար, որովհետեւ զոհի ու մարդասպանի միջեւ խաղաղ գոյակցություն հաստատել պարզապես հնարավոր չէ։

Այս խումբը կազմված է ոչ թե երիտասարդ սորոսականներից, որոնք հայ-թուրքական բարեկամության ջատագովներն են, այլ ավելի հասուն գործիչներից, որոնք կարող են վստահություն ներշնչել եւ ավելի ընդունելի լինել հասարակության կողմից։ Այն համալրված է հիմնականում իշխանական «վետերաններով»՝ պաշտպանության հանձնաժողովի նախագահ, ՀՀՇ-ից սերված Անդրանիկ Քոչարյան, Վիգեն Խաչատրյան, Հովիկ Աղազարյան, ինչպես նաեւ գործարարներ Խաչատուր Սուքիասյան, Գուրգեն Արսենյան։ Այս բոլորին միավորում է ոչ միայն տարիքային ընդհանրությունը, այլեւ տնտեսական եւ քաղաքական շահերը։ Քանզի թուրքերի՝ Հայաստան ազատ ելումուտը, ճանապարհների ապաշրջափակումը կարող են ուղիղ եւ շահավետ ազդեցություն ունենալ այս մարդկանց բիզնեսի եւ կենսամակարդակի վրա։

Իշխանական այս գվարդիան փորձում է անել այն, ինչը նախապատերազմական շրջանում պրոպագանդում էին որոշ հասարակական կազմակերպություններ եւ սորոսական գրանտակերներ՝ հակաքարոզ ռազմավարական դաշնակիցների դեմ, թուրք-բրիտանական կենտրոնների գաղափարների ուղիղ քարոզ եւ հայ-թուրքական մերձեցում։ Պատերազմից հետո սորոսականների նկատմամբ օբյեկտիվ պատճառներով ձեւավորված բացասական մթնոլորտը թերեւս պատճառ է հանդիսացել, որ Փաշինյանը փոխի քարոզչական թիմին։

Մանավանդ սրանց տանել չեն կարողանում Ռուսաստանում, եւ դեռ ուժի մեջ են դրանց՝ ՀՀ իշխանությունից հեռացնելու պահանջները։ Ուստի Նիկոլ Փաշինյանը որոշել է այս «սուրբ գործը» վստահել առավել փորձառուներին, որոնց խոսքը գուցե ավելի համոզիչ թվա։ Այս թիմը նաեւ իր վերջին շանսն է օգտագործում՝ իշխանության մեջ լինելու, եւ ավելի նվիրված են փաշինյանական գաղափարների իրագործմանը, քանզի պատերազմից, Արցախի կորստից, հազարավոր զոհերից հետո, չավարտված պատերազմի պայմաններում «խաղաղության դարաշրջան» պրոպագանդելն ու թուրքերի հետ բարեկամություն քարոզելը կարող են միայն քաղաքական կամիկաձեները։ 

Վերը թվարկված անձինք այս մեկ տարում քանիցս փորձել են խոսել հայ-թուրքական բարեկամության եւ խաղաղ դարաշրջան բացելու մասին, եւ ամեն անգամ հանրային շրջանակները շատ նեգատիվ են արձագանքել ու շատերին գամել անարգանքի սյունին։

Խաչատուր Սուքիասյանը, օրինակ, հոկտեմբերի 27-ին Եռաբլուր այցի ժամանակ նահատակների շիրիմների մոտ հայտարարել է, որ ցանկացած հարեւանի, այդ թվում Ադրբեջանի հետ կարելի է խաղաղության դարաշրջան բացել։ «Մենք պետք է մի բան գիտակցենք, որ մեր սերունդներն ապրելու են նույն տարածքում, մենք չենք կարող Հայաստանն այլ երկիր տեղափոխել: Իհարկե, անընդունելի են այս սադրանքները, անընդունելի է, որ մենք զոհեր ունեք, բայց ինչ-որ մի պահի պետք է իրենք էլ գիտակցեն, եւ իրական խաղաղության այդ գործընթացը համարել սկսված: Պետք է գիտակցեն, որ թե՛ այդ խաղաղության, թե՛ այդ փաստաթղթի, թե՛ պարտավորության մեջ ենք մենք եւ մեր հարեւանները»,- ասել է նա։ 

Վիգեն Խաչատրյանը նոյեմբերի 16-ին, երբ Ադրբեջանը Սյունիքում ռազմական ագրեսիա էր սանձազերծել, եւ հայկական կողմը տասնյակից ավելի զոհեր ուներ, պատասխանելով հարցին, թե սահմանին տիրող իրավիճակից հետո է՞լ է շարունակում  կարծել, որ խաղաղության դարաշրջան կբացվի հայերի ու ադրբեջանցիների միջեւ, ասել էր․ «Այո, ես հավատում եմ։ Մեր վերջնական նպատակը պետք է լինի խաղաղությունը՝ առանց զոհերի, տարածքների։ Ես գտնում եմ, որ հայ ազգը պետք է առաջ դնի հարեւանների հետ խաղաղ ապրելու հեռանկար, բայց դա չի նշանակում հանձնվել հարեւաններին, դա չի նշանակում չպատերազմել, դա նշանակում է հռչակել, որ մեր նպատակը խաղաղ ապրելն է, եթե դրա համար պետք է կռվել, դա էլ կանենք»։Նույն օրը մենք հարց էինք ուղղել Գուրգեն Արսենյանին, որը բառացիորեն ասել էր․ «Խաղաղության դարաշրջանը դա մարդկանց, պետության երազանքն է, որին ձգտում են»։ 

Հովիկ Աղազարյանը բազում առիթներով խոսել է դրա տնտեսական օգուտների մասին․ «Մենք պիտի սովորենք հարեւանի հետ ապրենք: Այսօր հարաբերությունները թշնամական հարաբերություններ են, բայց կարող է պատահի 100 տարի հետո փոխվեն այդ հարաբերությունները, մենք պիտի սովորենք ապրել թեկուզ թշնամի հարեւանների հետ»:

Փաստն այն է՝ որքան շատ են հայրենի իշխանականները խոսում խաղաղության դարաշրջանի մասին, այնքան վատթարանում է Հայաստանի անվտանգային միջավայրը։ Պատերազմի ավարտից անցել է ավելի քան մեկ տարի, ընտրություններից՝ երեք ամիս, բայց մեր երկրի անվտանգային միջավայրը շարունակում է ավելի ու ավելի բարդանալ։ 

Կայունության վերականգնման նշաններ չկան անգամ այն պայմաններում, երբ իշխանություններն առիթը բաց չեն թողնում խոսելու հարեւաների հետ ճանապարհներն ապաշրջափակելու ու բարիդրացիական հարաբերություններ հաստատելու մասին։  Թշնամին անընդհատ նոր պայմաններ է թելադրում ու նոր խնդիրներ ստեղծում՝ «խաղաղ դարաշրջան» բացելու համար մեր իշխանությունների հայտարարություններին ի պատասխան։ 

Փորձագիտական շրջանակներն այլեւս կասկած չունեն, որ կեղծ խաղաղասիրական մղումներով եւ «խաղաղության դարաշրջան» խոստանալով՝ իրականում փորձ է արվում ե՛ւ զինված ուժերում, ե՛ւ հասարակության մեջ կոտրել պայքարի ոգին։