Ժամանակն է, որպեսզի համապատասխան մարմինները զբաղվեն այս հարցով
Անի Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին իրեն պատկանող էջում (դա արդեն հաստատված փաստ է) կիսվել էր վրացական տուրիստական ընկերության գրառումով, առ այն որ Լոռին վրացական տարածք է:
Բոլոր քննադատությունները ուղղվեցին Վրաստանի նախագահին, որը բնական է, որովհետև երկրի բարձր պաշտոնյան չի կարող այդ կերպ սադրել բարեկամ և հարևան երկրին:
Բայց այս պատմության մեջ կա մի երկրորդական հատված, որն իրականում ազգային անվտանգության հարց կարելի է դիտարկել. Հայաստանի տուրիզմի շուկա վրացական տուրիստական ընկերությունները մուտք են գործում անարգել և չեն վերահսկվում: Այս պայմաններում այդ ընկերության զբոսավարները Վրաստանից Հայաստան բերած տուրիստներին հիմնականում ներկայացնում են ոչ ամբողջական, սուտ, կեղծված, սխալ տեղեկություններ Հայաստանի մասին` սկսած պատմական հուշարձաններից, գինեգործությունից մինչև պատմական տարածքների «վիճելիության» հարցեր:
Պատահական չի եղել վրացական ընկերության գրառումը, որովհետև նույն տեղեկատվությունը մի քանի անգամ խտացված ու խեղաթյուրված պատմում են Հայաստանի տարածք բերած իրենց զբոսաշրջիկներին:
Եթե այսպես շարունակվի, վրացական տուրօպերատորները գրավելու են ներգնա զբոսաշրջության շուկան:
Ժամանակն է, որպեսզի համապատասխան մարմինները զբաղվեն այս հարցով և պաշտպանեն ոչ միայն ՀՀ-ում գործող տուրիստական ընկերություններին, այլև «փրկել» մեր պատմությունը ոտնձգություններից:
Լուծումը հետևալն է. վրացական տուրօպերատորներին պետք է արգելվի մուտք գործել հայկական շուկա: Եթե նրանք ուզում են իրենց զբոսաշրջիկներին ցույց տալ Հայաստանը, ապա պետք է գործընկերային պայմանագրեր կնքեն հայաստանյան ընկերությունների հետ, որի դեպքում Հայաստան մտնող զբոսաշրջիկներին կարող է սպասարկել միայն տեղական տրանսֆեր և տեղական զբոսավարներ:
Շուկան պետք է վերահսկվի այս իմաստով և շատ կոշտ մեթոդներով»:
Կարծիքներ