Լուկաշենկոյին «մերժել» չհաջողվեց, թեև տեխնոլոգիաները միլիմետրի ճշգրտությամբ նույնն էին 

Լուկաշենկոյին «մերժել» չհաջողվեց, թեև տեխնոլոգիաները միլիմետրի ճշգրտությամբ նույնն էին 

Բելառուսում նախընտրական քարոզարշավի և, առհասարակ, վերջին 25 տարիներին կաթիլ առ կաթիլ կուտակված դժգոհությունը տասնյակ հազարավոր մարդու հանեց երկրի մայրաքաղաքի, Բրեստի, Գոմելի և այլ քաղաքների փողոցներ։ Լուկաշենկոյին «մերժել» ցանկացող ու նրան թվանկարչության մեջ մեղադրող Բելառուսի ըմբոստ քաղաքացիների բողոքի ակցիաներին երկրի իրավապահ համակարգն արձագանքեց բիրտ ուժով․ ռետինե փամփուշտներ, լուսաձայնային նռնակներ, ջրցան մեքենաներ, հաղորդում են մի քանի տասնյակ տուժածների մասին։ Իրավապաշտպանների փոխանցմամբ՝ ցուցարարների և ոստիկանների հետ բախումներում զոհվել է առնվազն մեկ մարդ, հարյուրավոր մարդիկ բերման են ենթարկվել, ինչի արդյունքում 1994 թվականից ի վեր Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ «Եվրոպայի վերջին դիկտատորը», 6-րդ անգամ հայտարարվեց  երկրի նախագահ՝ համաձայն Կետրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած նախնական արդյունքների։ Դրանք այսօր հրապարակվեցին Մինսկի ժամանակով առավոտյան 9-ին, Երևանի ժամանակով՝ 10-ին։

Որքան էլ ոգևորիչ ու դրամատիկ էին դրանք, բայց 2018թ․ ապրիլ-մայիսյան իրադարձությունները չափազանց նոր էին, որպեսզի չհիշենք, թե Լուկաշենկոյին «մերժելու» տեխնոլոգիաները որքան նման էին 2018թ․ ապրիլ-մայիսյան իրադարձություններին` փողոց փակել, չափազանց շատ երիտասարդ տղաներ ու աղջիկներ, որոնք ոստիկանական վահանների առաջ գրկում են ինչ-որ տատիկների, նույն այդ երիտասարդներն ազգային դրոշներով «սիգնալ են» տալիս ամբողջ մայրաքաղաքով մեկ, լուսաձայնային նռնակների պայթյուններ, կռիվ տալ, լուսանկարներից մեզ նայող ջրցան մեքենաների դեմ դիմակայող երիտասարդների սիլուետներ (սա ավելի շատ՝ «Էլեկտրիկ Երևանից»։ Միայն Չալոն «չկար»)։

Կա՞ն «հայկական» ու «բելառուսական» հեղափոխությունների միջև նմանություններ՝ տեխնոլոգիաների կիրառման, ինչպես նաև՝ քառորդ դար իշխանությունից չհեռացող մարդուն «մերժելու» առումով, եթե կան, ապա  կարո՞ղ են արդյոք դրանք պատահական լինել։ Կամ էլ՝ արդյո՞ք բելառուսական տեխնոլոգիաները «հայկական» էին։ Հարցերն ուղղեցինք քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանին, որը ևս կարծում է, որ տեխնոլոգիաները միլիմետրի ճշգրտությամբ նույնն են։ 

«Ընդհանրապես, տեխնոլոգիաները հատուկ չեն լինում՝ հայկական, բելառուսական կամ չգիտեմ որ երկրի։ Պարզապես լինում են տեխնոլոգիաներ, որոնք տեղայնացվում են որևէ երկրում։ Եվ, այո, երեկ տեսանելի էր այդ նմանությունը»,- «Հրապարակին» ասաց Արմեն Բադալյանը։ 

Euronews-ը հաղորդում էր․ «Դիմակայությունը տևեց մի քանի ժամ։ Ցուցարարների դեմ կիրառվել են հատուկ միջոցներ, այդ թվում` ջրցան-մեքենաներ, լուսաձայնային նռնակներ, ռետինե փամփուշտներ և «պղպեղի» գազ»։

Ուշագրավ է, որ ռուսական լրատվամիջոցները Բելառուսի նախագահական ընտրություններին ևս բավականին օբյեկտիվ վերլուծություն ու ոչ պակաս մանրամասներ են ներկայացնում․ բերման է ենթարկվել շուրջ 3000 մարդ, որոնց թվում նաև՝ դիտորդներ և ռուսական «Дождь»  հեռուստաընկերության լրագրողներ։ Եթե սրան գումարում ենք այն, որ Կրեմլի ոչ պաշտոնական խոսնակ համարվող Մարգարիտա Սիմոնյանը դիմում էր Բելառուսի իրավապահ համակարգի սպաներին ու անձամբ Լուկաշենկոյին՝ ասելով, որ իրենց երկրում իրավունք ունեն վարվել ինչպես իրենք են ցանկանում, բայց իրավունք չունեն բերման ենթարկելու իրենց գործն անող լրագրողներին, ու ողջ գիշեր իր ֆեյսբուքյան էջում տեղադրում էր ամենակոշտ բախումների տեսարաններ՝ համապատասխան մեկնաբանություններով, ապա անսպասելի հարց է առաջանում՝ իսկ միգուցե կա՞ ռուսական հետք։ Գուցե Ռուսաստա՞նն է շահագրգռված, որ բելառուսները «մերժեն Լուկաշենկոյին»։

Արմեն Բադալյանն ասում է․ «Հիշեցնեմ, որ Լուկաշենկոն` ինքը, նման հայտարարություն արել է, որ բողոքի ցույցերն ուղղորդվում էին Լեհաստանից, Ուկրաինայից և Ռուսաստանից։ Հայտարարելը՝ հայտարարել է, բայց պետք է նայել, թե որքանով է սա տեղավորվում նախընտրական կամպանիայում արված հայտարարությունների շրջանակում, քանի որ նախընտրական կամպանիայի ժամանակ  քաղաքական գործիչը, թեկնածուն կարող է իր շահերից ելնելով՝ տարբեր հայտարարություններ անել։ Տվյալ դեպքում Լուկաշենկոն իր այդ հայտարարությամբ հանդես էր գալիս որպես Բելառուսի  անկախությունը պահպանող նախագահ»։ Իսկ այն, որ Բելառուսի «հավերժ նախագահի» քարոզչական զինանոցում նման հնարքներ են, քաղտեխնոլոգը պատահական չի համարում․ այդ հայտարարությունները մի կողմից ուղղված են Արևմուտքին և մյուս կողմից՝ դեպի Արևմուտք նայող ու ՌԴ-ի հետ ինտեգրվելու որևէ ցանկություն չունեցող 25-30 տարեկան բելառուսների սերնդին, որպեսզի նրանց իր կողմ քաշի «երկու լարի վրա խաղալով»։ 

Որքանո՞վ սա արդյունք կտա, և Արևմուտքը կպաշտպանի Բելառուսին, Արմեն Բադալյանը դժվարանում  է ասել, այն պարագայում, երբ ԱՄՆ նախագահը հանրապետական Թրամփն է և ոչ դեմոկրատ Ջո Բայդենը, իսկ կորոնավիրուսի համավարակից թուլացած ԵՄ-ն էլ այդքան պոտենցիալ չունի։

Հիշեցնենք, որ օգոստոսի 9-ի նախագահական ընտրություններում նախագահի թեկնածու առաջադրված Սվետլանա Տիխանովսկայան ստացել է քվեների մոտ 10 տոկոսը։ Տիխանովսկայայի շտաբը հրաժարվել է ճանաչել ընտրությունների արդյունքները։ Մնացած թեկնածուներից յուրաքանչյուրի քվեները երկու տոկոսի էլ չեն հասել։