«Գյումրու մոր և մանկան ավստրիական» հիվանդանոցի տնօրենի անակնկալ հրաժարականից հետո՝ նոր նշանակում

«Գյումրու մոր և մանկան ավստրիական» հիվանդանոցի տնօրենի անակնկալ  հրաժարականից հետո՝  նոր նշանակում

Մենք գրել էինք, որ աշխատանքից ազատվել է «Գյումրու մոր և մանկան ավստրիական» հիվանդանոցի տնօրեն՝ Սամվել Ավետիսյանը։

Հիվանդանոցի աշխատակիցների խոսքերով՝ իրենց համար անակնկալ էր տնօրենի ազատման լուրը։ 

Նրան այդ պաշտոնին 2021թ-ի ապրիլին նշանակել էր նախկին մարզպետ Հովհաննես Հարությունյանը: Ավետիսյանից առաջ էլ հիվանդանոցի տնօրենը նախկին մարզպետներից մեկի՝ Տիգրան Պետրոսյանի մտերիմն էր՝ Ժորժիկ Սերոբյանը։ Թե ով էր փոխարինելու Սամվել Ավետիսյանին, բուժհաստատությունում մինչև վերջին պահը  պատկերացում չունեին: Միայն թե գյումրեցիները կես կատակ,  կես լուրջ ասում են՝ հերթը նոր մարզպետի մտերիմինն է։ Եւ կարծես թե չսխալվեցին։

Այսօր Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանի որոշմամբ Հովհաննես Վարձելյանը  նշանակվել է «Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոց»-ի  տնօրենի լիազորությունները ժամանակավորապես իրականացնող՝ մինչև այդ պաշտոնում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տնօրենի ընտրությունը։ Մարզպետարանի պատասխանատուներն այսօր հիվանդանոցի աշխատակազմին են ներկայացրել տնօրենի նորանշանակ պաշտոնակատարին։ Ըստ խոսակցությունների տնօրենի պաշտոնի հիմնական հավակնորդն էլ հենց նա է։

Նշենք, որ Հովհաննես Վարձելյանը մինչ այս Գյումրու «Միջազգային կարմիր խաչի» անվան պոլիկլինիկայի տնօրենն էր։