Մեր ՀԷԿ-ը մայիսի 15-ից կանգնած է

Մեր ՀԷԿ-ը մայիսի 15-ից կանգնած է

Փոքր ՀԷԿ-երի միության նախագահ Նաիրա Նահապետյանը երեկ հայտարարություն էր տարածել, որ մի շարք գյուղերի ոռոգման խնդիրների առնչությամբ կազմակերպված բողոքի ժամանակ, երբ փակել էին Գյումրի-Երեւան ավտոմայրուղին, հնչեցրել են սուտ եւ անհիմն մեղադրանքներ՝ իբրեւ թե ՀԷԿ-ի աշխատանքի պատճառով գյուղերի համար առաջացել են ոռոգման խնդիրներ: 
Նահապետյանը, սակայն, վստահեցնում է, որ իրենց ՀէԿ-ը, որը գտնվում Գյումրիից քիչ հեռու եւ կոչվում է «Գյումրի ՀԷԿ», ոռոգման սեզոնին առհասարակ չի աշխատում, կանգնում է, որ չխանգարի ոռոգման աշխատանքներին, ուստի ջուր չլինելն իրենց ՀԷԿ-ի աշխատանքի հետ որեւէ կապ չունի։

«Ոռոգման սեզոնին հիդրոկայանը չի աշխատում, մենք ռեժիմի մեջ ենք։ Բայց ինչ-որ մարդիկ, չգիտեմ ինչպես, ուղղորդել էին ու ասում էին՝ ջուրը տվել են ՀԷԿ-ին, դրա համար մենք ոռոգման ջուր չունենք։ Նման բան հնարավոր չէ։ Նախ՝ ՀԷԿ-ը մայիսի 15-ից մինչեւ հիմա կանգնած է, չի աշխատում, երկրորդն էլ՝ էդպես հնարավոր չէ, որ ջուրը տան ՀԷԿ-ին, եւ իրենք ջուր չունենան։ Ինչ-որ ուղղորդում է եղել երեւի գյուղացիներին, ֆերմերներին»,- ասաց տիկին Նահապետյանը։

Նա, սակայն, դժվարացավ ասել, թե ում կողմից եւ ինչ նպատակով է ուղղորդում եղել։
«27 տարի է՝ մեր հիդրոկայանն աշխատում է, եւ երբեւիցե մենք նման խնդիր չենք ունեցել, այն էլ՝ գյուղացիների հետ, որովհետեւ միշտ էլ համարել ենք, որ առաջնահերթությունը ոռոգումն է»,- ասաց նա։

Ի դեպ, ապրիլ ամսին 30 ՀԷԿ, այդ թվում՝ Նահապետյանին պատկանող ՀԷԿ-ը, էական վնաս են կրել՝ պայմանավորված նոր օրենքներով։ Բանն այն է, որ այն ՀԷԿ-երը, որոնք 15 տարի աշխատել են եւ պարտադիր գնում են ունեցել ցանցից, նոր ընդունված էներգետիկ շուկայի մասին օրենքի համաձայն, պետք է դուրս գան շուկա եւ իրենց հոսանքը վաճառեն արդեն շուկայում՝ ըստ պահանջարկի եւ գնագոյացման։ Բայց շուկան ձեւավորվելու է 2022 թվականի փետրվար-մարտ ամիսներին։ Նահապետյանի խոսքով՝ իրենց թույլ չեն տվել մինչեւ 2022 թվականը շարունակել աշխատել նույն պայմաններով, մինչեւ մտնեն շուկա։ Ապրիլ ամսին իջեցրել են սակագինը՝ հասցնելով 8 դրամի, որի արդյունքում 30 ՀԷԿ, որոնց պարտադիր գնման պայմանագիրը լրացել էր, էական վնաս է կրել, քանի որ նրանց սակագները 18, 20 դրամ եւ ավելի են եղել։

«Մենք ընդունում ենք, որ շուկա ենք դուրս գալու, պետք է կարողանանք այլ կազմակերպությունների հետ պայմանագրեր կնքենք, բայց էսօրվա դրությամբ շուկան ձեւավորված չէ, դրա համար մենք խնդրում էինք, որ մինչեւ շուկայի ձեւավորումը  շարունակենք պարտադիր գնմամբ աշխատել, մինչեւ ցանցերից ստանանք մեր արտադրած էլեկտրաէներգիայի գումարը։ Բայց իրենք ապրիլ ամսվա համար վճարեցին 8 դրամի հաշվով։ Դա լուրջ խնդիր է, քանի որ ապրիլ ամիսն ամենաջրառատ ամիսն է լինում, եւ հիդրոկայանները մարտ-ապրիլ ամիսներին մաքսիմալ հզորությամբ են աշխատում, քանի որ սկսվում է ձնհալը, սկսվում է գետերի ջրի հոսքի ավելացումը, եւ արտադրանքը շատ է լինում»,- ասաց Նաիրա Նահապետյանը՝ նշելով, որ այդ 8 դրամի սակագինն իրենք փորձելու են սակարկել դատական կարգով։