Մուրճով գանգեր ջարդելու մասին խոսել՝ անգամ երիտթուրքերն իրենց թույլ չէին տալիս

Մուրճով գանգեր ջարդելու մասին խոսել՝ անգամ երիտթուրքերն իրենց թույլ չէին տալիս

Հարցազրույց Վ․ Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի նախկին ռեկտոր, քաղաքագետ Սուրեն Զոլյանի հետ 

- Պարոն Զոլյան, հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների քարոզարշավը մոտենում է ավարտին, ինչպե՞ս կբնութագրեք քարոզարշավի ընթացքը, եւ այն ի՞նչ կանխատեսումների հիմք է տալիս՝ հիմնական մրցակից ուժերից ով ինչ շահեց, ինչ կորցրեց, արդյոք այս ընտրություններով կհանգուցալուծվի՞ Հայաստանում ստեղծված ճգնաժամը։

- Ակնհայտ է, որ «Հայաստան» դաշինքն առաջ է անցել եւ բավականին լուրջ նախադրյալներ ունի հաղթանակի համար։ Եվ հակառակը՝ նրան հակադրվող «Քաղաքացիական պայմանագիրը» ոչ մի ձեւով չի երեւում, բացի նրա ղեկավարի անթույլատրելի պահվածքից, որն ավելի շատ հանդես է գալիս որպես ջարդարար, ոչ թե որպես քաղաքական գործիչ։ Գիտեք՝ մուրճով գանգեր ջարդելու մասին խոսել անգամ երիտթուրքերն իրենց թույլ չէին տալիս, անում էին, բայց գոնե չէին խոսում այդ մասին։ Համենայնդեպս, Թալեաթը Գրիգոր Զոհրապի գլուխը քարերով ջարդելու հրամանը գաղտնի է պահել եւ հրապարակավ այդ մասին չէր խոսում։ Սա չափազանց վտանգավոր երեւույթ է, երբ նման խոսքը հասարակության մեջ ոչ քիչ մարդկանց դուր է գալիս, սա պարզապես սարսափելի է, սա նշանակում է, որ մեր հասարակության մեջ նման ելույթներ լսելու պահանջ կա, ես այս առումով մտավախություններ ունեմ հետագա զարգացումների համար։

- Ոմանք քաղաքացիական պատերազմի վտանգ են տեսնում, Նիկոլ Փաշինյանն ինքն էլ ուղիղ հայտարարեց, որ քաղաքացիական, քաղաքական վենդետաներ են լինելու։

- Ես էլ եմ կանխատեսում, որովհետեւ ամեն ինչ դրան է տանում, ու պետք է շատ սթափ գործողություններ լինեն, այդ կոչերին ակտիվ հակազդեցություն լինի։ Հին Հունաստանում, որը, ինպես գիտեք, ժողովրդավարության օրինակ էր ընկալվում, կար խիստ օրենք, որ այսպիսի ճգնաժամային իրավիճակում յուրաքանչյուր քաղաքացի պարտավոր էր հայտնել իր դիրքորոշումը, միանալ որեւէ ճամբարի, ինչու՝ որպեսզի ագրեսիվ փոքրամասնությունը չկարողանար թելադրել իր կամքը։ Պետք է շեշտել, որ «ցանկացած քաղաքացի» հասկացությունը չէր վերաբերում բոլորին, յուրաքանչյուր բնակիչ քաղաքացի չէր համարվում։ Այնտեղ շատ հեշտ էր ստրուկից անցնելու ազատ քաղաքացու կարգավիճակի, բայց շատ դժվար էր ազատ մարդուց դառնալ քաղաքացի, գրեթե նման դեպք չի եղել։ Դա ցույց էր տալիս, որ Հունաստանում հստակ հասկանում էին, թե ում է կարելի օժտել ձայնի իրավունքով՝ պատասխանատու մարդկանց, այլ ոչ թե ցանկացած մեկի, ով ապրում է տվյալ վայրում։

- Հայաստանում չափահաս եւ ՀՀ քաղաքացի հանդիսացող բոլոր հայերն ունեն ընտրելու իրավունք։ Հիմա ո՞նց հակազդել այս ագրեսիային կամ կանխել։

- Հասկանալի է, մենք կարող ենք ընդամենը պատմական փորձից դասեր քաղել, սովորել մեր սխալների վրա։ Երբ ասում ենք, որ երկու ուժերի միջեւ հնարավոր է բախում, դա չպետք է մյուս ուժերին հանգիստ, ձեռքերը ծալած նստելու առիթ տա։ Ավելի ակտիվ հայտարարություններ, պահվածք պետք է դրսեւորվի, որովհետեւ, իմ համոզմամբ, մուրճով գլուխներ ջարդելու գործողությունները մերժելի են մեծամասնության կողմից։
Իսկ քաղաքացիներն էլ պետք է պարտադիր մասնակցեն ընտրություններին եւ իրենց վերաբերմունքն այդպես հայտնեն, իսկ մինչ այդ սոցցանցերում, ֆլեշմոբերի, կոլեկտիվ նամակների, հայտարարությունների միջոցով մերժեն ջարդարարների այս գործելաոճը։ Ընդհանուր մթնոլորտ է պետք ստեղծել, երբ դա կձեւավորվի, ազդանշանը կհասնի, կարծում եմ, որ տրամադրվածությունն էլ կփոխվի։

- Դուք մտածում եք, որ Նիկոլ Փաշինյանը, ով պատերազմից հետո ոչ մի հայտարարությունից չազդվեց, կազդվի՞ դատապարտող հայտարարություններից։ Չե՞ք կարծում, որ նա ամեն ինչ կանի՝ իր սցենարը կյանքի կոչելու համար։

- Գիտեք, սա անհասկանալի վիճակ է, եթե մուրճով մի խուժան քայլեր փողոցով եւ սպառնար, ոստիկանությունն անմիջապես կկանխեր այդ ամենը, բայց շատ անհասկանալի ու աննորմալ վիճակ է, որ երբ ինքն է մուրճով քայլում ու սպառնում, ոստիկանները մի բան էլ նրան են պաշտպանում։ Դա ցույց է տալիս, որ կան լուրջ մտավախություններ, քանի որ ուժային մարմինների գործողություններն էլ վստահություն չեն ներկայացնում։ Իրենք առաջին պահին պետք է կանխեին այդ իրավիճակը։

- Ձեր խոսքի սկզբում ասացիք՝ «Հայաստան» դաշինքն առաջ է անցել իշխանությունից․ ի՞նչ հիմք ունեք՝ հարցումների՞ն եք հղում անում։

- Ե՛վ մթնոլորտն է հուշում, ե՛ւ իրենց կազմակերպած քարոզարշավը, երբ տեսնում ես, թե ինչպես են իրենք քարոզարշավ իրականացնում։ Իրոք, շատ դրական ազդակներ են փոխանցել հանրությանը, որը կարոտ է ողջամիտ առաջարկությունների, որը կարելի է ռացիոնալ քննարկել, նրանք չնախընտրեցին սպառնալիքներին պատասխանել սպառնալիքներով։

- Այսինքն՝ ես ճի՞շտ հասկացա, որ, Ձեր կարծիքով, ընտրություններով իշխանափոխություն է լինելու։

- Եկեք չմոռանանք, որ Հայաստանի նորանկախ պատմության ընթացքում ոչ միշտ է, որ ձայների մեծամասնությանը տիրապետելն ի վերջո հանգեցրել է համապատասխան արդյունքի՝ հիշենք 96 թվականը եւ այլն։ Այս առումով վտանգավոր հետընտրական զարգացումներ եմ կանխատեսում, եթե անգամ իշխանությունը պարտվեց, վարչապետի պաշտոնակատարը հունիսի 21-ին անմիջապես չի հեռանալու, մինչեւ նոր խորհրդարան ձեւավորվի, նոր կառավարություն, դա երկար ժամանակ է, իսկ այդ ընթացքում ուժային բոլոր կառույցները գտնվելու են Փաշինյանի ձեռքում։ Բայց, մյուս կողմից, ընտրությունները պետք է ազդանշան լինեն, որ ուժային կառույցներն առնվազն չխրախուսեն բռնություն, ծառայեն օրենքին։ Էլի եմ ասում՝ տարօրինակ է… եթե խմած մի քաղաքացի մուրճով քայլեր փողոցում ու սպառնար, կբռնեին։

- Բայց հարբած ու սպառնացող վարչապետին չեն բռնում։

- Հա։ Տպավորություն չստեղծվի, թե գովազդում եմ քրեական մշակույթը, բայց այնտեղ չի խրախուսվում, երբ դու գնում ես սպառնալու, չպիտի պաշտպանված լինես միլիցեքով՝ կա՛մ ոստիկան ես, կա՛մ գողական։

- Իսկ ապագա խորհրդարանում ո՞ր ուժերին եք տեսնում, անցողիկ շեմն ո՞վ կհաղթահարի։

- Խիստ բեւեռացում է գնում, մարդիկ հասկանում են, որ եթե անգամ համակրում են որեւէ ուժի, բայց գիտակցում են, որ այն կարող է չանցնել, կողմնորոշվում են ամենաազդեցիկի կողմը։ Եվ սա շատ քիչ շանս է թողնում անգամ այնպիսի ազդեցիկ ուժերի համար, որպիսիք «Բարգավաճն» է, «Պատիվ ունեմ»-ը։ Այս երկու ուժերի համար, փաստացի, այսօր ցանկալի արդյունքն այն է, որ մտնեն խորհրդարան։ Բոլոր դեպքերում, այս երկու ուժերն ունեն իրենց կայուն էլեկտորատը, եւ կարծում եմ՝ կհավաքեն անցողիկ ձայներ։ Իսկ նորաստեղծ ուժերի՝ խորհրդարան անցնելն ուղղակի հրաշք կլինի։ Իսկ իմ կանխատեսմամբ՝ նշածս ընդդիմադիրներին գուցե հաջողվի կոալիցիայով մեծամասնություն ձեւավորել՝ 50+1։ Ես պատկերացնում եմ, որ 15 տոկոս են կազմելու փոշիացած տոկոսները, որոնք պետք է բաշխվեն խորհրդարան անցած ուժերին։ Իսկ ընդդիմադիրները, բնականաբար, ավելի շատ մաս կստանան՝ միասին հաշվարկված։

- Հետընտրական ինչպիսի՞ զարգացումներ եք կանխատեսում։

- Գիտեք, եթե հանրությունը ճանաչի եւ ինչ-որ ձեւով ցույց տա, որ թույլ չի տալու այդ արդյունքները կասկածի տակ դնել, դա, իհարկե, սթափեցնող դեր կունենա, եթե ոչ, ամեն մեկը հօգուտ իրեն հայտարարությունով հանդես գա, ապա կգնան երկրորդ փուլի՝ ավելի մեծ անորոշության։ Իշխանությունը հույսեր ունի մի 30 տոկոս հավաքելու, բայց, բնականաբար, փորձ կանի դա ներկայացնել 50 տոկոս։ Իսկ եթե 30 տոկոսի կեսի կեսը հունիսի 21-ին հավաքվի Հանրապետության հրապարակում, որտեղ հրավիրել է իշխող ուժը, դա արդեն ազդեցիկ ուժ է, որով հնարավոր է ապակայունացնել իրավիճակը։ Բազմաթիվ սցենարներ կարող են լինել՝ արտակարգ դրությունից սկսած, եւ այլն, եւ այլն։ Առայժմ սպասենք ընտրության արդյունքներին, շատ կարեւոր է, որ քվեարկությունն անցնի կազմակերպված ձեւով, եւ հնարավորություն չտրվի ինչ-ինչ կասկածների։