«Լուսավոր Հայաստանը» խորհրդի փակ նիստ է արել
Տեղի է ունեցել «Լուսավոր Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի արտահերթ նիստ։ Ելույթով հանդես են եկել կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը և փոխնախագահ Դավիթ Խաժակյանը։ Խորհրդի անդամները տեսակետներ են հնչեցրել արտաքին քաղաքական մարտահրավերների վերաբերյալ, ինչպես նաև քննարկվել են մի շարք կուսակցական հարցեր։ Էդմոն Մարուքյանը իր ելույթում անդրադարձել է սահմանազատման գործընթացին, խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններին, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքներին։
Դավիթ Խաժակյանը ևս խոսելով նոյեմբերի 9-ի հայտարարության մասին զուգահեռներ է անցկացրել արցախյան հիմնահարցի հետ, երբ առկա էր հակամարտության կարգավորման ծրագիր, որը մերժվել է իրագործել՝ հանգեցնելով պատերազմի։
Այլ տեսանյութեր խորհրդի նիստից հրապարակված չեն, ինչպես նաեւ այն լուսաբանված չէ լրատվամիջոցների կողմից։
Դավիթ Խաժակյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց, որ խորհրդի նիստին այդ երկու ելույթն է եղել, իսկ ինչ վերաբերում է լրատվամիջոցներ չհրավիրելուն, նշեց․ «Խորհրդի նիստերը միշտ էլ փակ են եղել ու աշխատանքային բնույթ են կրել, ինչպես և սա, ուղղակի այս երկու ելույթը մեսիջ է պարունակել, դրա համար հրապարակվել է»։
Կարծիքներ