Երազանքը՝ հեծանվային վլոգեր
Հայրենասեր ու գրագետ մարդիկ անընդհատ խոսում են ազգային երազանքի անհրաժեշտության մասին: Ինչը նորմալ է ու բնական՝ հատկապես մեր այս իրավիճակում: Իսկ այս իրավիճակի թիվ մեկ պատասխանատու և մեղավոր անձի երազանքը հեծանվային վլոգերի վերածվելն է: Եվ ողջ հանրապետությունով մեկ հյուսիս-հարավ երթուղիով հեծանվավազք կազմակերպելը: Աշխարհի մակարդակով դա, իհարկե, չնչին երազանք է: Բայց պատանի տարիքում հեծանիվ չունեցող ենոքավանցու համար՝ համապետական երազանք: Չնայած չի բացառվում, որ հաղթահարելով 500 կմ վազքուղին՝ ինքն ու իր համախոհները մի օր որոշեն ավելի գլոբալ նապատակներ դնել իրենց առջև: Եղել են, չէ՞, մարդիկ, ովքեր առաջին և ոչ այնքան հարմարավետ հեծանիվներով ասֆալտապատ ճանապարհների բացակայության պայմաններում փորձել են շուրջերկրյա ճանապարհորդություններ կատարել, ու դա նրանց հաջողվել է:
Ներկայացնեմ մի քանի օրինակ: Անգլիայում ծնված ամերիկացի Թոմաս Սթիվենսը դեռևս «պեննի-ֆարթինգ» կոչված հեծանիվով (առջևի անիվն ավելի մեծ էր 2-րդից) 1882-1884 թվ.-ին կատարել է առաջին շուրջերկրյա ճանապարհորդությունը՝ անցնելով 13500 մղոն (21721,5 կմ): Իսկ առաջին կինը, ով կրկնել է դա, եղել է հրեական ծագումով ամերիկուհի Էննի Քոեն-Քոփչովսկին: Բավական հետաքրքիր է դրա նախապատմությունը. առաջին շուրջերկրյայից 10 տարի անց ԱՄՆ-ի շաքարային երկու մագնատ գրազ են գալիս, թե հնարավոր է արդյոք, որ կինը կրկնի Թոմասի արածը: Ու, չգիտես ինչու, նրանց ընտրությունն ընկել է ոչ թե որևէ մարզիկի, այլ երեք երեխա ունեցող և ոչնչով աչքի չընկած կնոջ վրա: Վերջինս հանուն 10.000 դոլարի հանձն է առել այդ գործն ու հաջողությամբ իրականացրել 15 ամսում՝ 1895 թվ.-ին ավարտելով այն: Ռուսներից առաջինը եղել է հեծանվորդ և ռազմական օդաչու Անիսիմ Պանկրատովը, ով շուրջերկրյա ճանապարհորդությունը կատարել է 1911-1913 թթ.-ին: Այնուհետև մասնակցել է համաշխարհային պատերազմին՝ վաստակել մի շարք շքանշաններ ու սպանվել 1916-ին: Իսկ մեր օրերում հեծանիվով աշխարհի շուրջը պտտվելու ռեկորդը պատկանում է անգլիացի մարզիկ Մարկ Բոմոնդին, ով 2017 թվ.-ին 29.000 կմ-ը հաղթահարել է 79 օրում:
Ինչպես տեսնում ենք, հեծանիվով աշխարհի շուրջը պտտվելն այնքան էլ անհաղթահարելի բան չէ, ու Փաշինյան Նիկոլը դեռևս ժամանակ ունի հաղթահարելու նաև այդ դժվարությունը: Հաշվի առնենք նաև, որ նա անընդհատ բարելավում է իր ցուցանիշները: Վերջինը, եթե չեմ սխալվում, 100 կմ-ը 5 ժամում անցնելն էր:
Բայց միայն հեծանիվ վարելով չէ, որ աչքի են ընկնում ոչ միայն շարքային քաղաքացիները: Աշխարհի ամենաաղքատ նախագահ անվանված՝ Ուրուգվայի Արևելյան Հանրապետության նախկին նախագահներից Խոսե Մուխիկան (2010-2015 թթ.), օրինակ, 12.000 դոլար կազմող նախագահական աշխատավարձի 90 տոկոսը պարբերաբար հատկացնում էր բարեգործությանը: Նա, միաժամանակ, բնակվում էր ոչ թե նախագահականում, այլ գյուղական կիսախարխուլ ֆերմայում: Ջուրն, օրինակ, ամուսիներով բերում էին բակի կենտրոնում փորված ջրհորից: Եվ ծաղիկներ էին աճեցնում վաճառքի նպատակով: Նախագահի կեցավայրը պահպանվում էր երկու ոստիկանի և երեք ոտնանի՝ «Մանուելա» անունով շան կողմից: Հրաժարվելով վարորդից՝ նախագահը վարում էր 1987 թվ.-ի արտադրության «Volkswagen Beetle» մեքենա (խորհրդային «Զապարոժեց»-ի մակարդակի՝ մեծերը կհիշեն): Ի դեպ, 2014 թվ.-ին արաբական շեյխերից մեկն առաջարկել էր մեքենան վաճառել իրեն 1 միլիոն դոլարով, բայց մերժում էր ստացել:
Ժամանակին ասում էին, որ ՌԴ նախագահ Պուտինի նախասիրությունների մեջ է մտնում թանկարժեք ձեռքի ժամացույցների հավաքածու ունենալը: Եթե չեմ սխալվում՝ դրա վրա շեշտն անընդհատ դնում էր վաղամեռիկ ռուսական այլախոհ Ալեքսեյ Նավալնին: Իսկ Ֆրանսիայի նախագահ Մակրոնն, օրինակ, հայտնի է մկանուտ երիտասարդ տղաների նկատմամբ ունեցած իր հրապուրանքով: Համենայն դեպս, համացանցում բազմաթիվ են այդպիսի երիտասարդների հետ գրկված նրա նկարները: ԱՄՆ նախկին նախագահ, նախագահական թեկնածու Թրամփն, օրինակ, հայտնի է ոչ միայն իր միլիարդանոց կարողությամբ, այլև անընդհատ կրկնվող խոսքով, թե ինքը որևէ պատերազմ թույլ չէր տա՝ եթե լիներ նախագահ: Երևի մոռացել է, որ 2020 թվ.-ի 44-օրյա պատերազմը թշնամի երկրի բռնապետը նախաձեռնեց հենց իր նախագահության օրոք: Իսկ նրա մրցակից տիկին Քամալան, օրինակ, հայտնի դարձավ նրանով, որ կոնկրետ հարցերին պատասխանում է, ռուսերեն ասված, «вокруг да около» ձևաչափով (այսինքն՝ բան չի ասում) ու անպայման վերջում հռհռում է:
Իսկ մեր հարևան Վրաստանում Բիձինա Իվանիշվիլին (խորհրդարանում արդեն 12 տարի մեծամասնություն կազմող կուսակցության իրական ղեկավարը) աչքի ընկավ իր պետականամետ մտածողությամբ: Վերջինս Ռուսաստանի դեմ երկրորդ ճակատ բացելուն չի համաձայնում, բայց նաև Ռուսաստանի գիրկը նետվել չի պատրաստվում: Եվ Վրաստանի ազգային շահերը սպասարկելու հարցում սկզբունքային դիրքորոշում է ցուցաբերում: Այն, ինչ չի կարելի ասել ՀՀ վարչապետի աթոռից կառչած անձի վարչապետության առումով: Ով ժամանակին արևմտամետ էր խաղում՝ ինչպես պարզվեց, իսկ հիմա էլ որոշել է ռուսամետի վերածվել: Իվանիշվիլին, ըստ լուրերի, իր 6 միարդ դոլար կարողության միայն 3,33 տոկոսն է որոշել թողնել զավակներին, իսկ մնացածն ուղղվելու բարեգործությանը և այլ հանրային նպատակներին: Թեև ՀՀ վարչապետ կոչվածն էլ խոսում է լայնածավալ թշվառության և աղքատության պարագայում հատվածական բարեկեցությունն առաջնային թիրախ և աչքի փուշ դառնալու, բարեկեցիկ միջավայրի նկատմամբ ատելություն ձևավորվելու երևույթի մասին, բայց մոռանում է, որ սեփական ընտանիքի անդամն է անընդհատ աչքի ընկնում ճոխ բարեկեցության ցուցադրումներով:
Մի խոսքով, ինչպես տեսնում ենք, տարբեր մարդիկ տարբեր նախասիրություններ են ունենում: Եվ յուրաքանչյուրը փորձում է իր առօրյան զարդարել այնպես, ինչպես կարողանում է: Իսկ պայթունավտանգ այս տարածաշրջանում պետության ողջ ռեսուրսները կենտրոնացնելու փոխարեն վարչապետ կոչվածը հեծանվային վոյաժներ է կատարում համախոհների հետ միասին: Սակայն եթե հաշվի առնենք, որ հեծանիվ վարելը ոչ միայն բազմազանեցնում է առօրյան՝ դիտարկվելով որպես «ցավ և կյանք», այլև նպաստում է նիհարելուն, ապա ամեն ինչ ընկնում է իր տեղը: Տղամարդը պետք է, չէ՞, զբաղվի որևէ գործով, դե նա էլ գտել իր սրտամոտ զբաղմունքը:
Կարծիքներ