ՍԴ 8 դատավոր փոխելը կարժենա 950 միլիոն դրամ

ՍԴ 8 դատավոր փոխելը կարժենա 950 միլիոն դրամ
էդմոն Մարուքյան

Հարցազրույց Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հետ


- ՍԴ-ի մասին օրենքում եւ Դատական օրենսգրքում փոփոխությունների նախագծի վերաբերյալ ի՞նչ դիրքորոշում ունի ԼՀԿ-ն։

- Դեռ չեմ հասցրել ծանոթանալ․ խմբակցությունը նիստեր չի գումարել, դրա մասին, կարծում եմ, վաղ է որեւէ բան ասել։ Պետաիրավական հանձնաժողովում քննարկումներից հետո նոր կարող եմ հայտնել որեւէ դիրքորոշում։

- Մեկնաբանություններ են հնչում, որ փորձ է արվում օրենքով ՍԴ դատավորների հրաժարականը խրախուսել, մի բան, որ նախկինում արվում էր բանավոր, ոչ օրենքով։

- Ես չգիտեմ՝ բանավոր ինչ է ասվել նախկինում, բայց գիտեմ, որ 950 միլիոն դրամ ծախս կարող է նստել մեր վրա, եթե մյուս դատավորները հրաժարականի դիմում ներկայացնեն։ Գիտեք՝ այստեղ հարկատուների հետ կա հարց․ արդյոք Հայաստանի Հանրապետության հարկատուները պատրա՞ստ են եւ համամի՞տ են նման ռեֆորմի։ Ես՝ անձամբ, շատ խորը կասկածներ ունեմ։ Եվ այս նախագիծը, ըստ էության, իրավական հարթության վրա չէ, այլ քաղաքական, եւ խնդիրը՝ ՍԴ հարցն այդ ճանապարհով լուծելը։ Բայց դա շատ թանկ ճանապարհ է, հարկատուն սրա համար շատ թանկ է վճարելու։ Պետք է լավ քննարկել։ Եվ իշխանությունն էլ խոսք է տվել, որ ամեն հարցում բնակչության կարծիքը կհարցնի։ Թող հարցնեն։

- Ստամբուլյան կոնվենցիան ֆորմալ դեռ ԱԺ օրակարգում չէ, բայց ոչ ֆորմալ․․․

- Դե, մեր օրակարգում չկա, քանի դեռ Սահմանադրական դատարանի որոշում չկա։ Հենց կլինի որոշում, ես կկարդամ։ Քանի չկա, ես էդ կոնվենցիան չեմ կարդում։

- Դուք դե՞մ եք ընտանեկան բռնությանը (այս հարցին դրական պատասխան տված Մկրտիչ Արզումանյանը Ֆեյսբուքում հայտարարվել է պերսոնա նոր գրատա)։

- Կարծում եմ, որ ցանկացած ողջամիտ մարդ դեմ է ցանկացած բռնության, այդ թվում՝ ընտանեկան, մասնավորապես, կանանց դեմ բռնությանը։ Ես չեմ ճանաչում մի մարդու, որը կողմ է կանանց դեմ բռնությանը։ Հետեւաբար, դա ինձ համար կեղծ օրակարգ է։ Տպավորություն է, որ մենք պետք է մեր ժողովրդին համոզենք, որ դեմ լինեն բռնությանը։ Մեր ժողովուրդը դեմ է բռնությանը։ Կարող է ինչ-որ հատային դեպքեր լինեն, որի համար կա Քրեական օրենսգիրք։

- Առջեւում սեպտեմբերն է՝ թեժ քաղաքական աշնան մեկնարկը աղմկահարույց նախագծերով՝ Ստամբուլյան կոնվենցիա եւ այլն։ Ինչպե՞ս եք նախապատրաստվում քաղաքական աշնանը։

- Խորհրդարանը սովորականի պես իր աշնանային նստաշրջանը կսկսի սեպտեմբերի 9-ին։ Խորհրդարանի օրակարգում չկա Ստամբուլյան կոնվենցիան, մի շարք կարեւոր նախագծեր կան արդարադատության համակարգի, դատաիրավական փոփոխությունների հետ կապված։ Մեր խմբակցության անդամները մարզերում, գյուղերում տարբեր հանդիպումներ են ունենում, մենք անդադար աշխատում ենք նոր պրոյեկտների վրա, նոր նախաձեռնություններով ենք հանդես գալիս եւ փորձում ենք ե՛ւ հանգստանալ՝ իրար փոխարինելով, ե՛ւ նաեւ պատրաստվել սեպտեմբերյան նստաշրջանին։ Թե որքանով այն կլինի թեժ, ապա հայկական քաղաքական օրակարգում միշտ ասվում է՝ «թեժ աշուն», «թեժ գարուն»․ կարծում եմ՝ ինչպես միշտ լինում է՝ աշնանը ծառերի տերեւները կդեղնեն, կթափվեն։

- Հետո անձրեւ կգա։

- Հա, հետո կգա ձմեռը, ու հետո կսպասենք «թեժ գարնանը» եւ էդպես շարունակ ցիկլերը կփոխենք։ Բայց բոլորս, կարծում եմ, պետք է միակամ աշխատենք, այդ աշխատանքը երկիրը շենացնելն է, որով էլ զբաղված է «Լուսավոր Հայաստանը»։

- Լուրեր կան, որ Ձեր խմբակցության ամենանիկոլասեր անդամի՝ Արման Բաբաջանյանի հետ անձամբ Ձեր եւ խմբակցության հարաբերությունները լավ չեն, իսկ հիմա էլ Ֆեյսբուքում գրառումներ են արվում, որ կա՛մ ԼՀԿ-ն պետք է լյուստրացիայի ենթարկի Բաբաջանյանին, կա՛մ հասարակությունը՝ «Լուսավորին»։

- Արման Բաբաջանյանը պատասխանել է իր ֆեյսբուքյան գրառմամբ։ Միայն մի բան կարող եմ ասել, որ միայն մեկ դեպք է եղել, որ մեր տեսակետները չեն համընկել, եւ դա Վահե Գրիգորյանի քվեարկությունն է եղել, ուրիշ դեպք չի եղել։ Բայց հիմա էս պահին սեւ քարոզչություն է տարվում Բաբաջանյանի դեմ։ Ժամանակին բոլորը գիտեին, որ Արման Բաբաջանյանը քաղաքական հետապնդման զոհ է դարձել, հետապնդվել է կոնկրետ քրեական գործով, եւ հիմա ինչ-որ տեսանյութեր են պատրաստել, տարածում են, որ ցուցմունք է տվել իր մոր դեմ։ Հասկանում եք՝ քաղաքական գործունեության մեջ նորմալ է, որ քաղաքական գործիչներին քննադատեն, անգամ կարող են հայհոյանքի էլ հասնել։ Բայց երբ մտնում են մարդու ընտանիք, մարդու ու նրա մոր հարաբերություններն են դարձնում հանրային քննարկման առարկա, ընդ որում՝ սուտ, անբարոյականություն է։ Ինչ-որ անբարոյականի վաստակներ նման տեսանյութեր են տարածում։ Կարծում եմ, որ ՀՀ քաղաքական համակարգում քաղաքական պայքարի նման մեթոդներն իսպառ պետք է բացառվեն։

- Դուք չե՞ք պատրաստվում Բաբաջանյանին լյուստրացիա անել։

- Ինչի՞ն անեմ լյուստրացիա։ Արման Բաբաջանյանն իմ ընկերն է, ես նրան ճանաչում եմ բանտից, երբ նստած էր բանտում, իսկ ես իրավապաշտպան էի։ Բաբաջանյանը լյուստրացիայի խնդիր չունի։ Ովքեր ունեն նման խնդիր, նախկինում եղել են ՀՀ իշխանության մեջ 20 տարի, թող իրենք մտածեն իրենց լյուստրացիաների մասին։

- Ձեզ առաջարկել էին հայտարարել, որ ԼՀԿ-ն կրում է պատասխանատվություն այդ քաղաքական գծի համար։

- Ես քաղաքական պատասխանատվություն եմ կրում իմ բոլոր թիմակիցների համար եւ որեւէ խնդիր չունեմ։ Այսինքն՝ եթե հարց կա, որին չեմ կարող պատասխանել, թող էդ հարցն ինձ տան։ Չկա նման հարց, որին իմ թիմակիցների վերաբերյալ չկարողանամ պատասխանել։

- «Արցախը Հայաստան է եւ վերջ»՝ Փաշինյանի ստեփանակերտյան ուղերձը Ձեզ ի՞նչ է ասում։

- Կարծում եմ, որ վարչապետը համախմբման որոշակի կոչեր օգտագործելու փորձ արեց, որովհետեւ շատ-շատ սեպեր խրվեցին Հայաստան-Արցախ հարաբերություններում։ Եվ կարծում եմ՝ բավականին հաջողված փորձ էր, բայց այն միայն քաղաքական հայտարարություն էր։ Իրավական-քաղաքական հայտարարություն չէր, որովհետեւ մեր ԱԳՆ-ն ու գործադիր իշխանությունը շարունակում են նույն գիծը, որ Արցախի ինքնորոշման իրավունքը պետք է ճանաչվի, եւ Արցախը դառնա անկախ պետություն։ Այսինքն՝ ակնհայտ է, որ բոլորի նպատակը միացյալ Հայաստանն է, բայց 90-ականներից սկսված՝ տարվել է այդ թեզը։