Իրանի հայերի շրջանում տագնապալից վիճակ է

Իրանի հայերի շրջանում տագնապալից վիճակ է

Իրանի հայերի շրջանում խուճապ է տարածվում: Մեր հայրենակիցները վերադառնում են Հայաստան: Վերջին երկու օրում Իրանից Հայաստան տեղափոխվելու խնդրանքով Իրանի դեսպանատուն է դիմել 65 հայ: Այս մասին հայտնել է Իրանում ՀՀ դեսպանատունը: Նրանց բոլորի  մուտքը թույլատրվել է: «Իրանի հայերի շրջանում տագնապ կա: Մարդիկ զանգում են դեսպանատուն: Հայաստան են ուզում գալ, անգամ երկքաղաքացիներն են դիմում դեսպանատուն, խնդրելով թույլատրել իրենց մուտքը Հայաստան: Ընդհանուր առմամբ Իրանում դեռ խուճապ չկա: Բայց եթե մահերի թիվն ավելանա, երկրում կարանտին կհայտարարվի», - ասաց Իրանում ՀՀ դեսպանատանը մոտ աղբյուրը: 
Իրանից ժամանած քաղաքացիների առողջական վիճակը սահմանին ստուգվում է առողջապահության նախարարության սանիտարական ծառայության կողմից, միայն հետազոտությունից հետո նրանց ներս են թողնում երկիր: 

ՀՀ քաղաքացիները կարող են Իրանից Հայաստան գալ օդային և ցամաքային ճանապարհով: Ցամաքային ճանապարհով ժամանողները պետք է Հայաստան գան ոտքով, մեքենաները թողնելով Իրանում: Երեկվանից արգելվել է  Իրանի մեքենաներով և վարորդներով անցնել Հայաստանի սահմանը: «Մենք տեղեկացրել ենք արդեն ավտոբուսների վարորդներին, որ իրենց մուտքը չի թույլատրվելու, որ մարդկանց իզուր չտանեն, հասցնեն սահման, և նրանք հուսախաբ լինեն», - ասում է աղբյուրը: Վաղը նախատեսվում է չվերթ՝ ՀՀ քաղաքացիներին հայրենիք վերադարձնելու համար:

Երեկվա դրությամբ, ըստ Իրանի առողջապահության նախարարության տվյալների, կորոնավիրուսով վարակի հաստատված 61 դեպք կա, 61 հիվանդներից 12-ը մահացել են:

Ըստ իրանական մամուլի, հիվանդների թիվը հասնում է 65-ի, իսկ մահացածները 15-ն են: Հիշեցնենք, որ Իրանը Հայաստան ժամանող զբոսաշրջիկների թվով երրորդ երկիրն է ՌԴ-ից և Վրաստանից հետո: Ի դեպ, Հայաստանի դեղատներից անհետացել են դիմակներն ու այլ միջոցները: