Փաշինյանի այսօրվա կմկմոցների տակ հերթական զիջումն էր․ Արթուր Խաչատրյան
Մինչև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շարունակում է նոր սպառնալիքներ հորդել Հայաստանի հասցեին ու հայտարարում, որ վերացնելու են «ֆաշիստական սպառնալիքը», որը ըստ Ալիևի, անկախ Հայաստան պետությունն է, վարչապետի աթոռը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը, որ տարեսկզբից մարտահրավեր է նետել ոչ թե երկրի սպառնալիքներին, այլ սոցցանցերում իրենց կենցաղով հետեւորդներին զվարճացնող բլոգերներին, շարունակում է իբրեւ թե խաղաղություն կառուցելու ապարդյուն ճիգերը։
Ալիեւին այս անգամ անպատասխան չթողեց Փաշինյանը՝ անադեկվատության ու անօգնականության նոր նշաձող սահմանելով։
Իրավիճակը սթափ գնահատող որեւէ երկրի ղեկավար, թերեւս համապատասխան մարմինների հետ՝ ԱԽ, դիվանագիտական կորպուսի, ԳՇ, անհապաղ խորհրդակցություններ կսկսեր, անմիջապես կկապվեր դաշնակից ու գործընկեր երկրներների ղեկավարների հետ․․․Բայց, ո՛չ Փաշինյանը։ Իր արձագանքում նա մի կողմից արձանագրեց, որ Ադրբեջանն ամենևին խաղաղության չի պատրաստվում ՝ հայտարարելով, թե «Բաքուն փորձում է տարածաշրջանում էսկալացիայի «լեգիտիմություն» ձևավորել», մյուս կողմից, պնդեց վաղուց ձախողված ու Ադրբեջանի կողմից արհամարհված կեղծ խաղաղության օրակարգը ու հերթական անգամ Ալիեւի առաջ ծնկի եկավ՝ թե չեմ ասի՝ ֆաշիստը դու ես, կփորձեմ հասկանալ, ինչու նման ընկալում կա։
Նրա մեկնաբանության հիմքում Ադրբեջանին չբարկացնելու պրիմիտիվ ու ողորմելի թեզն է, որ հատկապես հետպատերազմական չորս տարիներին որդեգրել է Հայաստանի իշխանությունը՝ պարտվողականությունը թաքցնելով Բաքվին ագրեսիայի հիմք չտալու պարզունակ մանեւրի տակ։ Գետնի վրա արձանագրվել է, որ «խաղաղություն» բառն անդադար հոլովելիս, իրականում խաղաղություն չի հաստատվում, եթե մի կողմը, միևնույն է, բացահայտ մտադիր է քեզ վերացնել։
«Հունվարի 7-ի երեկոյան Ադրբեջանի բռնակալը հերթական վերջնագիրը ներկայացրեց Հայաստանին՝ սպառնալով իր ցանկալին ուժով ստանալ, եթե Հայաստանը զիջումների չգնա եւ մի քանի պահանջ ներկայացրեց՝ Հայաստանի ապառազմականացում, վերադարձ այսպես կոչված «Արեւմտյան Ադրբեջան», այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք» եւ իր անտրամաբանական ու զավեշտալի պահանջը տալ գնահատական, թե Հայաստանը «ֆաշիստական» պետություն է ու եթե ՀՀ իշխանությունները «ֆաշիզմը» ոչնցացնեն, ինքը կոչնչացնի։ Փաշինյանը տեւական ժամանակ լուռ էր, իր մանկլավիկները փոխանակ Ալիեւին պատասխանեին, ընդդիմությանը եւ լրագրողներին էին մեղադրում Ադրբեջանի բռնակալի խոսքերը տարածելու մեջ։ Բայց, այսօր կեսօրին, Փաշինյանը հասկացավ, որ չի կարող երկար ժամանակ լռել, ոչ թե այն պատճառով, որ հարգում է հայ հասարակությանը, որ հայ հասարակությունն է իրենից պատասխան ուզում, այլ, որ Ալիեւն է դա պահանջում եւ իր այսօրվա կմկմոցների տակ հերթական զիջումն էր՝ Ադրբեջանը քեզ ասում է «ֆաշիստ», դու ասում ես՝ եկեք հասկանանք, թե ինչու է այդպես։ Այդ մոտեցումը ընտանիքի ներսում կարող է լինել՝ ամուսինների միջեւ, երբ իրար հետ վիճում են, փորձում ես հասկանալ պատճառը, բայց երբ դիմացդ կանգնած է երկրի թշնամին, որը բացահայտ հայտարարում է, որ քեզ պետք է ոչնչացնի, այդ կմկմոցով դու ուղղակի ընդունում ես, որ Ադրբեջանի մեղադրանքը»,-«Հրապարակ»-ին ասում է ԱԺ «Հայաստան խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
Պատգամավորը հարցադրումներ է հնչեցնում՝ 2020թ Ադրբեջանը լեգիտիմ իրավունք ունե՞ր հարձակվել Արցախի Հանրապետության վրա, Շուռնուխի հատվածում փակել Գորիս-Կապան ճանապարհը, Շորժայի, Ներքին Հանդի եւ մյուս հատվածնում հարձակվել Հայաստանի վրա, 200 կմ-ից ավելի տարածք օկուպացնել ․․․«Նա չուներ այդ լեգիտիմ իրավունքը, բայց արեց, եւ՝ ի՞նչ։ Փաշինյանը, հայտարարելով, որ ես չեմ ուզում լեգիտիմ իրավունք տալ Ադրբեջանին լարվածության համար, ուղղակի քողարկում է զիջելու իր պատրաստակամությունը»,-արձանագրություն է ընդդիմադիր պատգամավորը։
Խաչատրյանը հիշեցնում է՝ Փաշինյանը զիջել է ամենը, ինչ Բաքուն է ցանկացել՝ փոխարենը ոչինչ չստանալով ու մտահոգիչ համարում, որ Ալիեւը կրկին խոսում է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին։ Նրա խոսքով, ակնհայտ է, որ Բաքվի ուզածը ճանապարհ չէ, այլ թուրք-ադրբեջանական վերահսկողության ներքո գտնվող տարածք, որով Թուրքիան Ադրբեջանի միջոցով կկապվի Կենտրոնական Ասիայի թրքախոս երկրների հետ։ «Ադրբեջանի այս պահանջին Փաշինյանը ենթարկվել է դեռ երկու տարի առաջ, երբ հայտարարում էր, թե այդ 47 կմ-ի համար հո ֆիտոսանիտարական փաստաթուղթ չե՞նք ուզելու։ Այսինքն, ինքն ասել է, որ պատրաստ է ավելի մեղմ ռեժիմ տրամադրել, բայց Ադրբեջանին եւ Թուրքիային դա չի բավարարում»,-շարունակում է Խաչատրյանը՝ շեշետելով, որ փոխանակ հանրությանը պատրաստեն դիմակայության՝ պաշտպանվելու, փորձում է արդարացնել Բաքվի պահանջները եւ հող նախապատրաստել Ալիեւի հրահանգները կատարելու համար։
«Ալիեւը հասկանում է, որ Փաշինյանն իր համար գտածո է, նրանից հետո ով էլ գա իշխանության, Հայաստանի շահերը պաշտպանելու հարցում կլինի ավելի շահախնդիր ու սկզբունքային, ուստի, փորձում է մինչեւ վերջ քամել, հետեւաբար, Փաշինյանին օր առաջ հեռացնելը Հյաստանի գոյության ու փրկության անհրաժեշտ նվազագույն պայմանն է»,- եզրափակում է Արթուր Խաչատրյանը։
Կարծիքներ