ՀԱՄԱՍ-ը հարվածել է հայաբնակ Պետախ Տիկվային․ իսրայելահայ գործիչները մանրամասներ են հայտնում

ՀԱՄԱՍ-ը հարվածել է հայաբնակ Պետախ Տիկվային․ իսրայելահայ գործիչները մանրամասներ են հայտնում

Երեկ վաղ առավոտից Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի զինյալների միջև սկսված ռազմական բախումները շարունակվում են։ Երկուստեք հայտնում են հարյուրավոր զոհերի և վիրավորների մասին։ Միաժամանակ, Իսրայելը հայտնել է, որ այս ընթացքում հաջողվել է վերականգնել վերահսկողությունը մի քանի բնակավայրերի նկատմամբ, որտեղ ավելի վաղ ներթափանցել էին ՀԱՄԱՍ-ի կողմնակիցները։ 

Ռազմականացված այս խմբավորման առաջնորդն իր հերթին խոստացել է մինչև վերջ պայքարել պաղեստինցիների իրավունքների համար, նշելով, որ հարվածները հասնելու են մինչև Արևմտյան ափ և Երուսաղեմ, որտեղ ի դեպ մեծաթիվ հայ համայնք կա։
Պետախ Տիկվայի «Նաիրի» միության նախագահ, «Իսրայելահայեր» թերթի գլխավոր խմբագիր Արտյոմ Չերնամորյանը մեզ հետ զրույցում նշեց, որ գիշերը հրթիռակոծվել է նաև իրենց քաղաքը, որտեղ շուրջ 1000 հայ է բնակվում։
«Պետախ Տիկվան, ինչպես մյուս կենտրոնական քաղաքները, հայտնվել էր հրթիռահարման թիրախում, այս պահին վիրավորների մասին տեղեկություն չունեմ։ Հայերի շրջանում տուժածներ չկան»։

Նրա խոսքով, գիշերվանից միչև այս պահը Իսրայելի հարավային շրջանները հրթիռահարվում են։ 

Իսրայելի բանակն ամբողջությամբ մաքրել է Հարավային շրջաններն արաբ ահաբեկիչներից, բայց ռազմական գործողությունները շարունակվում են։ Բացի այդ, հրեական հատուկ ծառայությունների ստորաբաժանումները գերիների ազատագրման խնդիրներն են լուծելու»,-մանրամասնեց մեր զրուցակիցը։

Չերնամորյանը հավելեց, որ այս պահին իրավիճակն իրենց քաղաքում համեմատաբար հանգիստ է, մարդիկ գտնվում են իրենց բնակարաններում։

Ինչ վերաբերում է Երուսաղեմին, որտեղ նույնպես բազմաթիվ հայեր են ապրում, այդ քաղաքում ապրող հասարակական գործիչ, ՀՅԴ ներկայացուցիչ Սերոբ Սահակյանը մեզ հետ զրույցում հավաստիացրեց, որ այնտեղ ևս առայժմ հանդարտ վիճակ է, իսկ հայերի շրջանում, բարեբախտաբար, տուժածներ չկան։

Արա Ալոյան