Բոստանչին մի քիչ էլ հայոց լեզու պիտի իմանա

Բոստանչին մի քիչ էլ հայոց լեզու պիտի իմանա

Բուհերում անվճար ու վճարովի  թափուր մնացած տեղերի մասին է արձանագրվում և կրթության մեջ քաղաքականություն իրացնող կազմակերպիչները՝ իրենց բոսի գլխավորությամբ, խոսում են կրթության բնագավառի ճգնաժամի մասին։ Մի կողմ թողնենք, թե կա՞ բնագավառ, որ այս իշխանությունը ճգնաժամի չի հասցրել ու կրթության ճգնաժամի խորխորատի մասին խոսենք։ Ակադեմիական քաղաք նախագծողները հարց տվե՞լ են իրենց, թե ինչու՞ է առաջացել այդ ճգնաժամը։ Կար ժամանակ, որ մի տեղի համար 20 դիմորդ էր պայքարում, ի՞նչ եղավ։ Ի՞նչ եղավ, որ ագրարային ու մանկավարժական համալսարաններում դիմորդ են փնտրում։ 

Առաջին ամենապարզ պատասխանն այն է, որ իշխանության են եկել կրթություն հետ կապ չունեցողները։  Դա փաստ է, որոնք տեսնում են մարդիկ  իրենց աչքի առաջ։ Սկզբում, երբ չգիտեին, թե ովքեր են այդ մարդիկ, ասում էին՝ կսովորեն, կարևորն այն է, որ մաքուր լինեն։ Հետո երբ ճանաչեցին, որ բան չեն հասկանում, սկսեցին ծիծաղել նրանց «մասնագիտական ունակությունների վրա»։ Քիչ էլ անցավ, արդեն զայրանում էին այդ ոչ կոմպետենտ, ոչ ձեռնհաս,  ոչ իրազեկ,  ոչ գիտակ իշխանավորների վրա։ Իսկ պատերազմից հետո, երբ հասկացան, որ սրանք թիմով բերվել են երկիրը տանուլ տալու համար, սկսեցին հայհոյանքի, վիրավորանքի, զայրույթի, հիասթափության, նրանցից ազատվելու անկարողության շիթով ողողել նրանց։ Մարդիկ իրենց աչքերի առաջ կոնկրետ փաստ ունեն։ Ինչքան անգրագետ լինես, այնքան բարձրագույն կրթություն չունեցող ղեկավարի աչքը կմտնես։ Ինչ վերաբերվում է ագրարային համալսարանում թափուր տեղերին, ասեմ, որ դրա համար էլ մարդիկ կոնկրետ փաստ ունեն։ Այնպես չէ, որ այս իշխանության նպատակը դա չէր։ Գյուղատնտեսության նախարարությունը փակելով, կտրեց Հայաստանը սնուցող երակը։ Հետո արոտավայրերը, դաշտերը հանձնեց թշնամուն, որ աստիճանաբար անասուն պահելը վերացնի։ Հետո հանձնեց սահմանամերձ գյուղերի բարձունքները, որ գյուղացին չկարողանա հողի մեջ սերմ գցի։

Միշտ թշնամու նշանառության տակ լինի։ Դա երկիրը կործանման տանող ամենակարճ ճանապարհն է։ Իսկ հիմա գյուղատնտեսության նախարարությանը փոխարինում է Նիկոլի կինը։ Հայաստանի գլխավոր բանջարաբույծն է դարձել, գլխավոր բոստան մշակողը։  Նրան արդեն կարելի է նշանակել ագրարային համալսարանի ռեկտոր, իսկ հինգ օր հետո ակադեմիական քաղաքի տնօրեն նշանակել ու  ակադեմիկոս հռչակել։ Անհրաժեշտ պայման չէ, որ բանջարաբույծը տիրապետի հայերենի քերականական կանոններին։ Մի երկու օր առաջ տիկինը  ֆեյսբուքում մի գրառում էր արել, որը երկրորդ դասարանում են սովորեցնում։ Բանջարեղեն բառի փոխարեմ օգտագործել էր բանջարեղեններ։ Որպեսզի ավելի մատչելի լինի տիկնոջ համար, հիշեցնեմ, որ հայերենում կան անհոգնական գոյականներ։ Բանջարեղենը մտնում է դրանց մեջ։ Բանջարեղենը հոգնակի չունի։ Ություն, -երեն և -եղեն ածանցներով վերջացող գոյականները, որոնք արտահայտում են հավաքական իմաստ կամ լեզու, օրինակ՝ աշակերտություն, աշխատավորություն, մրգեղեն, կանաչեղեն, բանջարեղեն, ոսկեղեն, չինարեն, հայերեն, գերմաներեն, հոգնակի թիվ չունեն։ Մեջբերեմ տիկնոջ գրառումը, որը գաստրոնոմիական բողոք էր առաջացրել։ Բացի ստամոքսասիրությունից   այն ունի նաև լեզվական խնդիր․
Anna Hakobyan
· 
Մեր այսօրվա ընթրիքը պատրաստեցի մեր աճեցրած բանջարեղեններով։

Նույնիսկ ամենացածր գիտելիք ունեցող բանջարավաճառն իր կրպակի վրա չի գրի՝ վաճառվում է բանջարեղեններ։ Բոստանչին մի քիչ էլ հայոց լեզու պիտի իմանա։ 

ՀԳ Տեղեկացնեմ, որ լեզվագետ տիկնոջ թերթում արդեն ուղղել են սխալը, բայց ֆեյսբուքյան էջում դեռ չեն հասցրել։