«Հրապարակ»․ Մենք պետք է մեկ օրակարգ ունենանք` հեռացնել այս իշխանություններին. Մարջան Ավետիսյան

«Հրապարակի» զրուցակիցը դերասանուհի Մարջան Ավետիսյանն է:
- Հայաստանում այսօր ամենաքննարկվող ու առանցքային հարցը հանրային տրանսպորտի սակագնի թանկացմանն է վերաբերում: Բայց անգամ այս հարցում չկա համախմբվածություն, չկա միասնականություն: Ի՞նչ եք կարծում` արժե՞ր տրանսպորտի սակագինը թանկացնել:
- Ամենաքննարկվող հարցը ոչ թե հանրային տրանսպորտին պետք է վերաբերեր, այլ` իշխանափոխությանը: Հենց իշխանափոխության հարցն է, որ շղթայական կապերով տարբեր հարցեր է իրար կապում: Հաշվի առնելով, թե ինչ է կատարվում աշխարհում, ներառյալ` Հայաստանում, մենք պետք է մեկ օրակարգ ունենանք` հեռացնել այս իշխանություններին: Մեր իշխանությունների ռեակցիան` տարբեր հարցերի վերաբերյալ և անելիքների իսպառ բացակայությունը այլ տարբերակ չի թողնում…. նրանք պետք է հեռանան:
- Այսինքն` Դուք ևս այն տեսակետին եք, որ անվտանգության հետ կապված հարցերն են ամենաառանցքայինն ու կարևորը:
- Իհարկե, ամենակարևորը մեր արժանապատվությունն է, անվտանգությունը: Տրանսպորտը այսօր կթանկանա, վաղը` կէժանանա, հայտարարագրումները այսօր կլինեն, վաղը` ոչ, այս հարցերը քննարկելով մենք անվտանգ չենք դառնում: Մեր իշխանությունները ոչ հայրենիքի մասին են մտածում, ոչ անվտանգության, ոչ էլ ժողովրդի: Բայց սոցիալական հարցերը ողջ աշխարհում հանդիսանում են առաջին տրիգերը, որ մարդիկ փողոց են դուրս գալիս, եթե Հայաստանում էլ սոցիալական թեման պետք է լինի առաջին տրիգերը, ապա, այո, ես համաձայն եմ, թող պայքարը սկսվի հենց այդտեղից: Արդեն վաղուց ժամանակն անցել է այս մարդուն տուն ճանապարհելու:
- Մենք անվերջ լսում ենք «խաղաղություն» բառը: Ի՞նչ է խաղաղությունը: Հավատո՞ւմ եք դրան:
- Ինձ համար խաղաղությունն առաջին հերթին անվտանգ պետությունն է, իսկ անվտանգ պետության երաշխիքը բանակն է: Բայց այսօր այդ երաշխիքը վերածվել է փոքրիկ խմբի, որին անընդհատ հարվածում են չորս կողմից…. անվերջ լսում ենք, որ թույլ ենք, վախեցած ենք, վախկոտ ենք, որ եթե թփրտանք` մեզ կխփեն, կհալածեն, կոչնչացնեն, բայց մենք պետք է գիտակցենք` խաղաղության միակ երաշխիքը բանակն է:
- Բաքվի բանտերում դատվում են հայ ռազմաքաղաքական գործիչները, բայց Հայաստանում իշխանությունները չեն դադարում զվարճանալ, հեծանիվ քշել, ձվածեղ պատրաստել:
- Գերիների թեման ամենասարսափելին է և հասարակության մի շերտի հրճվանքը, որ գերիներին խոշտանգում են, ինձ համար անհասկանալի է, ուղղակի չեմ հասկանում, թե ինչու: Կամ սա արվում է իշխանական ֆեյքերի միջոցով, որ մենք նման տպավորություն ունենանք, որ այ տեսեք, հայ ժողովուրդը ուրախ է, որ այդ մարդիկ դատվում են Բաքվի դատարաններում, կամ էլ իսկապես մեր ժողովրդի մեջ կան նման մարդիկ: Բայց մի՞թե կարելի է այդքան անողնաշար լինել, և ուրախանալ այն փաստից, որ մեր հային դատում են Բաքվում: Գուցե, օրինակ` Արայիկ Հարությունյանն արժանի է դատվելու, բայց ամեն դեպքում այս մարդիկ հայտնվել են գերության մեջ, քանի որ դրա մեծ ցանկությունն ունեցել է Հայաստանի կառավարությունը:
- Եթե արտահերթ կամ հերթական ընտրություններ տեղի ունենան, ի՞նչ եք կարծում` ո՞ր ուժերը կհաղթեն, և որոնք կանցնեն խորհրդարան:
- Մեծ վախեր ունեմ, որ այն բոլոր մարդիկ, ովքեր հատկապես մեծ ազդեցություն ունեն պետական մեդիաների վրա, հենց նրանք էլ հաղթեն: Օրինակ` Հանրային հեռուստաընկերությունը այս հարցում ունի մեծ ազդեցություն: Ենթադրում եմ, որ նման հարթակները նպաստում են, որպեսզի պարբերաբար այնտեղ հայտնվող ուժերը ավելի շատ ձայներ հավաքեն, քան, ասենք, այն ուժերը, որոնք ինչ-որ յութուբյան ալիքների հարցազրույց են տալիս: Մարզերում Հանրայինով եթեր գնացող տեղեկությունները որպես իրականություն են ընկալվում, թեպետ հանգում եմ այն մտքին, որ մարզերում էլ մարդիկ բավականին սթափ են և պատրաստ են շատ ավելի կտրուկ քայլերի, քան մեր ընդդիմությունն է պատկերացնում:
- Բայց Աննա Հակոբյանն ասում է, որ մեր ժողովուրդն անկիրթ է, կրթվելը պետք է դառնա նորաձև, որպեսզի մարդիկ կարողանան արժեվորել պետությունը եւ իրենց:
- Կրթվելը միշտ կարևոր է եղել, հայտնություն չէ: Չգիտես ինչու այս մարդիկ մտածում են, որ իրենց արտահայտած մտքերը հենց իրենք են առաջին պլան բերել, բայց այդպես չէ: Այս տիկնոջ մասին ուղղակի չեմ ուզում խոսել, ոչ միայն այն պատճառով, որ նա ինձ համար չափազանց տհաճ է, այլև այն պատճառով, որ նա ուրախանում է անգամ, երբ վատն են իր մասին խոսում: Նա այս ամենից հաճույք է ստանում, գիտի, որ ժողովուրդը պատրաստ է իրեն այրել, խորովել, բայց անգամ դրանից ուրախանում է, հաճույք է ստանում:
- Շատ հաճախ մարդիկ սպասելիքներ ունեն հենց հայտնիներից: Երբեմն մեղադրում են նրանց, որ չեն պայքարում, չեն ուղղորդում իրենց: Ի՞նչ եք կարծում` հայտնիներից շատերը ինչի՞ց են վախենում, ի՞նչ կարող են կորցնել, որ հաճախ լռում են:
- Մի շերտ կա, որը վախենում է, բայց չի արտահայտվում, մի շերտ կա, որ ի սկզբանե ամեն ինչ հասկացել է, պարզապես անիմաստ է համարում սրանց մասին խոսել, ընդդիմանալ սրանց: Կա նաև մի շերտ, որը գնում է հոսանքի ուղղությամբ, մինչև տեսնի, թե ինչ է լինում: Իսկ այն քիչ խոսողները` ամուր մարդիկ են, լավ է, որ գոնե մի քանի նման որակով տեսակ ունենք: Դա ավելի կարևոր է, քան եթե բոլորը բղավեն….
Կարծիքներ