Ո՞վ Է առատաձեռն նվիրատուն

Ո՞վ Է առատաձեռն նվիրատուն

Աղբահանության համար քաղաքապետարանի ձեռք բերած 50 մեքենաներից 20-ը գնվել են քաղաքապետարանի կողմից, տեղեկատվություն կա, որ մնացածն այլ ճանապարհով են ձեռք բերվել։ Այդպե՞ս է՝ հարցրինք Երեւանի ավագանու «Լույս» ֆրակցիայի ղեկավար Դավիթ Խաժակյանին։ «Մեկ անձից կատարված գնումների պայմանագրերի մի մասը մինչեւ հիմա չի հրապարակվել, ինչն ինձ նույնպես հիմք է տալիս ենթադրել, որ այդ խոսակցություններն անհիմն չեն։

Տարբեր տնտեսվարողների «հորդորել» են գնել այդ մեքենաները։ Հարցումով դիմել, պահանջել եմ` տրամադրել բոլոր տվյալները, որովհետեւ պայմանագրերն օրենքի ուժով պետք է գնումների կայքում անմիջապես հրապարակվեին, ինչը չի արվել»: Ասել է թե` 30 մեքենայի նվիրատվությունը փաստաթղթավորված չէ՞։ «Ես ունեմ որոշակի տեղեկություններ, որ քաղաքապետարանը քննարկել է հարցը` ինչպես ընդունել այդ նվիրատվությունը, սակայն հենց այն բերվեր ավագանու օրակարգ, տեսանելի էր դառնալու, որ տարբեր անձանց կողմից ձեռք բերված մեքենաների մասին է խոսքը, եւ ամեն ինչ ջրի երես էր դուրս գալու, որովհետեւ բոլորս գիտենք, թե մասնավորի նվերները քաղաքին ինչ են իրականում նշանակում»:

Ի՞նչ են նշանակում։ «Ես չեմ զարմանա, որ պարզվի` հայտնի խոշոր սեփականատերեր կան այդ ձեռքբերումների հետեւում, ինչն էլ որոշակի բարտեր է ենթադրում»: Խոսքը Սամվել Ալեքսանյանի մասի՞ն է։ «Ո՛չ հաստատում եւ ո՛չ էլ հերքում եմ այդ տեղեկատվությունը»: Ասացիք` հարցմամբ դիմել եք, եթե պարզվի, որ Դուք ճիշտ էիք, իրենք՝ սխալ, ի՞նչ եք անելու։ «Կդառնա քաղաքային մեծ սկանդալ, որի մեջ առկա են կոռուպցիոն գործոններ`  իրավական եւ քաղաքական լուրջ հետեւանքներով»: