Իրենք տարածեցին, իրենք էլ փորձում են հերքել․ ով է տարածել կեղծ լուրը

Իրենք տարածեցին, իրենք էլ փորձում են հերքել․ ով է տարածել կեղծ լուրը

Երեկվանից ողջ երկիրը լարված վիճակում է՝ մի կողմից Պաշտպանության նախարարությունը շղթայած հարազատներն են մոտ երկու օր ՊՆ ողջ աշխատակազմին պահել ՊՆ շենքում։ Մյուս կողմից՝ Բաքվից ժամանող ինքնաթիռի պատմությունն է․ ամբողջ երկիրը սպասում էր, որ գերիներ են գալու, պարզվեց՝ կեղծ լուր է, իսկ ռուս խաղաղապահների հրամանատար Ռուստամ Մուրադովը ուղիղ մեղադրանք հնչեցրեց՝ ուղղված ՀՀ իշխանություններին, որ նա մոլորեցնում է հանրությանը, ոչ մի գերի էլ չէր գալու։ 

Բայց երեկ լրատվամիջոցներով տեղեկատվությունը տարածվել էր, վարչապետի խոսնակ Մանե Գեւորգյանը հաստատել էր տեղեկությունը, հաստատել էր նաեւ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավարը։ Եւ իշխանությունը հայտնվել էր ծանր վիճակում։

Երեկվանից արդեն սկսվել էին ներիշխանական ռազբորկաները, թե ով է կեղծ լուրը տարածել, ով է հաստատել եւ ինչու։ Եւ այս պատմությանն առնչվող անձինք սկսել էին իրար վրա «բոչկա» գլորել։ Մանե Գեւորգյանն ասել էր, որ հարցրել է Ավինյանից՝ փոխվարչապետը հաստատել է, ինքն էլ տարածել է։ Ավինյանի գրասենյակը մեղքը գցել էր վարչապետի խոսնակի վրա։ Բոլորով սկսել էին մեղադրել լրատվամիջոցներին, թե նրանք են մեղավոր։ Մասնավորապես՝ «Ազատություն» ռադիոկայանն է լայվ ռեժիմով օդանավակայանից ռեպորտաժ տվել, այլ իշխանական կայքեր եւս։ Սկսել են փնտրել սկզբնաղբյուրը եւ եկել հասել են գյումրեցի պատգամավոր Նազելի Բաղդասարյանին, որը ԶԼՄ-ներին շտապել է հաղորդել «ուրախալի» լուրը եւ անձամբ էլ մի քանի ժամ անցկացրել է օդանավակայանում, որպեսզի դիմավորի ժամանող գերիներին եւ գերիների գալու ուրախության «դափնիները» ոչ մեկը չվայելի՝ իրենից բացի։ 

Այս իրավիճակից դուրս գալու համար իշխանության ներկայացուցիչները, այդ թվում՝ Ալեն Սիմոնյանը, ստիպված էին հայտարարություններ անել եւ անգամ ներողություն խնդրել՝ մարդկանց զգացմունքների հետ խաղալու համար։ Իսկ ՊՆ-ում ստիպված էին վերջապես ընդունել շենքը պաշարած քաղաքացիներին եւ պաշտպանության նախարարն ու ոստիկանապետը փորձում էին հանգցնել դժգոհության կրակն ու մարդկանց հուսադրել, որ ամեն ինչ լավ է լինելու։