Ռուզվելտի մեկօրյա այցն ամերիկացիների համար ավելի կարեւոր է, քան Արամ Մանուկյանի ողջ կյանքը հայերի համար

Ռուզվելտի մեկօրյա այցն ամերիկացիների համար ավելի կարեւոր է, քան Արամ Մանուկյանի ողջ կյանքը հայերի համար

Ամերիկյան հերթական ֆիլմն եմ նայում «Նեթֆլիքսով»: Խաղաղ բան եմ ընտրել, որ հայաստանյան թոհուբոհից հանգստանամ` չեմ սիրում մարտաֆիլմերն ու սուր, լարված սյուժեով ֆիլմերը` մեր կյանքում եղած սրությունն ու կրակոց-բախումները քիչ չեն, երեկոյան թեթեւ բան է սիրտդ ուզում, որ թոթափես օրվա հոգսը: «Սիրո գույները», թե «Գունավոր սեր»` ֆիլմի անունն էլ չեմ հիշում: Թեթեւ մելոդրամա էր, բայց ընթացքում կամաց-կամաց սյուժեն դարձավ ուշագրավ ու մեր իրականության հետ զուգահեռների տեղիք տվեց:

Մոնտանա նահանգի մի շատ փոքրիկ քաղաքում են տեղի ունենում իրադարձությունները, որտեղ մարդիկ բոլորը բոլորին ճանաչում են, բոլորը բոլորի հետ շփվում են եւ ապրում են գրեթե մի մեծ ընտանիքի նման` ամեն ինչ բոլորի աչքի առաջ ու անթաքույց: Քաղաքից տարիներ առաջ հեռացած եւ ամերիկյան մեծ իրականության մեջ բավականին գումար աշխատած երիտասարդը գնել է իր հայրենի քաղաքի հյուրանոցը եւ որոշել է բիզնես գործունեություն ծավալել հարազատ քաղաքում` հյուրանոցը նորոգել, նոր շունչ հաղորդել, այն դարձնել ժամանակակից հանգստյան տուն, որը նաեւ տուրիստներ կբերի փոքրիկ քաղաք` եկամտի եւ հավելյալ վաստակի հնարավորություն տալով քաղաքի բնակիչներին ու իրեն:

Ապա սկսվում է ուշագրավը եւ մեզ համար նախանձելին: Քաղաքը սկսում է քննարկումներ կազմակերպել, հայկական տերմինով ասած` լսումներ, բնակիչները պետք է իրենց համաձայնությունը տան այդ նոր նախագծին եւ պետք է հասկանան` դա հին ու արժեքավոր կառույցը քանդելո՞ւն է ուղղված, թե՞ իսկապես օգտակար եւ քաղաքին անհրաժեշտ նախագիծ է: Եվ ինչպես աշխարհի շատ երկրներում, Մոնտանայում էլ մարդիկ պահպանողական են, իրենց հուշերից կառչած, եւ հին ու մաշված շենքն իրենց հոգեհարազատ է` չեն ուզում այն վերածվի անդեմ ու ժամանակակից մեգապոլիսներին բնորոշ մի կառույցի: Սկսվում է դաժան պայքար` հնի պահպանման կողմնակիցների եւ հյուրանոցը գնած առաջավոր ու համակրելի երիտասարդի միջեւ:

Չէ, իհարկե, դաժան փոխաբերական առումով, քանի որ բանավեճն անչափ կիրթ ու քաղաքավարի է ընթանում, կողմերը լսում են միմյանց փաստարկները, եւ երկու կողմն էլ իր ճշմարտությունն ունի: Քննարկումները վարող անձը, որը գուցե քաղաքի ադմինիստրացիայի ներկայացուցիչն էր, առաջին քննարկման ավարտին հայտարարում է, որ հյուրանոցը պատմամշակութային հուշարձան չէ եւ որպես հուշարձան պահպանման ենթակա չէ: Այ, եթե քաղաքի բնակիչները հաջորդ հանդիպմանը ներկայացնեն գոնե մեկ փաստ, որ այդ շենքում ինչ-որ պատմական իրադարձություն է տեղի ունեցել, ապա իրենք կդիմեն համապատասխան պետական կառույցին, կստանան այդ կարգավիճակը, եւ վերակառուցումը կարգելվի:

Քաղաքը սկսում է պրպտել, եւ ֆիլմի գլխավոր հերոսուհին քաղաքի գրադարանում գտնում է մի խունացած լուսանկար, որն ասում է այն մասին, որ մի 40 տարի առաջ այդ հյուրանոցում է կանգ առել ԱՄՆ նախագահ Ռուզվելտը: Այդ կողմերով անցնելիս է եղել, սաստիկ ձյուն է եկել, ստիպված են եղել հյուրանոցում հանգրվանել ու սպասել ճանապարհի բացմանը: Վերջ: Քաղաքը ցնծում է, լուսանկարը գտած աղջիկը դառնում է հերոսուհի: Հյուրանոցի տերն անգամ չի դիմադրում` համաձայնում է, որ դա խոշոր պատմական փաստ է, եւ դադարեցվում է քաղաքին եկամուտ բերող ծրագրի իրականացումը: Վերջում, իհարկե, հեփի-էնդ` արխիվը փորփրած աղջկա ու հյուրանոցի ձախողված տիրոջ սիրո տեսարան` քաղաքի ամանորյա տոնական պարահանդեսում:
Նայում էի ֆիլմն ու նախանձից պայթում` ինչ պետություն են ստեղծել մարդիկ, ինչպես են հասել այդ արժեքներին ու նման ճշգրիտ կառավարման: Ինչպես են միմյանց հետ համատեղվում պահպանողականությունը, մշակութային արժեքների հանդեպ հարգանքն ու ժամանակակից աշխարհը` իր բիզնես մտածողությամբ:

Իսկ ինչ ենք անում մենք` ավերում ենք անգամ Արամ Մանուկյանի տունը, ոչնչացնում պատմական բոլոր արժեքները: Համարակալելով հին երեւանյան, պատմական շենքերը` խաբում ենք քաղաքացիներին, ապա այդ քարերը ջարդում, փոշիացնում կամ փակցնելով նոր ու այլանդակ շենքերի վրա՝ արժեզրկում դրանք: Մարդիկ պահպանում են անգամ իրենց նախագահի մեկ անգամ այցելած շենքը, իսկ մենք ոչնչացնում ենք պատմության հսկայական շերտեր` առանց ափսոսանքի ու խղճի խայթի: Անգամ հետսովետական տարածքի շատ քաղաքներում` Թբիլիսիում, Սանկտ Պետերբուրգում, Կիեւում, մարդիկ կարողացան պահպանել իրենց ունեցածը, մենք Երեւանը դարձրինք այլանդակ, խառնիճաղանճ մի քաղաք, որը ո՛չ պատմություն ունի, ո՛չ դիմագիծ, ո՛չ ճարտարապետ: Եվ կառուցվել է տարբեր անճաշակ օլիգարխների ու իր պետությունն ատող մարդկանց համատեղ ջանքերով: