Քաղաքապետարանի երազանքները․ մետրոյի 2 կայարանը հորով-մորով չարած՝ անցել են 3-րդին
Տարեսկզբից Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը թմբկահարում էր՝ նախատեսվում է մետրոյի երկու կայարան կառուցել, սկզբում կլինի առաջինը, հետո՝ երկրորդը։
«Մեկը կլինի Թումոյի մոտ, մյուսը շարունակվում է Կվարտալ: Առաջինը ավելի մոտ ժամանակներում կլինի, երկրորդը՝ ավելի հեռու: Մեկ կիլոմետր մետրոյի արժեքը միջին հաշվարկով արժե 100 միլիոն դոլարին համարժեք ՀՀ դրամ»,- ավագանու նիստից հետո ասել էր Հայկ Մարությանը։
Ավելին՝ կլոր սեղանի ֆորմատով քննարկումներ եղան, հավաքվեցին, գլուխ գլխի տվեցին եւ 2019 թվականին հայտարարեցին, թե տեղի են ունենում հանդիպումներ, քննարկվում են Հալաբյան փողոցի նոր կայարանի մոտ բազմաֆունկցիոնալ բարձրահարկ կառույցներով, ստորգետնյա ավտոկայանատեղով և առևտրի կենտրոնով համալիրի ստեղծման հնարավորությունները: Իսկ թե վերջապես երբ են մեկնարկելու շինարարական աշխատանքները, երբ պատրաստ կլինի մետրոյի նոր կայարանը, քաղաքային իշխանությունները չեն նշում։
Այժմ էլ որոշել են առաջ ընկնել երազանքներից եւ մի մետրոյի կայարան ավելացնել Սուրմալու-Փեթակ առեւտրի կենտրոնների տարածքներում։
«Լույս» խմբակցության ավագանու անդամ Անի Խաչատրյանի խոսքով, ըստ էության, ավելացնելու են միայն աստիճանները եւ գործարկելու են մետրոյի նոր կայարանը․
«Սովետի ժամանակ է փորվել դա, բոլոր քաղաքապետերը սպասում էին այդ ներդրմանը։ Քաղաքային իշխանությունները, հասկանալով, որ Աջափնյակի մետրոն հնարավոր չէ իրականանցնել, ունեն նոր խոստում՝ եւս մեկ մետրոյի կայարան, որը լինելու է Սուրմալու-Փեթակների առեւտրի կենտրոնների տարածքում։ Մետրոն գնում է բաց տարածքով, մեզ պետք է ունենալ աստիճան, որը բարձրանա, եւ ծածկ։ Գտել են տարբերակ՝ մի հատ աստիճանավանդակ ստեղծել եւ ասել՝ մետրոյի նոր կայարան ունեցանք»։
Անի Խաչատրյանը նաեւ նշեց՝ այս մետրոյի գործարկումը կբեռնաթափի երթեւեկությունը։
Սպառողների իրավունքների միության նախագահ Արմեն Պողոսյանն էլ չի հավատում այս խոստմանը եւս, ասում է՝ այդպիսի խոստումներ շատ են տվել եւ չեն կատարել․ «Էդպիսի ծրագիր ես շատ եմ տեսել, սակայն դա ծրագիր չէ, հեքիաթ է, մեզ մոլորեցնելու համար։ Ես մեր երկրի եւ մեր քաղաքի զարգացման ծրագրերը միշտ կարդում եմ եւ ամեն տեղ գրված է մետրոյի կառուցում, բայց ոչ մի տեղ գրված չի՝ ոչ ժամկետը, ոչ ռեսուրսները, ոչ մի կոնկրետություն չկա։ Իմ համոզմամբ՝ դա խաբեության ձեւ է։ Դա հայտարարություն է չմասնավորեցված, դա ֆանտաստիկ ծախս է»։
Արմեն Պողոսյանի խոսքով՝ 1,5 տարվա ընթացքում քաղաքային իշխանությունը ոչինչ չի արել․ «Իմ երեսունամյա փորձը դա է ասում, էդպիսի ծրագրեր էնքա՜ն եմ տեսել։ Ձեզ օրինակ ասեմ․ մեր մետրոյի կայարաններից ոչ մեկը երկրորդ ելք չունեն։ Դուք դուրս եկաք Օպերայից, որպեսզի մետրո նստեք, պիտի գնաք 15 րոպե՝ շրջանցելով, փոխարենը՝ այդտեղ պետք է լիներ մետրոյի կայարան։ Տարբեր քաղաքապետեր ասել են, որ սկսում ենք այդ կառուցումը։ Մի ելք սարքելն անհամեմատ փոքր թիվ է, քան մետրոյի կայարան սարքելը։ Նույնիսկ դա չեն արել։ Ի՞նչ են արել մեկուկես տարում, վնասից բացի, ոչինչ։ Զարգացման ծրագրերը, որ ես կարդում եմ, գրված է՝ էլեկտրոտրանսպորտի հետագա զարգացում, բայց ոչ ժամկետներ կան, ոչ ռեսուրսներ։ Մենք տեսնում ենք, որ էլեկտրոտրանսպորտը ֆիզիկապես ոչնչացվում է։ Հիմա մեր տրոլեբույսը հոգեվարքի մեջ է, ամեն ինչ անում են, որ մեռնի»։
Հիշեցնենք, որ 2019 հունվարի 24-ին Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը հայտարարել էր, որ մետրոյի 2 նոր կայարան կկառուցվի: Իսկ մայիսի 15-ին տեղի ունեցած ասուլիսին Արթուր Մեսչյանը հույս էր հայտնել, որ մինչև տարեվերջ ավարտին կհասցվեն Աջափնյակում մետրոյի նոր կայարանի նախագծային աշխատանքները:
Կարծիքներ