«Հրապարակ». Միայն պատերազմական հարցեր

«Հրապարակ». Միայն պատերազմական հարցեր

Հոկտեմբերի 6-ին կմեկնարկի ԱԺ հերթական քառօրյան, բայց քանի որ որեւէ մեկին հայտնի չէ, թե պատերազմը որքան կձգվի, նախօրեին «Իմ քայլը» խմբակցության դռնփակ նիստում որոշել են ԱԺ հանձնաժողովներում տապալել պատերազմին չառնչվող եւ ոչ հրատապ նախագծերի ընդունումը․ դրանք չընդգրկել առաջիկա օրակարգում, ընդգրկել միայն հրատապ հարցերը։ Ուստի ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի հանձնաժողովում երեկ քննարկումը հետաձգվեց՝ հիմնական զեկուցողների չներկայանալու հիմքով, իսկ տնտեսական հարցերի հանձնաժողովում նախագծերի հեղինակներն առաջարկեցին քննարկումը հետաձգել 2 ամսով։ Բայց պաշտպանության հարցերի հանձնաժողովում ընդունել են «Պաշտպանության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է կառավարության լիազորություններն ընդլայնել հանրապետության տնտեսության զորահավաքային պլանը հաստատելու իրավասությամբ։ Սա պայմանավորված է Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողություններով եւ ռազմական դրությամբ: Զորահավաքային պլանը գործողությունների համալիր է, որը թույլ է տալու պատշաճ կերպով զորահավաքային նախապատրաստություն տեսնել, կազմակերպել պետական եւ տարածքային կառավարման, ՏԻՄ-երի, կազմակերպությունների, տնտեսության, բնակչության կենսապահովման, կապի եւ տեղեկատվության համակարգի գործունեության փոխադրումը «պատերազմական ժամանակաշրջանի աշխատանքային ռեժիմի», ինչպես նաեւ «զորքերի ֆինանսավորման, սպառազինման, բնակավորման, էներգետիկ եւ այլ ապահովման ոլորտներում, զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների, զինծառայողներին հավասարեցված անձանց սոցիալական պաշտպանության գործընթացում պետական եւ տարածքային կառավարման մարմինների գործունեությունը»։