Անավարտ զրույցներ-2

Անավարտ զրույցներ-2

Նվիրվում է Վազգեն Սարգսյանի մահվան 20-րդ տարելիցին

Մեկ-մեկ ինձ թվում է, որ մահդ նախապատրաստվում էր տարիների ընթացքում: Հա՛, Վազգեն, մենք՝ ամեն մեկս, մեղավոր ենք քո մահվան հարցում: Ամեն անգամ, երբ ինչ-որ մեկը տեղին-անտեղին վատաբանել է քեզ, ու մենք՝ քո շրջապատի մարդիկս, չենք հակադարձել, աննկատելիորեն նպաստել ենք դրան: Փոխանակ քո մասին անբարենպաստ կարծիքների ձեւավորման պատճառները հասկանալու ու դրանց դեմն առնելու, հաճախ չնկատելու են տրվել դրանք: Էլ չեմ ասում, որ երբեմն էլ հենց դու ես նպաստել դրան, ընդ որում՝ գիտակցաբար: Մի անգամ ասացիր, որ երբեմն քեզ թվում է, թե սրճարանում նստած անհոգ երիտասարդները քեզ կտրորեն, եթե դու թույլ լինես: Ու քեզ համար ինքդ էիր կերտում կոպիտ, բռի, «ուժեղ» մարդու կերպար, որ ուրիշները քեզնից վախենան, քեզ չառարկեն: Ասում էիր, որ դա ոչ թե քեզ էր պետք, այլ այն գործին, որի բեռի տակ էիր մտել ճակատագրի բերումով: Թեեւ սերդ, ջերմությունդ անթաքույց հասնում էին խրամատի զինվորին, ու նրա՛նք է, որ քեզ տեսան ու զգացին այնպիսին, ինչպիսին էությունդ էր: Ասում էիր, որ հիմա պետք է ուժեղ երեւալ, որ քեզ հավատան, ետեւիցդ գան:

Ինչ-որ պահի լուրեր պտտվեցին, թե նահանջող զինվորի ես կրակել: Նույնիսկ բարձրաձայն հաստատեցիր դա: Եղան քեզ պաշտպանողներ ու պախարակողներ: Այդպիսի դեպք, իհարկե, չէր եղել, բայց նման հրապարակավ հայտարարությամբ, չվախենալով դաժանության մեջ մեղադրվելուց, դու փորձում էիր կասեցնել վախկոտների ու նահանջի մասին մտածողների ճանապարհը: Լսել էիր, որ մի անգամ Անդրանիկը շուռ է եկել ու տեսել, որ ետեւից եկող աշխարհազորը չկա: Ո՛չ երանի զորավարին: Ասում էիր՝ ինչ կուզեն, քո մասին թող մտածեն, միայն թե այդ վիճակում չհայտնվես: Թող գան թեկուզ վախենալով, միայն թե հաղթենք, կարեւորը հաղթանակն է: Ասում էիր՝ դեռ կգա ժամանակը, ու մարդկանց կբացատրես, որ դու գազան չես, որ դու սիրտ ունես, այն էլ ինչպիսի՜ զգայուն սիրտ: Եկավ մի պահ, երբ բոլորը մի կողմ քաշվեցին ու տասնամյակի մեղքերը լիմոնի պես մզելով` բաժակը տվեցին քեզ: Չէ, այնպես չէր, որ ամբողջի համար պատրաստվում էիր ինքդ պատասխան տալ:

Օրինակ, որքան էլ հրապարակավ հայտարարում էիր, որ Լեւոնը, Վանոն քո ընկերներն են, նույնիսկ օգնեցիր, որ վերջինս ժամանակավորապես հեռանա Հայաստանից, միեւնույն է, մտադիր չէիր կասեցնել սպանությունների բացահայտման ընթացքը, որը դատարանի առջեւ էր կանգնեցնելու քո նախկին ընկերներին: Արտաքնապես, դրա ջատագովն այն օրերի երկրի նախագահն էր, բայց ո՞վ չգիտեր, որ մեծ ցանկության դեպքում դո՛ւ, միայն դո՛ւ կարող էիր կասեցնել այդ դատավարությունը: Իզուր էր Վանոն նամակով զգուշացնում քեզ սպառնացող վտանգի մասին՝ ցուցադրելով, որ իբր դուք յուրայիններ եք: Իրականում դու հասկացել էիր, որ «նոր գինին հին տիկի մեջ պահելն այլեւս անհնար է», որ պետություն չեն կառուցում այդ գործի շահերը ստորադասելով ընկերների շահերին: Իսկ Վանոն իր հայտնի նամակով գուցե քեզ ոչ թե զգուշացնում, այլ սպառնո՞ւմ էր, որ փակես այդ գործը, այլապես…

Դու կարծում ես, թե իշխանության համն առած՝ «արքայի» կյանքով թեկուզ մի քանի տարի ապրած ու այդ «արքայությունից» զրկված, այժմ խայտառակման վտանգի ներքո հայտնված Լեւոնն ու Վանոն չէի՞ն կարող մտածել ամենադաժանի մասին: Իսկ ի՞նչ էր նշանակում վերջինիս հայտարարությունը, որ քավության նոխազ չի պատրաստվում լինել, եւ ինչի՞ մասին էր նա խոսելու, ո՞ւմ էին ուղղված նրա ակնարկները, եթե ո՛չ Լեւոնին: Եվ ո՜վ գիտե, վախից դրդված, արդյո՞ք հենց նրա՛նք կամ նրանք էլ իրենց հերթին միջնորդավորված ձեւով չեն թեւավորել այդ քստմնելի հերոստրատին: Չեմ թաքցնում, սպանդի մասին լուրը լսելիս առաջին կասկածյալներն իմ աչքին հենց նրանք են թվացել: Վերջին հաշվով, Լեւոնն իշխանությունից չէր հեռացել մեկընդմիշտ: Նա գնացել էր երբեւէ վերադառնալու հույսով: Այդ ճանապարհին կանգնած էիր դո՛ւ, Վազգեն, Դեմիրճյանի հետ միասին:

«Միասնություն» դաշինքը գնալով հզորանալու էր ու, կրկնում եմ, առնվազն տասը-տասնհինգ տարի հնարավորություն էր ունենալու իշխանության ղեկին մնալու: Այսինքն, գործնականում շանս չէր մնում դեպի ծերություն գնացող Լեւոնի վերադարձին: Իսկ առանց ձեզ, քաղաքական ու հասարակական հենարան չունեցող Ռոբերտ Քոչարյանի մնալն իր պաշտոնում սոսկ ժամանակի հարց էր դառնում: Ոմանք 1998 թվի Լեւոնի հրաժարականը համարում են հեղաշրջում: Եթե դա այդպես է, ապա հոկտեմբերի 27-ին տեղի ունեցավ հակահեղաշրջում: Բայց անցնենք առաջ:

1999 թվին դու դարձար հայ իրականության գլխավոր թելադրողը: Նախագահ Քոչարյանին շատերը սկսեցին նմանեցնել անգլիական թագուհուն: Այդպիսի կարգավիճակից կարող էին վիրավորվել նույնիսկ շրջապատողները, ու բոլորովին բացառելի չէ, որ նրանք փորձեին լուծումներ գտնել ի շահ իրենց սյուզերենի: Եվ իսկապես էլ․ փաստերը վկայում են, որ նրա շրջապատի շատ մարդիկ ճանաչում էին հերոստրատին եւ կարող էին նրան ոգեւորողների թվում լինել:

Հոկտեմբերի 27-ը հիշեցնում է մեր պատմության չորրորդ դարում տեղի ունեցած մի այլ դավադիր սպանություն: Տիզբոնի աջակցությամբ գահընկեց արված հոր փոխարեն գահ բարձրացած Արշակ 2-րդ արքան, առաջնորդվելով շրջապատի կարծիքներով, հատկապես իր եղբորորդի Տիրիթի դրդմամբ, գահին սպառնացող վտանգը չեզոքացնելու նպատակով, հանձնարարում է սպանել իր մյուս եղբորորդուն՝ Գնելին, ով Սյունյաց ազդեցիկ Անդոկ իշխանի փեսան էր՝ Փառանձեմի ամուսինը: Նա վայելում էր նախարարական տների երիտասարդ սեպուհների ու Հռոմի համակրանքը: Պատմագիր Փավստոսը նկարագրում է, թե ինչպես է արքան Գնելի սպանությունից հետո նախարարների հետ միասին լալահառաչ կեցվածք ընդունում եւ նպաստում այն վարկածի շրջանառմանը, ըստ որի՝ Գնելին սպանել են նախանձից, եւ որ դրա թիկունքում կանգնած է Տիրիթը, ով Փառանձեմի նկատմամբ տածած սիրուց բանսարկել է Գնելին: Հետագայում Արշակն այնպես հմտորեն է օգտագործում իրավիճակն իր օգտին, որ անհնարին է չկասկածել, որ Գնելի սպանությունը եղել է նախապես ծրագրված ու բազմակողմանի հաշվարկված, եւ գաղափարն էլ ծագել է ոչ թե որեւէ մեկի, այլ հենց արքայի ուղեղում: Նա ցուցադրաբար Տիրիթին ասպարեզից հեռացնելով՝ ամուսնության առաջարկ է անում Փառանձեմին, ով որոշ ժամանակ «չեմուչում» անելուց հետո համաձայնում է. վերջիվերջո, որքան էլ նա ֆիզիկապես տանել չէր կարողանում Արշակին, բայց թագուհի դառնալու ցանկությունը հաղթում է ֆիզիկական զզվանքին:

Ահա այսպես․ քաղաքական խախուտ հենարան ունեցող, աշխարհաքաղաքական երկու կենտրոնների միջեւ տարուբերվող արքան միանգամից դառնում է դրության տերը՝ կաշառելով ու իր կողմը գրավելով ժամանակի երեւելի նախարարներին ու իշխաններին, այդ թվում եւ՝ Անդոկին: Հուսով եմ՝ կռահեցիր. Արշակը՝ շատ ու շատ բացառություններով, Քոչարյանն է, Տիրիթը՝ բանսարկուների եւ իշխանության վրա աչք ունեցողների հավաքականությունը, դու՝ Գնելը, իսկ Փառանձեմը Հանրապետական կուսակցությունն է, որը քո մահից հետո փորձեց պահպանել «թագուհու» կարգավիճակը:

Սակայն, եթե պատմագիրը հստակ ներկայացնում է Գնելի սպանության կազմակերպչին՝ արքային, մերօրյա սպանդի կազմակերպչի առումով հստակություն չկա: Հնարավոր է, որ այդ «կազմակերպիչը» հավաքականություն է եւ «սնվել» է մի քանի աղբյուրներից: Եթե մեղավորներ փնտրենք ներքին շրջանակում եւ առաջնորդվենք զուտ կասկածներով, կարող ենք հասնել «իշխանության» գծով քո թե՛ հին եւ թե՛ նոր ընկերների դռները` առանձին-առանձին: Թեեւ անհասկանալի է մնում՝ ինչո՞ւ Քոչարյանը քո մահից հետո հրաժարվեց նախկինների նկատմամբ սկզբունքային քաղաքական ու իրավական գնահատական տալու գործընթացից, մազութի ու սպանությունների գործը մինչեւ վերջ բացահայտելուց, իսկ նախկիններն էլ առժամանակ հրաժարվեցին նրա նկատմամբ հնչեցրած մեղադրանքներից: Փոխզիջո՞ւմ...

 Շարունակելի

Ֆիրդուս ԶԱՔԱՐՅԱՆ