«Հրապարակի» զրուցակիցը քաղաքագետ Արմեն Բաղդասարյանն է:
- «Բրեվիս» ընկերությունն Ամերիկյան հանրապետական ինստիտուտի պատվերով հարցումներ է արել, որոնց համաձայն՝ Հայաստանում բնակվող մարդկանց 64 տոկոսը վատ է գնահատում հայ-ռուսական հարաբերությունները, 35 տոկոսը` լավ: Մյուս հարցման համաձայն` Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ հարաբերությունները հարցվողների 80 տոկոսն է լավ գնահատել, 15 տոկոսը՝ վատ, 5 տոկոսը հրաժարվել է հարցին պատասխանելուց: Ինչո՞ւ է մեր հանրությունն այդքան վստահում ԵՄ-ին: Անգամ ամենապրոեվրոպական կողմնորոշում ունեցող փորձագետներն այսօր պնդում են, որ Արեւմուտքն անվտանգության մասով Հայաստանին ոչինչ չունի առաջարկելու:
- Ես չգիտեմ, թե այս հարցումներն ինչ մեթոդներով են իրականացվել, ուստի չեմ կարող պնդել, թե դրանք որքանով են վստահելի: Ընդհանրապես, Հայաստանի նման երկրներում նման հարցումների սխալանքը մեծ է լինում, որովհետեւ միշտ չէ, որ մարդիկ անկեղծ են լինում, ու նման բազմաթիվ հանգամանքներ: Ինչ վերաբերում է հանրային ընկալումներին, ապա ասեմ, որ թե՛ հայ-ռուսական հարաբերությունների, թե՛ հայ-արեւմտյան եւ թե՛ անգամ հայ-թուրքական հարաբերությունների դեպքում մեր հանրությունը, ցավոք, առաջնորդվում է ավելի շատ էմոցիաներով` զգացական ապրումներով, եւ հաշվի չի առնում կոնկրետ փաստերը: Ավելի շատ մարդիկ տրվում են քարացած առասպելներին, կարծրատիպերին, հեշտությամբ տրվում են քարոզչությանը եւ այլն: Տեւական ժամանակ է՝ մենք տեսնում ենք, որ թե՛ ռուսական եւ թե՛ արեւմտյան քարոզչամիջոցները մեր հասարակության հետ ակտիվ աշխատանքներ են տանում, եւ այն տալիս է իր պտուղները:
- Ռուսական քարոզչամիջոցները համեմատության մեջ թո՞ւյլ են:
- Ոչ թե թույլ են, այլ` փնթի: Թիրախային չեն աշխատում, աշխատում են ավելի հին մեթոդներով ու տեխնոլոգիաներով: Արեւմուտքն ավելի ակտիվ է, ավելի թիրախային է աշխատում, դրա համար էլ արդյունքներն ավելի տեսանելի են:
- Երեկ Մոլդովայում ԵՄ-ին անդամակցելու հարցով հանրաքվե էր կազմակերպվել: Մոլդովայի բնակչության 50 տոկոսից ավելին դեմ է քվեարկել ԵՄ-ին միանալու գաղափարին: Ինչո՞ւ է Եվրոպային այդքան մոտ կանգնած Մոլդովան, որ ոչ միայն սահմանակից է ԵՄ-ին, այլեւ ավելի շատ է Եվրոպա, քան Հայաստանը, մերժել ԵՄ-ին անդամակցումը, իսկ «Եվրաքվեն» մեզանում հավաքել է 50 հազար ստորագրություն….
- Աշխարհագրորեն Մոլդովան Եվրոպա է, իսկ Հայաստանը, ցավոք սրտի, Եվրոպա չէ: Նույնիսկ աշխարհագրորեն Եվրոպայի մաս կազմող Մոլդովան դեմ է ԵՄ-ին: Պատճառն այն է, որ նրանք, ի տարբերություն մեզ, առաջին պլան են բերում անվտանգային խնդիրները, նրանք Ռուսաստանի պատժիչ ուժը` մամլիչը տեսել են շատ մոտիկից: Տեսնելով, թե ինչ է կատարվում Ուկրաինայում, մոլդովացի ժողովուրդը չի ցանկանում նույնը տեսնել Մոլդովայում: Համենայնդեպս, այս փուլում Մոլդովան կարեւորում է իր երկրի անվտանգությունը: Հայաստանը, ցավոք, առաջնորդվում է ոչ թե կոնկրետ իրողություններով, այլ՝ իղձերով, երազանքներով, դրա համար էլ դեպի Եվրոպա ձգտողների տեսակարար կշիռը բավականին մեծ է: Եթե դրա գինը հստակ լիներ եւ անվտանգային ռիսկեր չպարունակեր, ապա վստահ եմ, որ Հայաստանի բնակչության 90 տոկոսից ավելին կողմ կլիներ դեպի Արեւմուտք գնալուն: Եվրոպական Միությանն անդամակցելու հարցն ունի շատ մշուշոտ հեռանկար, գործնականում դրա հավանականությունը մոտ է զրոյին:
- Ամեն դեպքում, կան տեսակետներ, որ ՀՀ իշխանությունները հիմա էլ Ռուսաստանի կողմն են շրջվում: Ի՞նչ եք կարծում` ընթացք կտա՞ն «Եվրաքվե»-ին:
- Հայաստանի իշխանությունների վեց տարվա քաղաքական փորձը ցույց է տալիս, որ բավականին համառ են իրենց անիրատեսական ձգտումներում, եւ անգամ մի քանի անգամ մեր գլխին իջած մահակի հարվածներն իրենց համար ոչինչ են: Ես կարծում եմ, որ իշխանությունները համառորեն կշարունակեն գնալ Արեւմուտքի ճանապարհով: Այլ բան է, որ, իրավիճակից կախված, երբեմն արգելակում են ընթացքը: Ամեն դեպքում, Փաշինյանի իշխանությունը չի հրաժարվի իր մոտեցումներից: