Դատախազության դարդնուցավը միայն կալանքն էր

Դատախազության դարդնուցավը միայն կալանքն էր

Անցած տարվա նոյեմբերի 12-ին հանրահավաքի անցկացման վայրից բերման ենթարկվեցին ընդդիմադիր մի շարք քաղաքական գործիչներ։ Իրավապահ մարմիններն իրենց քայլերն արդարացնելու համար նշեցին, որ ռազմական դրության ժամանակ արգելված է նման միջոցառումների անցկացումը։ Բերման ենթարկելուց հետո էլ այդ գործիչներին ձերբակալեցին, մեղադրանք առաջադրեցին ՀՀ քրեական օրենսգրքի 225.1-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքի՝ օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելու եւ անցկացնելու համար։ 

Սակայն դատարանները ձերբակալության որոշումները ճանաչեցին ոչ իրավաչափ, իսկ կալանքի սանկցիաները մերժեցին, եւ այդ գործերը մնացին օդից կախված՝ որպես իշխանության անզորության եւ քաղաքական հետապնդումների սիմվոլներ։ 

Շուրջ 6 ամիս է անցել այս քրեական գործի հարուցումից, սակայն քննչական գործողություններ չեն կատարվում, յուրաքանչյուր մեղադրյալի մեկական անգամ կանչել են հարցաքննության եւ վերջ։ Այս գործով մեղադրյալի կարգավիճակ ունի 11 անձ՝ Գառնիկ Իսագուլյանը, Գեղամ Մանուկյանը, Դավիթ Համբարձումյանը, Արա Սահակյանը, Արթուր Վանեցյանը, Էդուարդ Շարմազանովը, Արթուր Ղազինյանը, Իշխան Սաղաթելյանը, Արծվիկ Մինասյանը, Արսեն Բաբայանը եւ Արա Հակոբյանը։․
ՀՔԾ-ից այս գործի վերաբերյալ միայն փոխանցեցին՝ քրեական գործով նախաքննությունը շարունակվում է, այլ տեղեկատվություն այս պահին չենք կարող հայտնել։ Մեղադրյալներից՝ Գառնիկ Իսագուլյանը մեզ հետ զրույցում ասաց, որ իրեն մեկ անգամ կանչել են հարցաքննության, գործի ընթացքից տեղեկություն չունի։ Արսեն Բաբայանը եւս նույնը նշեց, որ մեկ անգամ է հարցաքննվել, այն էլ՝ նոյեմբերին․ «Վերջին գործողությունն ինձ հետ տեղի է ունեցել նոյեմբերի 12-ին, երբ դատարանն ապօրինի ճանաչեց ինձ ձերբակալելը։ Կարծում եմ՝ որեւէ կերպ հնարավոր չէ հասկանալ այս ապիկար քննչականին»։

ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը «Հրապարակ»-ին փոխանցեց՝ իրեն էլ ընդամենը մեկ անգամ են կանչել․ «Նախաքննությունը շարունակվում է։ Մեկ անգամ էլ մեղադրանք առաջադրելուց երկու օր հետո են կանչել ու վերջ։ Այս մի քանի ամիսը չեն կանչել։ Այդ ընթացքում դատախազությունը վերաքննիչ եւ վճռաբեկ դատարան է բողոքարկել կալանք չկիրառելու առաջին ատյանի դատարանի որոշումը։ Երկու ատյաններում էլ դատախազությանը մերժել են։ Այսինքն՝ դատախազության դարդնուցավը միայն կալանքի հարցն էր։ Նախաքննություն, որպես այդպիսին, չկա։ Անիմաստ բան էր։ Իմ մասով քննիչին էլ առաջին իսկ հարցաքննությունից հետո փոխեցին։ Նոր քննիչին մեկ անգամ 10 րոպեով տեսա ու վերջ։ Դա վերջին հարցաքննությունն էր»։

Նրա խոսքով՝ պարզապես առաջին ցույցից հետո մեղադրանքներ են առաջադրել՝ հույս ունենալով, որ ընդդիմությունը վախենալով՝ պայքարը կդադարեցնի, բայց տեսան, որ հակառակն է, հանդարտվեցին ու գործը մոռացան։ Ենթադրում ենք, որ քննիչներն էլ չգիտեն ինչ անել այս գործի հետ՝ կարճել վախենում են, իսկ հեռանկար այն բացարձակապես չունի։ Բայց հրահանգը վերեւից է իջեցվել՝ չեն համարձակվում որեւէ քայլ անել այս կամ այն ուղղությամբ։