Լրտեսում են «դուրս գրված» սարքերի միջոցով
Չինաստանի իշխանությունները հայտարարել են, որ վերջին շրջանում հաճախացել են այն դեպքերը, երբ փորձ են անում լրտեսել եւ գաղտնի կամ հրապարակման ոչ ենթակա տվյալներ ու տեղեկություններ հափշտակել բարձր տեխնոլոգիական այն սարքերի միջոցով, որոնք «դուրս գրված» են արդեն, այսինքն՝ չեն օգտագործվում կամ դեն են նետված, որպես հնացած սարքավորումներ։ Չինական հատուկ ծառայությունները նշում են, որ օտարերկրյա հատուկ ծառայությունները նման հնացած սարքավորումները օգտագործում են որպես թիրախ՝ կիբերհարձակումներ իրականացնելու համար։ Պեկինում սա համարում են մտահոգիչ սպառնալիք Չինաստանի կիբերտարածության անվտանգության համար։
Սովորաբար լրտեսման համար թիրախ են դառնում չգործող տեսախցիկներն ու հնացած ու չգործող սերվերները։ Օգտագործելով դրանց ցանցային պորտերն ու հեռավար աշխատասեղանի տեխնոլոգիան, ցանցահենները իրականացնում են հարձակումներ՝ չթույլատրված հասանելիություն ձեռք բերելու համար կարեւոր տեղեկությունների։ Պեկինում նկատում են, որ ներկայումս ողջ երկրում բարձր տեխնոլոգիական պրոդուկցիայի արդիականացումը այնպիսի տեմպերով է առաջ ընթանում, որ կուտակվել են մեծ քանակությամբ հնացած ու «դուրս գրված» սարքեր, որոնք էլ հայտնվում են կիբերհանցագործների ուշադրության կենտրոնում։ Դրա համար, ըստ չինական պատկան մարմինների, անհրաժեշտ է խստացնել վերահսկողությունը, նման հարձակումները կանխելու համար։
Կարծիքներ