Սևանա լճում բնապահպանական աղետ է

Սևանա լճում բնապահպանական աղետ է

«Կանաչ ապագա» բնապահպանական շարժումը հանրային էքսպեդիցիա է կատարել դեպի Սևանա Լիճ։ Երեկ շարժման ֆեյսբուքյան էջը  հայտարարելով, որ Սևանա լճում բնապահպանական աղետ է, շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանին, Սևանա լճի վիճակով անհանգստացած քաղաքացիներին և լրագրողներին հրավիրում էր Սևանա լճի ափամերձ հատված՝ մասնակցելու հանրային էքսպեդիցիային, ինչպես նաև տեղում ծանոթանալու խնդրի և փորձագիտական կարծիքների հետ։

Շարժման ղեկավար Վահագն Վարագյանը հայտարարեց, որ Սևանա լճի խնդիրները հրատապ լուծում են պահանջում, ու թեև Սևանի ճահճացման խնդիրը տեսանելի է լինում տարին մի քանի շաբաթ, սակայն խնդիրը առկա է ամբողջ տարվա ընթացքում։

Նախաձեռնության նախագահ Վահագն Վարագյանը այսօր Սևանից ասուլիսում հայտարարեց, որ ջրիմուռների ծաղկման ակտիվ փուլում մարդու առողջության համար լուրջ խնդիրներ կարող են ի հայտ գալ։ «Մենք բարձրաձայնել ենք դեռևս 10-15 օր առաջ, որ այս ժամանակահատվածում կարող են (ջրմիուռները) կարող են անդառնալի հետևանքներ ունենալ, կարող են խրոնիկ, մաշկային հիվանդությունների պատճառ դառնալ, նյարդային համակարգի վրա, բայց դա այն փուլում է, երբ ակնհայտ երևում է, այնուհետև և՛ ազդեցություններն են քիչ, և՛ հավանականությունները, բայց մենք մյուս տարի կարող է արդեն ունենանք ոչ թե երկու շաբաթ, այլև ավելի երկարաժամկետ»,-ասաց բնապահանական ակտիվիստը։

Նրա խոսքով՝ լճում խեցգետնի պաշար գրեթե չկա,  իսկ ձկայինը, տարբեր փորձագետների հաշվարկներով, մոտ 600 տոննա է։

Նշենք, որ «Կանաչ ապագա» բնապահպանական շարժումը իրականացնելու է էքսպեդիցիան Սևանա լճի ափամերձ հատվածներում։

Սևանա լճի էվտրոֆացման մասին վերջին շրջանում բնապահպանական շարժումը ամենօրյա ռեժիմով իրականացրել է բազմաթիվ միջոցառումներ։ Օրեր առաջ բնապահպանական շարժման ակտիվիստները բողոքի ակցիա իրականացրեցին Սևանի կառավարական ամառանոցի դիմաց՝ Սևանի բնապահպանական աղետի վերաբերյալ իրենց մտահոգությունները փոխանցելով Նիկոլ Փաշինյանին: