Ձեր վարկածը մտցրեք ձեր մի տեղը

Ձեր վարկածը մտցրեք ձեր մի տեղը

Նախաամանորին թերթերը, կայքերն ու սոցիալական կայքերը հեղեղված էին Փաշինյանի, Սուրեն Պապիկյանի ու Ալեն Սիմոնյանի՝ դիրքեր ու զորամասեր կատարած այցելությունների լուսանկարներով: Պարբերաբար զորամասեր է այցելում եւ հաղորդագրություններ տարածում նաեւ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը: Նրանք կո՞ւյր են, ինչ է, չե՞ն տեսնում, թե ինչ պայմաններում են ապրում մեր զինվորները, իրենց նուրբ հոտոտելիքները չե՞ն մտցնում զինվորական կացարաններ, չե՞ն տեսնում, թե ձմռանն ինչով ու ինչպես են դրանք տաքացվում, թե ինչ սանիտարական վիճակ է տիրում դրանցում, ինչ են անում զորամասերի ու համապատասխան կորպուսների հրամանատարներն ու սպաները: Որեւէ հրամանատար քնո՞ւմ էր, արդյոք, երեկ կրակի ճարակ դարձած զորանոցում, որտեղ 15 քնած տղա զոհվեց: Ասացեք ինձ, խնդրեմ, ո՞վ է ավելի արժանի մահապատժի՝ քնած հայ սպային կացնահարած Ռամիլ Սաֆարո՞վը, թե՞ քնած 15 զինվորի ողջակիզած իշխանությունը (վերից վար), որ բանակը հասցրել է այս օրվան: 

Ասում եք՝ կարգապահությո՞ւն: Կարգապահությունը սկսվում եւ ավարտվում է երկրի ղեկավարությամբ: Չի կարող կարգապահություն լինել այն երկրի բանակում, որի վարչապետն արդեն 4.5 տարի չի հասկանում, որ երկիր ղեկավարելն իր գործը չէ, որի պաշտպանության նախարարը չի հասկանում, որ իր առավելագույն սահմանը դպրոցում պատմություն դասավանդելն է, որի ԱԺ նախագահն ու փոխնախագահը ոչ մի կերպ չեն հասկանում, թե ինչու է ընդդիմությունը ձեռնպահ քվեարկում կառավարությունից ու ԱԺ մեծամասնությունից եկած օրենսդրական ապաբարեփոխումներին, եւ իրենց գլխավոր գործն ընդդիմությանը «քլնգելը» չէ, այլ քաղաքական թիվ մեկ մարմինը երկրի շահերին ծառայեցնելը:

Նշեք մի ոլորտ, որը փայլում է կարգապահությունից՝ առողջապահություն, գիտություն, կրթություն, էկոնոմիկա, գյուղատնտեսություն, իրավական համակարգ, անվտանգություն, արդարադատություն, ՊԵԿ… Չկա այդպիսի ոլորտ: Թերեւս մի մոնոլիտ կառույց է մնացել Հայաստանում՝ Քաղաքացիական պոռնոգրաֆիա կուսակցությունը՝ իր խորհրդարանական ֆրակցիայով, որտեղ բոլորը Նիկոլ են ու մի բան էլ ավելի:

Վարկածը, թե զորանոցում (իրականում՝ գոմ հիշեցնող շինությունում) հրդեհից 15 զինծառայող է մահացել, մտցրեք ձեր համապատասխան տեղը: Նման բան ուղղակի չէր կարող լինել, եթե ելք ու մուտքերը, դուռ-լուսամուտները փակված չլինեին, եթե զինվորները կապված չլինեին մահճակալներին, եթե նրանք մեռած չլինեին մինչեւ հրդեհը: 18-20 տարեկան տղերք՝ ու ողջ-ողջ այրվեն ինչպես ծերանոցի հիվանդնե՞ր: Ո՞ւմ եք պատմում այս հեքիաթը, ի՞նձ, որ հարյուրավոր անգամներ տագնապով արթնացել եմ զորանոցում ու րոպեներ անց՝ զենքս վերցնելով, շարք կանգնել, ի՞նձ, որ արցախյան առաջին պատերազմի ժամանակ շատ անգամներ տագնապով մի ամբողջ վաշտ եմ ոտքի հանել եւ ուղարկել մարտական առաջադրանքի: Լավ, օրապա՞հ էլ չի եղել զորանոցում, որ Նիկոլի կամ Սուրեն Պապիկյանի անակնկալ այցի ժամանակ հրահանգեր՝ ոտքի, զգաստ…

Հուսամ, որ քննությունը կպարզի ամեն ինչ: Անաչառ քննության մասին է խոսքը, ոչ թե Փաշինյանի լաչառ որոշումների: Սրան հանեք, նրան հանեք, այսպես պատժեք ու այնպես: Ոչ: Սա այդ դեպքը չէ: Այս հրդեհի հետեւում մեծ, շատ մեծ հանցագործություն է թաքնված, որ պետք է բացահայտվի: Վերից վար պատասխան են տալու բոլորը՝ սկսած գերագույն գլխավոր հրամանատարից, վերջացրած պաշտպանության նախարարով ու Գլխավոր շտաբի պետով: Բոլորը պետք է հասկանան, որ եթե այնքան իշխանություն ունեն, որ կարողանում են օրենքի ուժով մարդու երեխուն տանել հայրենիքի ծառայության, նույն օրենքի ուժով գլխով են պատասխանատու այդ երեխայի կյանքի ու առողջության համար: Պատասխան տալ 15 զինվոր կորցնելու համար՝ սա է ձեր խնդիրը եւ ոչ թե ձեր մեղքով տեղի ունեցածի մեջ մեղավորներ փնտրելը:
Հրաժարական տվեք, ժողովրդին ազատեք ձեր անիմաստ ու վտանգավոր ներկայությունից: Համբերության վերջին կաթիլին սպասելը խելացի որոշում չէ: