Գերին հերոս չէ

Գերին հերոս չէ

Հիշում եք՝ Նոր Կտակարանի «Անառակ որդու վերադարձը» առակը: Այն քրիստոնեության հումանիստական (մարդասիրական) գաղափարախոսության դրսեւորումներից է: Հայրական տնից հեռացած որդու վերադարձն առակում ներկայացվում է ծնողի տեսանկյունից եւ, բնականաբար, դրական լույսի ներքո: Իսկ այժմ պատկերացրեք, թե ինչպիսի հումանիստական տեսակետից կարող էր ներկայացվել թշնամու կողմից գերի տարվածի վերադարձը հայրական օջախ:

Եթե պատկերացրիք՝ ուրեմն ձեզ համար հեշտ է ընկալելը, որ հայաստանյան գերիների խնդիրը զուտ մարդասիրական տիրույթում է: Եվ դժվար չէ պատկերացնելը, որ ծնողը կես մարդ է դառնում, երբեմն նրա սիրտը չի դիմանում, երբ իմանում է, որ որդին գերի է ընկել թուրքի ձեռքը: Եվ նույն այդ ծնողն աշխարհի չափ ուրախանում է գերի ընկած որդու վերադարձի լուրն առնելով: Դա է բնականը: Մնացածն անբնական է, ես կասեի՝ նույնիսկ քաղաքական շահարկում պոպուլիզմի ախտով վարակված մեր հասարակությունում: Այն, ինչ կատարվում է մեզանում, պարտությամբ հպարտացող Նիկոլի ձեւախեղված հոգեբանական բարդույթի դրսեւորում է, ինչի հիմքը վերջինիս «սխալվելու վճռականությունը՝ ճշմարիտ ճանապարհ» անհեթեթ դատողությունն է:

Գերին չի կարող լինել հերոս զուտ գերության փաստով՝ մարդկությունը պատերազմական բազմաթիվ շքանշաններ է հորինել, եւ դրանց թվում չկա «Հանուն գերության» մեդալ: Ոչ մի երկրում ոչ մի գերի հերոսի կոչում չի ստացել, եթե այնպիսի բան չի արել, որ ստվերեր գերությունը: Համենայնդեպս, ես նման երկիր չգիտեմ՝ բացառությամբ իմ սեփական երկրի: Ես բազմաթիվ ժողովուրդների պատմություն եմ ուսումնասիրել, սակայն չգիտեմ որեւէ այլ երկիր, որի ղեկավարը հպարտանար պարտությամբ: Ես չգիտեմ որեւէ նորմալ երկիր, որտեղ ժողովուրդը վերընտրեր պարտված ղեկավարին: Այդ ամենը մտածողության խեղվածության հետեւանք է, հայրենիքը զինվորին «կլուբնիկով» կերակրելուց ստորադասելու հետեւանք: Արցախյան հաղթական պատերազմը նիկոլական կեղծ ժողովրդավարությանը ստորադասելու հետեւանք: 

Ես ծնվել ու մեծացել եմ խորհրդային երկրում, ստացել խորհրդային կրթություն ու դաստիարակություն եւ այդ թվում՝ հայրենասիրության առումով: Դպրոցում, բուհում եւ թե դրանից դուրս ուսումնասիրել եմ 1941-45 թվականների Հայրենական մեծ պատերազմը: Կարդացել գրքեր ու դիտել կինոնկարներ այդ թեմայով:

Սակայն չեմ տեսել պարտությամբ հպարտացող որեւէ հրամանատարի կամ թեկուզ շարքային զինվորի կերպար: Նման կերպար ուղղակի չէր կարող լինել, քանի որ պատերազմի ժամանակ (եւ դրա հաղթական ավարտից հետո էլ) վերադարձած գերիներին ոչ թե հերոսի կոչում էին տալիս, այլ գնդակահարում էին, իսկ լավագույն դեպքում աքսորում էին եւ կամ պատժիչ գումարտակներ ձեւավորելով՝ կրկին ուղարկում ռազմաճակատ՝ մահանալու կամ սեփական արյունով մեղքը քավելու:

Որքանով էլ դա լիներ հակահումանիստական՝ այդպիսին էր երկիրը պաշտպանելու անհրաժեշտության հրամայականը: Իսկ հանրային վերաբերմունքն էլ գերությունը ոչ թե հերոսություն էր դիտարկում, այլ պարսավանքի արժանացնում: Այսօր մենք այն վիճակում չենք, որպեսզի հետեւենք խորհրդային երկրի ստալինյան ժամանակաշրջանի մեթոդներին: Սակայն հենց այնպիսի վիճակում ենք, որի դեպքում գերի հերոսացնելը կարող է վտանգավոր լինել խաթարված մտածողությամբ եւ հոգեբանորեն ջարդված բանակ ունեցող եւ, ըստ այդմ՝ համարյա թե անպաշտպան երկրի համար:

Ի դեպ, գերիների անհատական տվյալների հրապարակման անթույլատրելիության մասին: Խեղված մտածողության դրսեւորումներից է, երբ իշխանությունը գաղտնի է պահում գերիների թիվը, սակայն նրանց վերադարձի դեպքում հրապարակայնացնում է թե՛ նրանց լուսանկարը եւ թե՛ անհատական տվյալները: Բնականաբար, կրկին քաղաքական շահարկման նպատակով: Մեր հասարակությունն էլ, մեծ հաշվով, ընդունում է այդ թմրամիջոցը: Վերջինս երեք տարի առաջ ընկել է թմրամոլության ինչ-որ աննորմալ հորձանուտ եւ չի կարողանում դուրս գալ դրանից: Եվ մենք ոչինչ անել չենք կարողանում: 

ՀԳ. Ինձ կարող են մեղադրել, որ իմ հոդվածներում անընդհատ հղում եմ անում «սխալվելու վճռականությունը՝ ճշմարիտ ճանապարհ» նիկոլական վտանգավոր եւ անհեթեթ դատողությանը: Համաձայն եմ, կարող է լինել նման բան: Սակայն Փաշինյան Նիկոլը շարունակում է ղեկավարել երկիրը հենց այդ մտածողությամբ: Ու շարունակում է նորանոր մարտահրավերներ առաջացնել: Եվ որպեսզի ազատվենք այդ դատողությունից, պետք է ազատվենք դրա կրողի իշխանությունից. այլ տարբերակ գոյություն չունի: