Ասում ա՝ մենք քյասիբ ենք, Հրապարակում կանգնածները մեծահարուստ․․․

Ասում ա՝ մենք քյասիբ ենք, Հրապարակում կանգնածները մեծահարուստ․․․

Նիկոլ Փաշինյանին իշխանափոխության  հարցում մեծապես  օգնեց նախկինների թալանածը կոպեկ առ կոպեկ հետ բերելու խոստումը։ Խոստման հետ մեկտեղվեց ատելության և պայքարի կրակը՝ նախկինների թալանածը ժողովրդրին վերադարձնելու ակնկալիքով։ Անցավ 4 տարի, մարդիկ  տեսան, որ «թալանվողներ կան» , բայց պետական բյուջե մուտք չկա։ Իրենք ոնց աղքատ եղել են, այդպես էլ, մի բան ավելի, աղքատ մնացին։ Փոխարենը նախկիններից մի բան էլ ավելի հարստացավ հեղափոխական իշխանությունը։ 

Ես, իհարկե, այնքան նայիվ չեմ, որ մտածեմ, թե նա միայն այդ խոստումով եկավ իշխանության։ Աշխարհաքաղաքական մեծ ուժերը, որոնց համար Հայաստանը հետաքրքրություն էր ներկայացնում,   թելադրում ու մինչ այսօր թելադրում են , թե ժողովրդի հուզական ինչ ոլորտի վրա խաղա Նիկոլը, ինչ խոստում տա կամ ոնց ավելի ճարպկորեն  խաբի, որ մարդիկ պատրաստ լինեն դագաղներ վերցնեն ու գնան, որ օր առաջ «նախկին իշխանությանը թաղեն»։ Նախկինների թեզն այնքան լավ աշխատեց, որ Փաշինյանն ինքնամոռացության մեջ ընկավ։ Նախկիններին քրեական հետապնդումների էր ենթարկում, ձերբակալում, նվաստացնում ու որոշ ժամանակ անց, հանգիստ թողնում նրանց։ Ես դա չպիտի բացատրեմ, թե ինչ ճանապարհներով էր անում ու ինչու էր հանգիստ թողնում։ Բոլորդ ինձանից լավ գիտեք։ Ողջ մամուլը հեղեղված է նման նյութերով։ 

4 տարի անցավ՝ ոչ մի թալանչի, կոռուպցիոներ չձերբակալվեց, ժողովրդի գրպանը մի դրամ չմտավ։ Ամեն ինչ ավելի վատթարացավ, մարդիկ աղքատության կարմիր գիծը հատեցին։ 

4 տարի հետո մարդիկ սկսեցին Նիկոլի  խոսքերին չհավատալ, նախկիններ բառից արդեն ընկնում էին շոկի, սրտխառնուքի մեջ։ Արդեն հասկանում էին, որ իշխանության է եկել մեկը, ով նախկիններին արատավորելու, նախկինների հանդեպ ատելություն սերմանելու միջոցով է իր քայլերն առաջ տանում, իրեն արդարացնում։ Ամեն ինչ նախկիններին  վերագրելու մոլուցքը նոր իշխանությանը դարձրեց  ծիծաղի առարկա։ 

Կապիտուլյացիայից հետո, երբ ժողովուրդը ոտքի կանգնեց, երևի էլի  տերերի թելադրանքով՝ սկսեցին աշխատեցնել թալանչի  նախկինների թեզը ։ Տեսան, որ այն արդյունք քիչ է տալիս, նոր գունավորում մտցրին։  Հովիկ Աղազարյանի բերանով շրջանառության մեջ է դրվել՝ մեծահարուստները պայքարում են շարքային քաղաքացիների դեմ։ Մեծահարուստները Հրապարակում գտնվողներն են, շարքային քաղաքացիները կամ աղքատները իրենք։ Այսինքն Հրապարակում մեծահարուստներն են, իրենք էլ՝ հանձինս Նիկոլի, Աննայի, Թորոսյանի, Աղազարյանի, Բադասյանի, Աներձագի և այլ Ձագերի աղքատներն են կամ շարքային քաղաքացիները։ Լավ, ինչքա՞ն կարելի խաղալ նույն խաղը։ Այսօր ձեր իշխանությունն է Հայաստանի մեծահարուստների բանակը կազմում։ Այսօր քաղաքացին ձեզ է համարում մեծահարուստ։ Երբ իշխանության չեք լինի, այնժամ համապատասխան մարմինների կողմից  կհրապարակվեն ձեր հարստության չափը։ Ինչից ինչ դառաք՝ ոչ թե 30, այլ 4 տարվա ընթացքում։  

Ասում ա՝ մենք քյասիբ ենք, Հրապարակում կանգնածները մեծահարուստ․․․Ո՞վ ա քյասիբ՝ Նիկո՞լը, աներձա՞գը, հազարավոր Ձագերը, Աննա՞ն, Թորոսյա՞նը, թե՞ դու․․․ Ամբողջ նոր իշխանության մեջ կա՞ մեկը, որ, ինչպես դուք եք ասում, շարքային քաղաքացի է։ Որ ոնց եղել, այնպես էլ երեսի ջրով մնացել է։  Իշխանության ռելսերի վրա եք, չեք իմանում, որ ժողովուրդը ոչ միայն նախկիններին է չափել ու չափում, այլ նաև ձեզ․․․ 

Չեք իմանում, որ մեզնից ապօրինի  տարած մեր հայրենիքը ոչ մի գույքի հետ հնարավոր չէ չափել․․․ Արցախից սկսած հաշվեք ձեր տարածը․․․ Որ կարողանաք հաշվել, սուս ու փուս տեղներդ կնստեք ու կտեսնեք, թե ոնց են Արցախի ու Հայաստանի քարերն անգամ ձեր արածից մարդու պես լացում։